Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գրեյֆսվալդի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Գյունտերը հանդես եկավ «Շրջակա միջավայրի աղտոտումը հակամանրէային պրեպարատների մնացորդներով և կայուն բակտերիաներով» («Environmental pollution by antimicrobial residues and multiresistant bacteria») գիտական զեկուցմամբ։
Հանդիպմանը մասնակցեցին երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ ՀՀ գիտական ինստիտուտներից և կենտրոններից։ Մասնակիցները քննարկեցին ոլորտային արդի մարտահրավերները և հետազոտությունները։ Նաև քննարկվեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Գերմանիայի Գրայսֆալդի համալսարանի համագործակցության հեռանկարները։
Պրոֆեսոր Սեբաստիան Գյունտերը (H-index: 43, Scopus) 100-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է: Նրա հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հակամանրէային դիմակայունության դեմ պայքարում նոր դեղամիջոցների մշակումը, ինչպես նաև ցամաքային և ծովային աղբյուրներից, ինչպիսիք են սնկերը, ցիանոբակտերիաները, միկրոջրիմուռները և բույսերը, կենսաակտիվ բնական միացությունների անջատումը և վերլուծությունը: Հետազոտությունները ներառում են նաև հակաբիոտիկների և ծանր մետաղների մնացորդային քանակների վերլուծություն, ֆիտոպատրաստուկների կենսաակտիվության ուսումնասիրություն և բջջային նորարարական թեստ-համակարգերի մշակում:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.09.2024թ.