Սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Կունմինի բուսաբանության ինստիտուտի
միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այն ստորագրեցին ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և Չինաստանի ԳԱ Կունմինի բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Պունո Պենատենզին։
Հուշագրով նախատեսվում է համագործակցություն համատեղ ծրագրերի իրականացման, գիտաշխատողների, ուսանողների, գիտական հրապարակումների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու միջոցով։
Չինաստանի Գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և Երևանի բուսաբանական այգի է այցելել Չինաստանի ԳԱ փոխնախագահ Չժան Յափինի գլխավորությամբ՝ ՀՀ ԳԱԱ և Չինաստանի ԳԱ միջև կնքված համագործակցության շրջանակներում։
Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են այգու բուսական հավաքածուներին, ենթակառուցվածքներին և զարգացման ծրագրերին, ինչպես նաև ինստիտուտի գիտահետազոտական ծրագրերին, հերբարիումին, սերմերի բանկին, լաբորատորիաներին։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14․09․2023թ․