Սույն թվականի մայիսի 24-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը Հայաստանի կենսաբանական հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրեց կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանին։
Արսեն Առաքեյանը ներկայացրեց Հայաստանի կենսաբանական հանդեսի հետագա զարգացման պլանը։ Նա նշեց, որ հանդեսը լույս է տեսնելու բացառապես անգլերեն լեզվով և էլեկտրոնային տարբերակով: Ամսագրի խմբագրական կազմում ներգրավվելու են նաև արտասահմանյան գիտնականներ:
Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ․` Երևանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետը: 2004թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2020թ-ից կենսաբանական գիտությունների դոկտոր է:
Արսեն Առաքելյանի գիտական գործունեության ուղղություններն են` մոլեկուլային և բջջային կենսաբանություն, մոլեկուլային իմունաբանություն, կենսաբժշկություն, կենսաքիմիա, կենսաինֆորմատիկա, գենոմիկա, տրանսկրիպտոմիկա:
Արսեն Առաքելյանը 257 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում գրքերում՝ 7, գիտական ամսագրերում՝ 150, գիտաժողովների հավաքածուներում՝ 100 աշխատության:
2015թ-ից Արսեն Առաքելյանը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենն է: Միաժամանակ նա ղեկավարում է Հայ-Ռուսական համալսարանի կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համատեղ «Տեղեկատվական կենսաբանության լաբորատորիա» ծրագրի համաղեկավարն է:
2012, 2014, 2018, 2021 թվականներին արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» պարգևին, 2012թ-ին ճանաչվել է միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթի հաղթող: 2010 թ-ին ՌԴ «Կրթության, գիտության և առողջապահութլան զարգացում» ԲՀ-ի կողմից արժանացել է III կարգի դիպլոմի լավագույն գիտական մշակման համար:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.05.2023թ.