National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N342 June 2020
N342
COVID-19
Structure
Divisions
Presidium Members
Documents
Innovation Proposals
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
Videogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
25/05/2020
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2019թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

    2020 թ. մայիսի 20-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որտեղ բաժանմունքի 2019 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Յուրի Սուվարյանը: 
    Բաժանմունքի կազմում ընդգրկված են Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հ.Աճառյանի անվան լեզվի, Մ.Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմունքի կազմում գործում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը: 
    Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոս և 17 թղթակից անդամ, 25 արտասահմանյան անդամ:
2019 թ. անց է կացվել բաժանմունքի 4 ընդհանուր ժողով և բյուրոյի 19 նիստ, որտեղ լսվել են մի շարք գիտական զեկուցումներ և քննարկվել գիտակազմակերպական բնույթի բազմաթիվ հարցեր:
    Հաշվետու տարում բաժանմունքի գիտական հաստատությունները հետազոտություններ են կատարել գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում ծրագրով` 21, թեմատիկ ֆինանսավորմամբ` 29, նպատակային ֆինանսավորմամբ` 1, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ` 4 թեմաներով: 
    Բաժանմունքի գիտական հաստատությունները ՀՀ ԳԱԱ և արտաակադեմիական հրատարակչությունների միջոցով հրատարակել են 144 գիրք, որից 7-ը` արտասահմանում, 1 հանրագիտարան, 18 դասագիրք և ձեռնարկ, 1071 հոդված, որից 288-ը` արտասահմանում: 

20200525_1.jpg
    2019 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» և «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականների 3-ական համարներ, «Հայկական տնտեսագիտական հանդես» նոր պարբերականի 1 համար, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար: Արևելագիտության ինստիտուտը հրատարակել է "Contemporary Eurasia"  անգլերեն պարբերականի VIII հատորի 2 համար, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Լեզու և լեզվաբանություն», Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը` «Գրականագիտական հանդես» պարբերականների 2-ական համարներ, Արվեստի ինստիտուտը հրատարակել է «Արվեստագիտական հանդես» նոր պարբերականի 1 համար:
    Բաժանմունքն ակտիվորեն մասնակցել է Հովհաննես Թումանյանին և Կոմիտասին նվիրված հոբելյանական միջոցառումներին, այդ շրջանակներում կազմակերպել միջազգային գիտաժողովներ («Թումանյանագիտության արդի հիմախնդիրները» /Երևան, 18 փետրվարի/, «Թումանյան – 150» /Երևան, 21-25 հոկտեմբերի, «Կոմիտաս – 150» /Երևան-Արզական, 29-30 հոկտեմբերի, «Ազգային դասականությունը համաշխարհային գեղարվեստական համատեքստում» /Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հետ համատեղ, Մոսկվա, 20-22 սեպտեմբերի/), հրատարակվել են մի շարք գիտական աշխատություններ, որոնք նոր խոսք են թումանյանագիտության և կոմիտասագիտության ասպարեզում:
    Ընդհանուր թվով բաժանմունքի գիտական ուղղությունների գծով կազմակերպվել են 31 հանրապետական և 22 միջազգային միջոցառումներ:
    Հայագիտության և հասարակական գիտությունների բնագավառում, ինչպես նշվեց հաշվետու զեկուցման մեջ, առկա են հիմնարար կարևորագույն արդյունքներ:

Պատմության ինստիտուտ

    «Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.» թեմայի շրջանակներում (ղեկ.` ակ. Ա. Մելքոնյան) աղբյուրագիտական լայն հենքի վրա ուսումնասիրվել է արևմտահայ հասարակական-քաղաքական կյանքը 1917–1918 թթ., մասնավորապես Անդրկովկասի իշխանությունների՝ Կոմիսարիատի և Սեյմի, հայկական ազգային մարմինների, կուսակցությունների, առանձին անհատների վարած ռազմաքաղաքական գործունեության արդյունքով Էրզրումի պաշտպանության և անկման պատճառների հիմնահարցը:
    «Հայաստանը և հայությունը նորագույն ժամանակաշրջանում: Հայկական հարց և Հայոց ցեղասպանություն» թեմայի շրջանակներում (ղեկ.` պ.գ.դ. Կ. Խաչատրյան) արխիվային փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, մամուլի նյութերի և տարբեր հետազոտողների ուսումնասիրությունների հիման վրա ներկայացվել են ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված տարածքային, ժողովրդագրական, մշակութային և նյութական կորուստները, որոշակիացվել դրանց ծավալներն ու հետևանքները, ինչպես նաև առաջարկներ արվել Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման` հատուցման գործընթացի կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերի վերաբերյալ: Աշխատանքն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Համահայկական հռչակագրի ընդունումից հետո ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներով զբաղվող հետազոտական խմբի կողմից:

Արևելագիտության ինստիտուտ

    «Թուրքիայի, Իրանի, Կովկասի և Մաշրիքի արաբական երկրների քաղաքական, սոցիալական, մշակութային և էթնիկական պատմության հիմնախնդիրները և Հայաստանը» ծրագրի շրջանակներում (ղեկ.` ակ. Ռ. Սաֆրաստյան) առաջին անգամ ցույց է տրվել, որ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի նախապատրաստումը սկիզբ էր առել դեռևս 1920 թ. փետրվարին՝ Մուստաֆա Քեմալի անձնական նախաձեռնությամբ: Տրվել են նաև Քեմալի գաղափարական հայացքները և քաղաքական գործունեության այն կողմերը, որոնք հնարավորություն են տալիս առավել հիմնավոր պատկերացում կազմելու նրա քաղաքականության իրական շարժառիթների մասին: Այս ամենը, թուրքական սկզբնաղբյուրների մանրակրկիտ քննության հիման վրա, իր տեղն է գտել ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանի հեղինակած մենագրությունում, որտեղ ներկայացվել է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի գործունեությունը 1919-1921 թթ., որը հնարավորություն է տալիս ամբողջականորեն վեր հանելու նաև այդ գործչի ընդգծված հակահայկական, ծայրահեղ ազգայնամոլական հայացքները: Մենագրությունը կարևոր ներդրում է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրի հակահայ գործունեության հետագա, ավելի խորը ուսումնասիրման գործում: Ծրագրի շրջանակներում քեմալիզմի և ֆաշիզմի համեմատական հետազոտումը նույնպես նորույթ է թուրքագիտական գրականության մեջ:
    «Միջազգային հարաբերությունները Մերձավոր և Միջին Արևելքում, Արևելյան Ասիայում, Հարավային Կովկասում և Հայաստանի Հանրապետությունը» ծրագրի շրջանակներում (ղեկ.` թղթ. անդ. Ն. Հովհաննիսյան) ուսումնասիրման առարկա են դարձել նաև կարևոր արդիական նշանակություն ունեցող մի շարք հիմնախնդիրներ՝ սուննի-շիա հակամարտությունը Մերձավոր Արևելքում, սիրիացի փախստականների ճգնաժամը և մերձավորարևելյան երկրները վերափոխվող տարածաշրջանային գործընթացներում և այլն: Այս հիմնահարցերի վերաբերյալ հրատարակվել են աշխատություններ, անց են կացվել միջազգային գիտաժողովներ, կլոր-սեղան քննարկումներ, որոնց մասնակցել են նաև մերձավորարևելյան տարբեր երկրների գիտնականներ, վերլուծաբաններ, ՀՀ-ում այդ երկրների դեսպանները, ՀՀ պատկան մարմինների ներկայացուցիչները:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

    «Հայ հնագիտության, ազգագրության և բանագիտության արդի և հեռանկարային զարգացման խնդիրներ» ծրագրի շրջանակներում (ղեկ.` ԳԱԱ թղթ. անդ. Պ. Ավետիսյան) 
    ա. «Հայաստանի պատմամշակութային ժառանգության հնագիտական ուսումնա-սիրություն» ենթածրագրով Հրազդանի կիրճի քարի դարի քարայրներն ուսումնասիրող միջազգային գիտահետազոտական խումբը երկրաքիմիական անալիզների նորագույն մեթոդների կիրառմամբ առաջին անգամ փաստագրել է, որ նեանդերթալյան մարդը ոչ միայն օգտագործել է կրակը, այլև տիրապետել են այն արհեստականորեն ստանալու հմտությանը: Մինչ այս ընդունված էր այն տեսակետը, որ կրակ ստանալն անատոմիա-պես ժամանակակից մարդու` Homo sapiens-ի «մենաշնորհն» է եղել: Մասնավորապես Լուսակերտ-1 քարայրի մշակութային նստվածքների անալիզներով պարզվել է բազմացիկլիկ անուշաբույր ածխաջրածինների (ԲԱԱ-ներ կամ PAHs) խտությունը, որոնք առաջանում են օրգանական ծագում ունեցող նյութերի այրման ընթացքում: ԲԱԱ-ների մի տիպը,այսպես կոչվող թեթև ԲԱԱ-ները ցրվում են լայն շառավղով և վկայում են վայրի կամ բնական ծագմամբ հրդեհի մասին, մինչդեռ մյուսները, որոնք կոչվում են ծանր ԲԱԱ-ներ, ավելի սահմանափակ ցրում ունեն և կուտակվում են կրակի օջախին շատ ավելի մոտ: Ինչպես ցույց են տալիս քարայրի նստվածքնրը, մարդկային գործու-նեության վկայությունների (կենդանիների ոսկրային մնացորդների կուտակումներ, դրանց հարևանությամբ աշխատանքային գործիքների պատրաստման մասին վկայող գտածոներ) աճող հաճախականությունը համընկնում է կրակի օգտագործման և ծանր ԲԱԱ-ների հաճախականության աճի հետ: Հնակլիմայական տվյալների վերլուծությամբ փաստագրվել է նաև, որ քարայրի հնաբնակները չեն ապրել չոր, բնական հրդեհների համար նպաստավոր պայմաններում: Կրակի հետ նախամարդու փոխհարաբերության հնագիտական, ածխաջրածնային, իզոտոպային և հնակլիմայական տվյալների այս համալիր ուսումնասիրությունը, որ հրատարակվել է «Nature Scientific Reports» ամսագրում, վկայում է, որ նեանդերթալյան մարդն արհեստական կրակ է ստացել, ինչը նոր խոսք է մարդագոյացման հիմնախնդիրների ուսումնասիրության ոլորտում (ղեկ.` Բ. Գասպարյան):
    բ. Հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրով հաշվետու տարում հայտնաբերվել են Արտաշատի ջրամատակարարման համակարգի մաս կազմող ակվեդուկի հիմնամույ-թերը: Շուրջ 1 կմ գծի երկայնքով փաստագրված 20 կամարակալները վկայում են աննա-խադեպ ծավալներ ունեցող ինժեներական կառույցի մասին, որն ըստ ամենայնի կառուցվել է 114-117 թթ. Հռոմի Տրայանոս կայսեր կողմից (ղեկ.` պ.գ.թ. Մ. Զարդարյան):

Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

    «Ընդհանուր ու համեմատական  և կիրառական լեզվաբանության հարցեր» թե-մայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.դ. Վ. Համբարձումյան) քննության են ենթարկվել հայերենի և կելտական լեզուների առնչությունները, մասնավորապես հնչյունական և բառային զուգաբանությունները՝ ըստ հրապարակի վրա եղած ուսումնասիրությունների տվյալների: Հայ-կելտական լեզվական առնչություններին նման անդրադարձը խիստ կարևոր է հնդեվրոպական լեզուների համեմատական և տիպաբանական ուսումնասիրության համար, մանավանդ՝ հայերենի նախագրային շրջանի պատմության շատ հարցերի նորովի լուսաբանման տեսանկյունից: Հետազոտության արդյունքներն ամփոփված են Վ. Համբարձումյանի «Հայերենը և կելտական լեզուները» աշխատությունում: 
    «Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.դ. Վ. Կատվալյան) մեծ ծավալի աշխատանք է կատարվել բարբառային միավորների ուսում-նասիրությունը համալրելու ուղղությամբ. հետազոտվել և նկարագրվել են Ակնի բարբառի, Տրապիզոնի, Բալլուի, Խուռնավուլի, Կարբիի խոսվածքները, առաջադրվել է բարբառային հայերենում հարացուցային հնաբանությունների առանձնացման և մեկնաբանման հարցը, կարևորվել է գեղարվեստական խոսքը իբրև բարբառային լեզվի ուսումնասիրության աղբյուր: Հետազոտությունների արդյունքները ներկայացված են գիտական հոդվածներում և զեկուցումներում:

Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

    «Հայ գրականության պատմություն» թեմայի շրջանակներում (ղեկ.՝ բ.գ.դ. Վ. Դևրիկյան) ուսումնասիրվել և  հրատարակվել է «Нахичеван в записках европейских путешественников (XIII – XVII вв.) » (հեղ.` բ.գ.թ. Գ. Կարագյոզյան) աշխատանքը: Մենագրության մեջ ցույց է տրվել, թե ուղեգրողները ինչպես են որպես սկզբնաղբյուրներ օգտագործել հայ միջնադարյան գրականության և ժողովրդական ավանդությունների տվյալները: Ընդգծվել է հատկապես այն միտքը, որ եվրոպական ճանապարհորդները Նախիջևանը համարել են պատմական Հայաստանի մասը:
    Հավաքվել և առանձին գրքով տպագրվել են Հայոց այբուբենին նվիրված հայ միջնադարյան գրականության մեջ եղած բնագրերը` ըստ ժամանակագրական ընթացքի և ժանրային բաժանման: Ներկայացվող բնագրերը ենթարկվել են պատմագիտական, գրականագիտական և աստվածաբանական վերլուծությունների, ինչպես նաև ուսումնասիրվել են ժամանակի ազգային-քաղաքական ըմբռնումների և միջնադարյան սիմվոլիկայի տեսանկյունից:
Կազմվել և առաջին անգամ հրատարակվել է Հովհաննես Թումանյանի ամբողջական կենսագրությունը /ռուսերեն/ (հեղ.` բ.գ.դ. Ս. Հովհաննիսյան)` սկսած բանաստեղծի տոհմի մասին տեղեկություններից մինչև վախճանմանը հաջորդած հիշատակի խոսքերը: Գրքում Թումանյանի գործունեությունը և գրական ժառանգությունը վերլուծվել է ժամանակի պատմության համատեքստում, որով աշխատանքը ձեռք է բերել նաև պատմագիտական կարևորություն, քանի որ Թումանյանի գործունեության միջոցով ներկայացվել են ժամանակի պատմա-մշակութային, այդ թվում՝  հայ-ռուսական և հայ-վրացական գրական կապերի մի շարք կարևոր իրադարձություններ:

Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

    «Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության հետևանքների գնահատումը և հետագա հնարավոր զարգացումները» թեմայի շրջանակներում (ղեկ.` տ.գ.թ. Լ. Սարգսյան) վերլուծվել է ՀՀ արտահանումը դեպի ԵՏՄ շուկա` ըստ ապրանքների մրցունակության, ինչի արդյունքով բացահայտվել է արտահանման դինամիկայի հստակ արտահայտված միտում. նոր իրողության պայմաններում, շնորհիվ մաքսային և այլ փոփոխությունների մեծացել են ՀՀ ապրանքների համեմատական և մրցակցային առավելությունները ԵՏՄ ընդհանուր շուկայում, ընդլայնվել է ՀՀ արտահանման ծավալը և դիվերսիֆիկացիան: Վերլուծվել է նաև ՕՈՒՆ ներհոսքի դինամիկան` ԵՏՄ անդամակցությունից առաջ և հետո, ինչի արդյունքով պարզվել է, որ ԵՏՄ անդամակցությունը դեռևս որևէ որոշակի ազդեցություն չի ունեցել ՕՈՒՆ ներգրավման վրա և ՀՀ–ում օտարերկրյա ներդրումների ներհոսքը կրում է անկայուն բնույթ։ 
    «Հայաստանի էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները արդի տնտեսական և աշխարհաքաղաքական  զարգացումների համատեքստում» թեմայի շրջանակներում (ղեկ.` տ.գ.թ. Հ. Մարկոսյան) վերլուծվել են տնտեսական անվտանգության համակարգում էներգետիկ անվտանգության հայեցակարգը, ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները, զարգացման հեռանկարները և կապը էներգետիկ անվտանգության ապահովման հետ։ Բացահայտվել են էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործիքակազմի կիրառման հնարավոր հեռանկարները Հայաստանում։ Կարևորվել է էներգաարդյունավետության և էներգիայի պահանջարկի նվազեցմանն ուղղված ոչ տնտեսական մեխանիզմների ներդրումը։

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

    «Հայ իրականության պատմափիլիսոփայական, սոցիալ-քաղաքական և իրավագիտական ուսումնասիրություններ» թեմայի շրջանակներում (ղեկ.` իր.գ.թ. Լ. Ղազանչյան) կատարվել են հետազոտություններ գիտական չորս ուղղություններով /փիլիսոփայություն, սոցիոլոգիա, իրավունք, քաղաքագիտություն/:  
    Իրականացվել  են միջգիտակարգային հետազոտություններ` նվիրված արդի «անհատ-պետություն-հասարակություն» փոխհարաբերություններում առկա հիմնա-խնդիրներին,  այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումներին, միգրացիոն գործընթացներին, հայ ընտանիքի ինստիտուտի կայունացմանը, նոր կառավարության քաղաքականության նկատմամբ հասարակական կարծիքի բացահայտմանը, տարածաշրջանում առկա գեոստրատեգիական զարգացումների խորքային գործընթացների վերլուծությանը։
Համակարգված տեսական վերլուծության են ենթարկվել լեզվի և իմաստի  կառուցվածքային և գործառութային  բազմազան  դրսևորումները  տարբեր  խոսույթներում։
    Աշխատանքներ են կատարվել` նվիրված հայ փիլիսոփայության ականավոր գործիչների ժառանգության հայեցակարգերի բացահայտմանն ու հանգամանալից վերլուծությանը: Մասնավորապես,  բազմամյա գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքով գիտական հանրությանն են ներկայացվել հայ մանկավարժական մտքի գոհարները՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարը: Հրատարակվել է «Հայ մանկավարժական մտքի անթոլոգիա» մենագրությունը, որտեղ քննարկված, համակարգված և վերլուծաբար ներկայացված են ինչպես հայտնի, այնպես էլ անհիմն մոռացության տրված հայ հոգևոր և աշխարհիկ մտավորականության ներկայացուցիչների մանկավարժական գաղափարները:

Արվեստի ինստիտուտ

    «Հայ արվեստի համալիր ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում (ղեկ.` թղթ. անդ. Ա. Աղասյան) հայ ականավոր երաժիշտ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ հրատարակվել և հրատարակության են նախապատրաստել մի շարք գիտական աշխատություններ, որոնց արդյունքները նոր խոսք ու կարևոր հանգրվան են կոմիտասագիտության ասպարեզում: «Կոմիտասական» ժողովածուի 3-րդ հատորում (խմբ.՝ արվ.դ. Ա. Ասատրյան), ինչպես և նախորդ երկու հատորներում, ընդգրկվել են հոդվածներ և ուսումնասիրություններ՝ նվիրված Կոմիտասի կյանքին, նրա ստեղծագործությանը, երաժշտագիտական հետազոտություններին ու կատարողական արվեստին: Արժևորվել է Կոմիտասի ժառանգության դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստի հետագա զարգացման գործում: Բացահայտվել է Կոմիտասի կերպարը ոչ միայն հայ երաժշտության, այլև գրականության մեջ և կերպարվեստում:
    Հայ արվեստաբանության մեջ առաջին անգամ հանգամանորեն  ուսումնասիրվել են հայ կերպարվեստում Կոմիտասին նվիրված մի քանի տասնյակ ստեղծագործություններ, այդ թվում՝ Հայաստանում և այլ երկրներում տեղադրված, նրա հիշատակը հավերժացնող հուշարձանները: Լույս է տեսել թղթ. անդ. Ա. Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը, որտեղ ներկայացված աշխատանքներն ունեն ինչպես գեղարվեստական ակնհայտ արժանիքներ, այնպես էլ պատմամշակութային և վավերագրական նշանակություն: 
    Հրատարակվել է թղթ. անդ.  Վ. Ղազարյանի և արվ.դ. Հ. Հակոբյանի «Հայկական մանրանկարչություն. սկզբնավորումն և զարգացման ընթացքը» մենագրությունը, որտեղ հեղինակներն անդրադարձել են հայկական մանրանկարչության առավել արժեքավոր նմուշներին, բացահայտել դրանց թեմատիկ, պատկերային ու ոճական առանձնահատկությունները, շրջանառության մեջ դրել նորահայտ նյութեր:

Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

    «Շիրակի հնագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ-2» թեմայի (ղեկ.՝ պ.գ.թ․ Ա. Հայրապետյան) շրջանակներում՝
    ա. Մեծ Սեպասարում պեղումների արդյունքով հայտնաբերվել են ամպրոպի աստծուն և պտղաբերության աստվածուհուն խորհրդաշող կոթողներ, որոնց ծիսական խորհուրդը աշխարհի բնականոն և անխափան գոյատևման ապահովումն էր, ինչը իրա-կանացվում էր առ երկինք ուղղված նվիրաբերում-զոհաբերություններով՝ երկրի վրա մարդկանց, կենդանիների ու հողի համար պտղաբերում և հովանավորություն ստանալու նպատակով: 
Ազատանի ամրոց-բնակավայր-դամբարանադաշտի արևելյան հատվածում հայ-գերմանական համատեղ արշավախմբի կատարած պեղումների արդյունքով հայտնա-բերվել է աքեմենյան ժամանակաշրջանին բնորոշ, բարձրորակ, ջարդված խեցեղեն և բաժակներ, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ Աքեմենյան թագավորության վերելքի շրջանում ազատանցիների վերնախավը փորձել է ընդունել զավթիչների կենսակերպը:
    բ. Հիմնովին ժխտվել է արևելագիտության մեջ իշխած այն կարծիքը, թե Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան կեսի բնակիչ ցեղերի մեծ մասը նախաուրարտական և ուրարտական դարաշրջաններում ունեցել են խուռիական ծագում կամ ազգակից են եղել խուռի-ուրարտական ցեղերին և նույնիսկ ունեցել են (գոնե մասամբ) քարթվելական ծագում: Տեղանվանական տվյալները և դրանցում արտացոլված պաշտամունքային ոլորտի պատկերացումները խոսում են տեղի բնակչության հնդեվրոպական ծագման մասին:

«Հայկական հանրագիտարան» հրատարակչություն

    «Հրատարակվել է «Հայ երաժշտության հանրագիտարանը» (ղեկ.` ք.գ.դ. Հ. Այվազյան): 
Բաժանմունքի գիտական հաստատությունները կատարել են նաև կիրառական բնույթի ծավալուն աշխատանքներ, մշակել բազմաթիվ առաջարկներ, պատրաստել մի շարք գիտավերլուծական նյութեր, որոնք ներկայացվել են համապատասխան գերատեսչական մարմիններին:
    Բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախանշվեցին բաժանմունքի կազմում ընդգրկված գիտական հաստատությունների առաջիկա անելիքները:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.05.2020թ.

Latest Announcements
Publications in Press
09/07/2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
hhpress.am
08/07/2020
Անցկացվել է Հայոց Նահապետ Ղեւոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված առցանց գիտաժողով
news.am
06/07/2020
«Եկել-ասում է, թե գիտական կենտրոնի մեջտեղը երկու 25 հարկանի շենք է սարքելու, այն դեպքում, որ 15 մետր այն կողմ գտնվում են քիմիական լաբորատորիաները». ՕԴՔԳՏԿ տնօրենն ահազանգում է
168.am
23/06/2020
«Օրական 1000 կամ 2000 թեստ անել 3 մլն բնակչություն ունեցող երկրում՝ շատ քիչ է, պետք է գոնե կարողանանք 5000 թեստ անել». Վիրուսաբան
medialab.am
06/06/2020
90-ԱՄՅԱԿ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ
azg.am
04/06/2020
Տեղական արտադրության թեստերը շատ ավելի էժան կլինեն
hraparak.am
This site has been visited
2 667 282

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:44, 09/07/2020 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - COVID-19 - Divisions
Presidium Members - Documents - Innovation Proposals - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - Videogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries
Publications - Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2020, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am