National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
16/10/2026
Նոբելյան մրցանակակիր Հենրի Կագանը և Հայաստանը․ գիտությամբ ամրապնդված բարեկամություն

2026 թվականի հոկտեմբերի 7-ին Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհեց ֆրանսիացի քիմիկոս Հենրի Կագանին և ճապոնացի գիտնական Կենսո Սոային՝ ասիմետրիկ օրգանական սինթեզում ոչ գծային ազդեցությունների և ավտոկատալիզի հայտնաբերման համար։ Այս բացահայտումը կարևոր է ոչ միայն օրգանական քիմիայի, այլև դեղագործության, կենսաքիմիայի և այլ բնագավառներում գիտական ուսումնասիրությունների համար։ Աշխատանքը երկար տարիների հետազոտությունների արդյունք է։

Պրոֆեսորներ Հ․Կագանը և Յու․Բելոկոնը ԵՊՀ-ում

«Ասիմետրիկ սինթեզն օրգանական սինթեզի ժամանակակից ուղղություններից է, և սա մեծ հայտնագործություն է օրգանական քիմիայի ոլորտում։ Ոչ գծային էֆեկտի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու ասիմետրիկ կատալիզի մեխանիզմները և աշխարհի շատ գիտնականներ իրենց հետազոտություններում  օգտվում են այդ հնարավորությունից։ Այն հեղափոխական նշանակություն ունեցավ տվյալ ոլորտի համար», - այս մասին նշում է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ով համագործակցել է Հենրի Կագանի հետ տարիներ շարունակ։

Հենրի Կագանի համագործակցությունը Հայաստանի գիտնականների հետ սկսվել է դեռ 1990-ականների վերջերին։ Գիտական խումբը, որը համագործակցել է պրոֆեսորի հետ, ղեկավարել է Աշոտ Սաղյանը։ «Առաջին անգամ հանդիպեցինք Կագանի հետ Մեծ Բրիտանիայում՝ 1994 թվականին։ Դրանից հետո՝ 1999 թվականին, նա այցելեց Հայաստան։ Դա մեր երկրի համար ծանր ժամանակաշրջան էր։ Խորհրդային Միության փլուզումից հետո գիտական հաստատությունները բախվում էին ֆինանսական ու տեխնիկական լուրջ խնդիրների։ Նա տեսնում էր, թե ինչպես են մարդիկ հետպատերազմյան այդ ծանր պայմաններում շարունակում զբաղվել գիտությամբ», - հիշում է ակադեմիկոս Սաղյանը։

Աշոտ Սաղյանի և Հենրի Կագանի գիտական համագործակցության կարևոր արդյունքներից է ասիմետրիկ կատալիզատորների մշակմանն ուղղված աշխատանքը, որն իրականացվում էր եվրոպական «ԻՆԿՈ–ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Հայաստանի գիտական խմբերի մասնակցությամբ։ Արձանագրված արդյունքների հիման գիտական թիմը՝ Հ․Կագան, Յու․Բելոկոն, Ջ․Բրաուն, Մ․Նորթ, Ա․Բորներ և Ա․Սաղյան կազմով, 2001 թվականին արժանացան Եվրոպական միության Դեկարտի մրցանակի։

«Մեզ համար մեծ ուրախություն էր լսել, որ մեր սիրելի գործընկեր և բարեկամ Հենրի Կագանն արժանացել է Նոբելյան մրցանակի։ Նման գիտնականի հետ համագործակցելը մեծագույն պատիվ է։ Նա մեծ հեղինակություն է միջազգային գիտական հանրության շրջանում», - ընդգծում է Աշոտ Սաղյանը։

Հայաստանի համար այս համագործակցությունը կարևոր էր ոչ միայն գիտական արդյունքների, այլև մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից։ Կագանը նպաստել է Հայաստանում գիտական կադրերի զարգացմանը՝ հայ հետազոտողներին հնարավորություն տալով ներգրավվելու միջազգային ծրագրերում։ Նա հանդիսացել է ասիմետրիկ սինթեզի ոլորտում ԵՊՀ և «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտական խմբերի շահած  6 ՄԳՏԿ (ISTC) դրամաշնորհային ծրագրերի արտասահմանյան կոլաբորատորը։ Համատեղ ծրագրերը հնարավորություն են տվել հայ գիտնականներին մասնակցելու միջազգային չափանիշներին համապատասխան առաջատար հետազոտություններին և Հայաստանում զարգացնելու օրգանական քիմիայի այդքան կարևոր ուղղությունը։ 

Պրոֆեսոր Հ․ Կագանը երիտասարդ հայ գիտնականների հետ

Աշոտ Սաղյանը պատմեց Հենրի Կագանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների և ստացած տպավորությունների մասին։ «Այն տարիներին մարդիկ առաջին Արցախյան պատերազմից հետո նոր էին վերադարձել հայրենիք, տները քանդված էին, ենթակառուցվածքները բացակայում էին։ Սակայն պրոֆեսորը ցանկացավ անձամբ այցելել Լեռնային Ղարաբաղ և սեփական աչքերով տեսնել իրավիճակը, ծանոթանալ արցախցի գիտնականների հետ և ոգեշնչել երիտասարդ գիտնականներին։ Նա դասախոսություն է կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար, կիսաքանդ դպրոցում հանդիպել է ուսուցիչների և այդ ժամանակ դեռ սակավաթիվ աշակերտների հետ։ Պրոֆեսորը խոսում էր գիտության և կրթության արժեքների, մարդկային հարաբերությունների մասին, և դա մեծ ոգևորություն էր բոլորի համար, - պատմում է Աշոտ Սաղյանը, - նա եղել է իմ գյուղում, իմ պապական օջախում։ Մայրս ուրախությունից ասում էր՝ «Մեր Կագանը եկավ»»։

Պրոֆեսոր Հ․Կագանը Արցախի պետական համալսարանում

Պրոֆեսոր Հ․ Կագանը Չափարի միջնակարգ դպրոցում


Պրոֆեսոր Հ․Կագանը Դադիվանքում

Հենրի Կագանն առանձնահատուկ սեր ու հարգանք ունի հայ ժողովրդի հանդեպ։ Կագանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ դրսևորվում է նաև երկրի հետ կապված մշակութային իրադարձությունների հանդեպ հետաքրքրությամբ։ Նա մեծ ոգևորությամբ մասնակցել է Փարիզում Կոմիտասի արձանի բացմանը և այդ իրադարձության լուսանկարներն ուղարկել իր եվրոպական գործընկերներին։ «Ցանկացած լավ բան, որը կապված է հայ ժողովրդի հետ, նրան ուրախացնում է, և դա շատ բան է ասում նրա վերաբերմունքի մասին», - նշում է Աշոտ Սաղյանը։

2020 թվականի 44 օրյա պատերազմի օրերին Հենրի Կագանի նախաձեռնությամբ ստեղծվել էր գիտնականների խումբ, որը նամակներ էր հղում եվրոպական տարբեր երկրների ղեկավարներին՝ դատապարտելով պատերազմը և կոչ անելով քայլեր ձեռնարկել այն դադարեցնելու համար։ «Նա շատ էր ցավում պատերազմի հետևանքների համար, ցանկանում էր պատերազմից հետո կրկին այցելել Լեռնային Ղարաբաղ, բայց առողջական խնդիրների պատճառով այլևս չկարողացավ ճանապարհորդել», - պատմում է Աշոտ Սաղյանը։
Աշոտ Սաղյանի համար Հենրի Կագանը գիտնական է, ում անունը կապված է համաշխարհային քիմիայի պատմության և նաև Հայաստանի գիտական կյանքի և հայ ժողովրդի հետ ունեցած մարդկային ջերմ կապերի հետ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
14․10․2026թ․


Notices
Publications in Press
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
This site has been visited
8 575 893

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  01:18, 17/10/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am