«Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակում՝ 2026թ․ ապրիլի 13-ին Հիմնարար գիտական գրադարանում տեղի ունեցավ աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հոր՝ գրականագետ,

թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համազասպ Համբարձումյանի վերանորոգված հուշասենյակի բացման արարողությունը։ Հուշասենյակը վերանորոգվել է «Մարտին Սթար» ընկերության աջակցությամբ։

1965թ․՝ Համազասպ Համբարձումյանի մահից հետո, կինը՝ Հռիփսիմե Համբարձումյանը, ամուսնու անձնական գրադարանը նվիրել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գրադարանին, որի հիման վրա կազմավորվել է գրադարանի առաջին անհատական հավաքածուն: 1968թ. գրադարանում բացվել է նոր սրահ՝ «Պրոֆեսոր

Համազասպ Ասատուրի Համբարձումյանի գրադարանային ֆոնդ» վերտառությամբ: Համբարձումյան ընտանիքի առաջարկով Հիմնարար գիտական գրադարանին է տրվել նաև գիտնականի աշխատասենյակի գույքը: Այժմ հուշասենյակը նորովի կհյուրընկալի այցելուներին։

Հուշասենյակի բացման արարողությանը մասնակցեցին Վիկտոր Համբարձումյանի թոռնուհին՝ Աննա Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ, գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։

Հուշասենյակի բացմանը հաջորդեց «Վիկտոր Համբարձումյանը և իր գերդաստանը» խորագրով միջոցառումը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը, Վիկտոր Համբարձումյանի թոռնուհի Աննա Համբարձումյանը, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Այնուհետև, Հիմնարար գիտական գրադարանի անունից Մայա Գրիգորյանը շնորհավորեց Բյուրականի աստղադիտարանի 80-ամյա հոբելյանը․ «Բյուրականի աստղադիտարանը ոչ միայն գիտություն է ստեղծում, այլև դաստիարակում է մտածող անհատի։ Այսօր, նշելով աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակը,

արժևորում ենք ոչ միայն անցած ուղին, այլև այն անգնահատելի ներդրումը, որը Բյուրականի աստղադիտարանն ունեցել է և ունի հայկական գիտության զարգացման, միջազգային հեղինակության բարձրացման ու գիտական ժառանգության պահպանման գործում։ Այն մնում է գիտության լուսավոր

օջախներից մեկը, որտեղ գիտելիքը մշտապես նորոգվում է, ընդլայնվում և փոխանցվում ապագային։ Շնորհավորում ենք Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ»։
Մայա Գրիգորյանը Հիմնարար գիտական գրադարանի կողմից խորհրդանշական հուշանվեր հանձնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենին։

Ցուցադրվեց տեսանյութ Վիկտոր Համբարձումյանի գործունեության մասին։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
14․04․2026թ․