Սույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, կմեկնարկի Համահայկական բնագիտական կրթական VIII գիտաժողովը՝ «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով։ Գիտաժողովը կանցկացվի առցանց ձևաչափով։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև հոկտեմբերի 24-ին։
Երկօրյա գիտաժողովի շրջանակում շուրջ չորս տասնյակ գիտական զեկուցումներով հանդես կգան ՀՀ գիտական և կրթական կառույցների անվանի գիտնականներ, առաջատար մասնագետներ։ Կներկայացվեն մաթեմատիկայի և արհեստական բանականության, ֆիզիկայի, աստղագիտության և բնագիտության, կենսաբանության և էկոլոգիայի, քիմիայի հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները, գիտության հանրամատչելիացման և հանրայնացման հիմնախնդիրներն ու լուծումները։ Կքննարկվի՝ ինչպես է փոխվում կրթության կառավարումը թվային դարաշրջանում։
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
22.10.2025թ.