Սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման լայնամասշտաբ «Գիտության շաբաթ․Հայաստան 2025» փառատոնը։ Փառատոնի այս տարվա կարգախոսն է «Զարգացնել գիտությամբ»։ Փառատոնի բացումը տեղի կունենա Ազատության հրապարակում՝ ժամը 15։00-ին։
Փառատոնը կհամախմբի ավելի քան 50,000 այցելու և ապակենտրոնացված միջոցառումներով կներգրավի շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որը 6 օր շարունակ կներկայացնի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհը։ Փառատոնին կմասնակցեն Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչներ։
Փառատոնի թեմատիկ բաժիններն են․
- Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1) – Գիտության և ինովացիայի գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների կողմից։
- Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3) – Մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական և ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։
- Ընդլայնելով երևակայությունը (հոկտ. 4–5) – Գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրություն՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։
Փառատոնի հետ զուգահեռ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում և մանկապարտեզներում, կանցկացվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ՝ նպատակ ունենալով գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն և սեր սերմանել վաղ տարիքից։
«Գիտության շաբաթ․Հայաստան 2025»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է YoHealth-ը, տեխնոլոգիական գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, ինովացիոն գործընկերը` Ամերիաբանկը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
26.09.2025թ․
