Սույն թվականի սեպտեմբերի 15-19-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կայացավ «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ-3» (ASBD-3) միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մարգարյանի շրջահայության (FBS) 60-ամյակին և Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) 20-ամյակին։

Գիտաժողովին մասնակցեցին շուրջ 7 տասնյակ գիտնականներ և հետազոտողներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Իրանից, Լյուքսեմբուրգից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Չինաստանից, Պակիստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։
Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ նման նախաձեռնությունները զարգացնում են միջգիտակարգային համագործակցությունը, նպաստում ոլորտի հետագա զարգացման ուղղությունները և հեռանկարներն ուրվագծելուն, խրախուսում՝ գիտական գործընկերություններ։
ՀՀ ԳԱԱ նախագահն ասաց, որ աստղադիտարանը ճանաչվել է ՀՀ ազգային արժեք 2013 թվականին, Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային աստղագիտական կենտրոն՝ 2015 թվականին և Նշանավոր աստղագիտական ժառանգություն՝ 2021 թվականին։ Այստեղ է գտնվում տարածաշրջանի խոշորագույն աստղադիտակներից մեկը՝ 2․6մ հայելիով աստղադիտակը և աշխարհի խոշորագույն լայնանկյուն և 20-րդ դարի ամենաարդյունավետ աստղադիտակներից մեկը՝ Շմիդտի համակարգի 1մ աստղադիտակը։ 2005 թվականին ստեղծվել է Հայկական վիրտուալ աստղադիտարանը, որն այս ոլորտում Հայաստանը դարձնում է աշխարհի 20 կարևորագույն երկրներից մեկը։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ։ Քննարկվեցին պատմական ու ժամանակակից աստղագիտական տվյալները, տվյալների թվայնացման ու արխիվացման գործընթացները, մեծ տվյալների կիրառությունը, վիրտուալ աստղադիտարանները, վերլուծական գործիքները և թեմաներ։
Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Հայկական աստղագիտական ընկերությունը (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ArVO), Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը (SWCA ROAD), ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և ՀՀ ԳԱԱ հետ համագործակցությամբ։
ASBD գիտաժողովը Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ: Առաջին երկուսն անցկացվել են 2015 և 2020 թվականներին։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
19․09․2025թ.