ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում նշվեց Լույսի միջազգային օրը, որին մասնակցեցին աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, գիտաշխատողներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ, դոկտոր պրոֆեսոր Կամո Աթայանը։ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը պատմեց ինստիտուտի մասին, ներկայացրեց վերջին տարիների գիտական ձեռքբերումները։

Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին ինստիտուտի լաբորատորիաներում, մասնակցեցին հետաքրքիր գիտափորձերի։ Գիտաշխատողներ Սեյրան Հարությունյանը, Ռուզան Սուքիասյանը, Ռուբեն Ափրեյանը և Վարդան Մարգարյանը ցուցադրեցին գիտափորձեր՝ կապված լազերի ճառագայթման հաճախականության կրկնապատկման, միկրոմասնիկների վրա լազերի ճառագայթման ցրման միջոցով օդի աղտոտվածության աստիճանի որոշման հետ։

Պրոֆեսոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ «Մի իսլանդական սագայի, արեգակնային քարի և Հյուսիսատլանտյան օվկիանոսում վիկինգների անհավատալի ճանապարհորդությունների մասին» զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Միքայել Խանբեկյանը ներկայացրեց «Լույս․ լույսի աղբյուրներ» թեմայով զեկուցումը։Անցկացվեց վիկտորինա «Լույսի ֆիզիկական հատկությունները» թեմայով։ Վիկտորինայի ամենաակտիվ 10 մասնակիցները ստացան պատվոգրեր։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.05.2025թ․