| 
	
 | 
 | 
 | 
 | 
 News / Archive 
| 
 01/09/2021 
Որոնք են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում օտարածին բուսատեսակները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բացահայտումը 
 | 
 | 
  | 
 
 
 |  
 |  
    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ իրականացրել են ինվազիվ՝ օտարածին բուսատեսակների դաշտային ուսումնասիրություններ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և ստեղծել են օտարածին բուսատեսակների ցանկեր:
 
       Այս օտարածին բույսերը ագրեսիվ են, ներթափանցում են բնական էկոհամակարգեր՝ լիովին փոխելով դրանք և հանգեցնելով կենսաբազմազանության կորստի, առանձին դեպքերում հսկայական վնասներ հասցնելով տնտեսությանը:      «Հետազոտությունը ոչ միայն հիմնարար աշխատանք է, այլև հիմք է ծառայելու օրենսդրական փաստաթղթերի մշակման, հատուկ պահպանվող տարածքներում պահպանության միջոցառումների մշակման և իրականացման համար», - ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը,  ով ղեկավարում է գիտական խումբը:      Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Գիտնականներն առաջարկել են կազմակերպել ինվազիվ  բույսերի տարածման մշտադիտարկում, լրացուցիչ ուսումնասիրություններ, նաև մշակել դրանց վերահսկմանը, ներթափանցմանն ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումներ։ Այդ բույսերն են` 
- «Խոսրովի անտառ» արգելոցում՝ Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Հոտոտ արևելյան, Դառը բիան, Կառ փշոտ, Սպիտակ ակացիա:
 
- «Էրեբունի» պետական արգելոցում՝ Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Կանճրակ թուրքեստանյան,  Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Կոնիզա կանադական, Դառը բիան, Կառ փշոտ:
 
- «Շիկահող» պետական արգելոցում` Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն,  Անթեմ տրիումֆետիի, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Տատասկ ալեհեր, Կոնիզա կանադական, Բալդրղան թավոտ, Կտուցախոտ արևելյան, Սպիտակ ակացիա, Կաթնափուշ բծավոր, Լվածաղիկ սովորական, Խռնդատ փռված:
 
- «Սևան» ազգային պարկում՝ Հազարտերևուկ ասպիրակի, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Տատասկ ալեհեր, Գինազոխ բծավոր, Չիչխան դժնիկանման, Սպիտակածաղիկ սովորական, Կառ փշոտ, Կտուցախոտ արևելյան, Լվածաղիկ սովորական, Խռնդատ փռված, Անմեռուկ չռված:
 
- «Արփի լիճ» ազգային պարկում՝ Գազ այծմորուքանման, Խիժաճարճատուկ կնյունանման, Տատասկ ալեհեր, Սպիտակածաղիկ սովորական, Լվածաղիկ սովորական:
 
- «Դիլիջան» ազգային պարկում՝ Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն,  Ամբրոզիա օշինդրատերև, Տատասկ ալեհեր, Հոտոտ խաղողատերև, Կոնիզա կանադական, Բալդրղան Սոսնովսկու, Բալդրղան թավոտ, Սպիտակ ակացիա:
 
- «Արևիք» ազգային պարկում` Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն,  Կանճրակ թուրքեստանյան, Տերեփուկ վրացական, Տատասկ ալեհեր, Հոտոտ արևելյան, Կոնիզա կանադական, Դառը բիան, Կառ փշոտ, Սպիտակ ակացիա, Կաթնափուշ բծավոր, Լվածաղիկ կուսատերև, Խռնդատ փռված, Անմեռուկ չռված:
 
 
    Ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)՝ «Ինվազիվ բուսատեսակների կողմից Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հասցվող վտանգների գնահատում» թեմայի ֆինանսավորման շրջանակներում։      Ծրագրի արդյունքում 2020թ. լույս է  տեսել «Բույսեր նախահարձակներ. Հայաստանի առավել կարևոր էքսպանսիվ և ինվազիվ բուսատեսակները» 88 էջանոց մենագրությունը, որի համահեղինակներն են  Գեորգի Ֆայվուշը, Ալլա Ալեքսանյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը: (https://www.researchgate.net/publication/346051947_ Aggressive_plants_The_most_important_invasive_and_expanding_plants_of_Armenia): 
 
       «Չնայած այն փաստին, որ մենագրությունը լույս է տեսել հայերենով, սակայն մեծ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա գործընկերների շրջանում, ովքեր, առցանց ծանոթանալով գրքին, բազմաթիվ դրական կարծիքներ են հայտնել՝ կարևորելով նման հետազոտությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային գիտական հանրության համար։ Մենագրությունը մեծ դրական արձագանք է գտել նաև Հայաստանի գիտնականների և Շրջակա միջավայրի նախարարության կողմից»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության բաժնի վարիչ, միջազգային ծրագրերի փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը: 
 
       Նա նշեց, որ հետազոտության արդյունքները դեռևս մշակման փուլում են և ընդգրկվելու են հոդվածների շարքում։ «Այս հետազոտությունը միայն սկիզբն է այն հսկայածավալ ուսումնասիրությունների, որոնք պլանավորել ենք իրականացնել առաջիկա տարիներին գիտության այս ուղղությամբ՝ ընդգրկելով նաև միջազգային գործընկերներին», - ասաց Գեորգի Ֆայվուշը։
  ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն 01.09.2021թ.  |  
 
  | 
 | 
 | 
 | 
 
Notices 
	
	
	
	Publications in Press 
	
	
	
	
	
		
	
	
	28/10/2025 
	
		
	
			hesc.am		 | 	
	 
	
		
	
	
	27/10/2025 
	
		
	
			1lurer.am		 | 	
	 
	
		
	
	
	24/10/2025 
	
		
	
			infocom.am		 | 	
	 
	
		
	
	
	21/10/2025 
	
		
	
			infocom.am		 | 	
	 
	
	
	 
	
	
	
	
	
This site has been visited  7 521 464
  times since 01.01.2005
	
	
 
 | 
 |