Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ-ում  մեկնարկեց Հայկական   քիմիական ընկերության  V  գիտաժողովը` նվիրված  հիմնարար և կիրառական  քիմիայի արդի խնդիրներին:
Գիտաժողովին  ներկայացված են 44 պլենար և  բանավոր զեկուցումներ և 47 ստենդային  զեկուցումներ, որոնք ընդգրկում են  հիմնարար և կիրառական քիմիայի  ուղղությունների լայն շրջանակ`  
•    քիմիական փոխակերպման տեսություն, կինետիկա, տարրական ռեակցիաներ
•    բարձր ընտրողական քիմիական պրոցեսներ և դրանց կիրառումը
•    միացությունների սինթեզ` օժտված կիրառական կարևոր հատկություններով, նյութաբանություն
•    քիմիական տեխնոլոգիա
«Ստենդային   զեկուցումները պատրաստվել են հիմնականում երիտասարդ գիտաշխատողների   կողմից: Դա շատ ողջունելի է, քանի որ հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ   կրկին աճել է»,- ասաց ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների   բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:
 
Գիտաժողովին   մասնակցում են 250-ից ավելի գիտնականներ 12 երկրներից` Հայաստանից,   Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Բելառուսից,   Լեհաստանից, Անգլիայից, Իրանից, Իսրայելից, Կանադայից:

Գիտաժողովի   կազմակերպիչներն են` Հայկական քիմիական ընկերությունը, ՀՀ Գիտությունների   ազգային ակադեմիան, ՀՀ Գիտության պետական կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Օրգանական և   դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնը, Հայ-Ռուսական համալսարանը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
03.10.2017թ.