National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
29/04/2022
Ամփոփվեցին ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները

Սույն թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որի ժամանակ ամփոփվեցին ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, գիտաշխատողները: Տարեկան ընդհանուր ժողովի պատվավոր հյուրն էր համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը:

2021թ-ին անցկացվել են ՀՀ ԳԱԱ կառավարման մարմինների ընտրություններ: ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվել ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, փոխնախագահ՝ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, ակադեմիկոս-քարտուղար՝ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, ԳԱԱ գիտական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ են հաստատվել և ԳԱԱ նախագահության անդամ ընտրվել ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը (Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք), Ռադիկ Կոստանյանը (Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք), Լևոն Թավադյանը (Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք), Յուրի Սուվարյանը (Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք), թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը (Բնական գիտությունների բաժանմունք): ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ են ընտրվել նաև ակադեմիկոսներ Գեղամ Գևորգյանը, Գագիկ Ղազինյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Աշոտ Մելքոնյանը, Գևորգ Պողոսյանը, թղթակից անդամներ Արսեն Հախումյանը, Վազգեն Մելիքյանը: Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ալեքսեյ Սերգեևը ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքները, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպություններում կատարվել են հիմնարար ու կիրառական բնույթի հետազոտություններ գիտության տարբեր ոլորտներում:

Ակադեմիկոս Սաղյանը նշեց, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ակտիվորեն մասնակցել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակման և ակադեմիային վերաբերող որոշ կետերի փոփոխման աշխատանքներին: Օրենքով Գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած, հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում և համակարգում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական  և մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար և կիրառական հետազոտությունները:

ԳԱԱ կազմում ներկայում գործում են 32 գիտական ինստիտուտներ և կենտրոններ, որոնք բաշխված են 5 բաժանմունքներում՝ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի,  Բնական գիտությունների,  Քիմիայի և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների:

2021թ-ին ԳԱԱ ինստիտուտները կազմակերպել և անցկացրել  են 37 միջազգային և 42 հանրապետական գիտաժողովներ: ԳԱԱ համակարգի գիտահետազոտական կազմակերպություններն իրականացրել են գիտական և գիտահետազոտական աշխատանքներ 5 նպատակային, 44 բազային, 186 տնտեսական պայմանագրային ծրագրերով, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ 313 աշխատանք: Ստացված արդյունքներով հրապարակվել են 160 մենագրություն և ժողովածու, որից 20-ը՝ արտասահմանում, 21 ուսումնական ձեռնարկ և դասագիրք, 1550 հոդված գրախոսվող ամսագրերում, որից 615-ը՝ արտասահմանում, 481 հոդված գիտաժողովների նյութերի ժողովածուներում, որից 210-ը՝ արտասահմանում, 349 թեզիս, որից 187-ը՝ արտասահմանում: ԳԱԱ կազմակերպությունները ստացել են 18 արտոնագիր: 

2021թ-ին ԳԱԱ-ն շարունակել է ակտիվ համագործակցությունը միջազգային գիտական կառույցների և գիտությունների ակադեմիաների հետ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի  հետ ստորագրվել է գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ: ԳԱԱ պատվիրակությունները մասնակցել են «Անկախ պետությունների համագործակցության 30 տարին. արդյունքներ, հեռանկարներ» միջազգային գիտագործնական համաժողովին, Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստին, ԱՊՀ անդամ պետությունների գիտնականների 3-րդ համաժողովի աշխատանքներին:

ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպություններում իրականացվել է  գիտական կադրերի որակավորում, ըստ որի արդյունքների, համաձայն ՀՀ կառավարության 2021թ-ի մայիսի 13-ի N 747-Լ որոշման, բարձրացվել են գիտաշխատողների աշխատավարձերը: ԳԱԱ համակարգի գիտնականներն անմիջական մասնակցություն են ունեցել հանրապետության ռազմարդյունաբերական համակարգի տարբեր օղակների աշխատանքներին:  

2021թ-ին սկսվել և այժմ մշակման ավարտական փուլում է ՀՀ ԳԱԱ 2022-26թթ. զարգացման ռազմավարությունը, որը նպատակ ունի բարձրացնել ակադեմիայի կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը, ամրապնդել գիտություն-կրթություն-արտադրություն կապը, խթանել գերազանցությունը, նպաստել ակադեմիայի կազմակերպությունների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածք՝ արդյունքում ապահովել ակադեմիայի համակարգի կայուն զարգացումը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ուշադրություն դարձրեց գիտության արդյունավետության հարցին. «Հայաստանի գիտության գիտաչափական գնահատման համար անհրաժեշտ է առաջնորդվել միջազգային գիտական հանրության կողմից ընդունված չափանիշներով: «Scopus»-ում, որը հայտնի գիտատեղեկատվական շտեմարան է, 1996-2020թթ-ի ընթացքում Հայաստանի կողմից հրապարակվել է 19089 հղվող փաստաթուղթ: Ըստ H-Index-ի, որը գիտնականի ազդեցության չափիչ գործիք է, Հայաստանը տարածաշրջանում 3-րդն է՝ Թուրքիայից և Ուկրաինայից հետո: Հրապարակումների քանակով՝ 1 միլիոն բնակչության հաշվարկով, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի, 2019թ-ին 416 հրապարակումներով Սևծովյան ավազանի տարածաշրջանի երկրներում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Կարելի է եզրակացնել, որ եթե գիտությունը դիտարկենք որպես բնագավառ, որի գործառույթը նոր գիտելիքի ստեղծումն է, իսկ վերջնարդյունքը՝ գիտական արտադրանք տալը, ծախսերի արդյունավետության տեսակետից այն մեր Հանրապետության ամենաարդյունավետ բնագավառներից մեկն է»:

Նա շեշտեց գիտական կադրերի երիտասարդացման անհրաժեշտությունը. «2022թ-ի հունվարի դրությամբ ԳԱԱ համակարգում աշխատում է 3492 մարդ, որից 2020 մարդ զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով: Մենք ունենք երիտասարդների ներհոսքի դրական դինամիկա, սակայն ունենք 40-50 տարեկան գիտական կադրերի խիստ պակաս»: 

Աշոտ Սաղյանն անդրադարձավ ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումների հարցին՝ նշելով, որ մշակվում է բարեփոխումների ծրագիրը, որով նախատեսվում է կենտրոնացնել ԳԱԱ ռեսուրսները գիտության արդի չափանիշներին համապատասխան հիմնարար և հանրապետության տնտեսության պահանջներից բխող կամ ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված  հետազոտությունների վրա, ձևավորել ժամանակակից հետազոտական ծրագրեր իրականացնող գիտահետազոտական խոշոր կենտրոններ:

«Խնդիրները շատ են, և դրանք պետք է հրատապ լուծում ստանան: ԳԱԱ համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, դա այսօր խիստ պահանջված է և անհրաժեշտ է ակադեմիայի երբեմնի բարձր հեղինակության վերականգնման համար, ակադեմիայի և գիտնականների հանդեպ վերադաս մարմինների երբեմնի վստահության վերականգնման համար, ակադեմիայի միջազգային հեղինակության բարձրացման համար: Մենք ձեզ հետ միասին դրան կհասնենք, քանի որ կա վճռականություն, կա պատասխանատվության զգացում և բարեփոխումների իրականացման փորձ: Կարևոր է, որ դա իրականացվում է լիազոր մարմինների հետ համաձայնեցված: Դրա համար առկա է կառավարության ֆինանսական հովանավորությունը: Անշուշտ, կկարողանանք իրականացնել բարեփոխումներ, դրա համար մեկ բան է պետք. մեր լիազորություններից մեզ չզրկեն, թողնեն ակադեմիայի նախագահությունը զբաղվի բարեփոխումներով: Վերջը լավ է լինելու, մենք համոզված ենք», - ասաց Աշոտ Սաղյանը: 

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտակազմակերպական գործունեությունը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը խոսեց գիտական արդյունքի միջազգայնացման խնդրի մասին: «Մենք պետք է բազմաթիվ քայլեր անենք մեր ամսագրերում օտարալեզու բովանդակություն աճեցնելու համար: Բարձրագույն որակավորման կոմիտեի նոր պահանջներում նշված է նվազագույնը 10 տոկոս, բայց ես կարծում եմ, որ մեր ազգային անվտանգության, պաշտպանության տեսակետից անհրաժեշտ է հասնել շատ ավելի մեծ քանակության, որովհետև բոլոր որոնողական համակարգերը հղում են անում առցանց հանրագիտարաններին, որոնք էլ իրենց հերթին հղում են անում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակված հոդվածներին», - ասաց Արթուր Իշխանյանը:

Նա նշեց, որ ԳԱԱ-ն անդրադարձել է ՀՀ կառավարությունից և վերադաս մարմիններից ստացված բոլոր փաստաթղթերին, ներկայացրել է իր առաջարկություններն ու դիտողությունները: Հատուկ ուշադրությամբ և մանրամասն քննարկվել են բարձրագույն կրթությանը, գիտությանը, երկրի պաշտպանությանը, առաջավոր տեխնոլոգիաներին, գիտության ֆինանսավորմանն առնչվող օրենսդրական և իրավական ակտերի նախագծերը և ներկայացվել են համապատասխան դիտողություններ և առաջարկություններ:

Ըստ ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտակազմակերպական գործունեության հաշվետվության՝ ԳԱԱ ակադեմիայի 5 գիտական բաժանմունքներում անցկացվել է 14 ընդհանուր ժողով, բաժանմունքների բյուրոների 67 նիստ, այդ թվում՝ արտագնա և ընդլայնված նիստեր: Բաժանմունքների ընդհանուր ժողովներում լսվել և քննարկվել են բաժանմունքների 2020թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Բաժանմունքների բյուրոների նիստերում քննարկվել և հաստատվել են 2021թ-ի աշխատանքային պլանները, քննարկվել են ինստիտուտների 2021թ-ի բազային, թեմատիկ, նպատակային ծրագրերով, միջազգային դրամաշնորհներով և պայմանագրերով ֆինանսավորման հարցերը: Քննարկվել են 2021թ-ի սեպտեմբերին բաժանմունքների ինստիտուտներում անցկացված գիտաշխատողների ատեստավորման արդյունքները: Քննարկվել են գիտական աշխատանքների արդյունավետության բարձրացման, կիրառական նշանակություն ունեցող ուսումնասիրությունների ընդլայնման, գիտական կազմակերպությունների աշխատանքի գնահատման, բաժանմունքների բարեփոխումների հնարավոր ուղղությունների հարցերը: Ընդունվել են որոշումներ ինստիտուտների ներքին կառուցվածքի օպտիմալացման հարցերի վերաբերյալ:

Ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն ասաց, որ ՀՀ ԳԱԱ նախագահությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ անվանակոչելու առաջարկով:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունեց ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին և նշեց, որ իր համար պատիվ է ներկա գտնվել հոգեհարազատ միջավայրում:

«Մենք կարիք ունենք պետական քաղաքականության մեջ մեր խոսքն ասելու ժամանակ հաշվի առնել գիտական հիմնավորումները: Մենք կարիք ունենք անաչառ գնահատականներ տալու և՛ ստեղծված իրավիճակին, և՛ ապագային, որը կդառնա նաև պետական քաղաքականություն: Եթե փորձեք հիմա գնահատել, թե ինչով են պայմանավորված եղել մեր անհաջողությունները, ապա կհասկանաք, որ դրա պատճառը գիտությունից հեռվանալն է: Մենք կարիք ունենք նորից վերադառնալ այդ սկզբնաղբյուրին, որը կոչվում է միտք, անաչառություն, ազնվություն, իրատեսություն: Մենք այլ ռեսուրս չունենք, քան մարդն է՝ իր գիտելիքով, իր ունակություններով, իր նախաձեռնություններով: Հայաստանի իշխանության բոլոր օղակները՝ կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահական ինստիտուտը ձեր կողքին են, ձեր բոլոր նախաձեռնություններին աջակցողն են, պատրաստ են քննարկել ցանկացած բարդ հարց, որը կարող է ծագել: Մենք վաղվա օրվա մեր պետությունը կառուցելու մեջ միայն և միայն միասին կարող ենք լինել», - ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Ժողովի ժամանակ ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները: Նրանք բարձրացրեցին «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների, երիտասարդ կադրերի պատրաստման, սարքավորումների արդիականցման, Ադրբեջանի կողմից գրավված տարածքների պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների պաշտպանության ապահովման անհրաժեշտության հարցերը: Բարձրացվեց նաև ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում բազմաբնակարան համալիրի կառուցումը կասեցնելու հարցը: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես եկավ «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.04.2022թ.


Notices








From October 16 to 18, 2025, the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will held the International conference "Dieportation and Memory: The Ongoing Crisis of Artsakh in Oral Histories". The opening will take place on October 16 at 10:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (Marshal Baghramyan 24)

On October 17, 2025, the international scientific conference "15 Years of Biotechnology Development: Achievements and Prospects", dedicated to the 15th anniversary of the establishment of the "Armbiotechnology" Scientific-Production Center of the National Academy of Sciences of Armenia will take place at the "Armbiotechnologia" NPC of the National Academy of Sciences of RA

On October 17-18, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA will organize a "National Sciences, Mathematics, Technology, and Computer Science in the 21st Century: problems and solutions in the field of popularization and education" 8th Pan-Armenian Conference at the National Academy of Sciences of RA

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

The process of allocating full-time and part-time PhD admission slots for the 2026–2027 academic year has commenced. The deadline for application submission is October 20, 2025, at 18:00 (via Higher Education and Science Committee system: grants.hesc.am)

On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

Publications in Press
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
This site has been visited
7 493 196

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:22, 17/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am