Սույն թվականի փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ  «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով համաժողովը` նվիրված  մեծանուն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա  հոբելյանին:
   Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ  ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա մեջբերեց Հովհաննես  Թումանյանի խոսքերը. «Թումանյանն ասել է. «Պետք է համախմբել հայ  գիտնականներին, ստեղծել գիտություն հայերենով և հայ գիտնականների կաճառ`  գիտության օջախ, հայկական ակադեմիա»: Նա երազում էր ունենալ համալսարան մեր  կրթության համակարգում: Առաջին հանրապետության ղեկավարները կարողացան  համալսարանի նրա ցանկությունն իրականացնել. 1919թ-ին հիմնադրվեց Երևանի  պետական համալսարանը, որի 100-ամյակը  պետք է այս տարի նշենք, բայց,  Գիտությունների ազգային ակադեմիան չհաջողվեց այդ ժամանակ կազմակերպել, այն  կազմակերպվեց ավելի ուշ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

    Ներկաներին ողջունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ  Հարությունյանը:  «Պատահական չէ, որ շատ գիտնականներ, հասարակական  գործիչներ Թումանյանին համարում են ամենահզորներից մեկը, ով ազգի ձևավորման  մեջ շատ մեծ դերակատարում է ունեցել: Երբ կարդում ես նրա հրապարակախոսական  նյութերը, կարծես մի քանի օր առաջ է գրել դրանք: Բացի այդ որ գրել է,  խնդիրը վերհանել է, նաև լուծումներ է առաջարկել»,- ասաց նախարարը: Արայիկ  Հարությունյանը, հանդիսանալով նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի  առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ, հայտարարեց,  որ  պետությունը նպատակ ունի  Թումանյանի հոբելյանին նվիրված  միջոցառումները  վերածել համազգային տոնախմբության: 
   Հովհաննես Թումանյանի կյանքի և  ստեղծագործության, գրական-հասարակական գործունեության վերաբերյալ  ելույթներով հանդես եկան ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների  ներկայացուցիչներ: 
Միջոցառման ընթացում ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ Մանուկ  Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում  հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված  գիտական աշխատություններից:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   18.02.2019թ.