ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան նշում է իր հիմնադրման  75-ամյակը: 2018թ. հոկտեմբերի 17-18-ին տեղի կունենան ՀՀ Գիտությունների  ազգային ակադեմիայի 75-ամյակին  նվիրված հանդիսավոր հոբելյանական  միջոցառումներ: ՀՀ ԳԱԱ հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար  Հայաստան են ժամանելու գիտական պատվիրակություններ`Բելառուսից, Էստոնիայից,  Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայի  և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Մոլդովայից,  Չեխիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից:  Շատ պատվիրակություններ գլխավորում են գիտությունների ակադեմիաների  նախագահները: Հյուրերի թվում են նաև միջազգային  ICRANet ցանցի տնօրեն   Ռեմո Ռուֆֆինին և Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA)  փոխնախագահ Գրահամ Քեյը:
   Հոկտեմբեր 17–ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում  տեղի կունենա հոբելյանական նիստ:Այնուհետև ժամը 12:30-ին կբացվի ՀՀ ԳԱԱ  ցուցահանդեսը ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի տարածքում:
   Հյուրերը  կայցելեն Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական  ինստիտուտ և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: 
   Հոկտեմբերի  18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի դահլիճում տեղի կունենա հոբելյանական նիստ, որի ընթացքում տեղի  կունենա վաստակաշատ գիտնականների պարգևատրման արարողություն:
    Հայաստանի գիտությունների ակադեմիան ստեղծվեց 1943թ. նոյեմբերին ՀՍՍՌ  կառավարության որոշմամբ և առաջին պրեզիդենտ ընտրվեց աշխարհահռչակ Էրմիտաժ  թանգարանի տնօրեն ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: 1947թ-ին ակադեմիայի  պրեզիդենտ ընտրվեց  տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր` հանրահայտ գիտնական  Վիկտոր Համբարձումյանը: Ակադեմիայի հիմնադրման պահին հասարակական  գիտությունները ներկայացված էին Պատմության, Լեզվի և Գրականության  ինստիտուտներով, հետագայում ստեղծվեցին Արվեստի, Արևելագիտության,  Տնտեսագիտության, Փիլիսոփայության  և իրավունքի, Հնագիտության և  ազգագրության ինստիտուտները: Մեծ ուշադրություն դարձվեց ճշգրիտ  գիտությունների զարգացմանը. ստեղծվեցին ինստիտուտներ բնական գիտությունների  բնագավառում: Կարևորվեց տեխնիկական գիտությունների բնագավառում  ժամանակակից հետազոտությունների իրականացումը:
   Ակադեմիկոս Վիկտոր  Համբարձումյանի 46-ամյա ղեկավարման ժամանակահատ-վածում   Հայաստանի  գիտությունների ակադեմիան կայացավ, ունեցավ ծանրակշիռ ձեռքբերումներ,  առաջատար դեր ստանձնեց Խորհրդային Միության հանրապետությունների  ակադեմիաների շարքում, ճանաչելի դարձավ արտասահմանում: 
   1992 թ.` Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո,  ՀԽՍՀ ԳԱ-ն վերանվանվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա: 
    1993 թ-ն` Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորման դժվարին  ժամանակաշրջանում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ  ընտրվեց ճանաչված պետական գործիչ, գիտության և գիտական արտադրության անվանի  կազմակերպիչ Ֆադեյ Սարգսյանը: Տնտեսական վերափոխումներին զուգահեռ հույժ  կարևոր էր հոգածությունը  գիտության հանդեպ` պահպանել գիտական հիմնական  ուղղությունները, գիտական ներուժը, նախկին գիտական կապերն ու  համագործակցությունը: ՀՀ ԳԱԱ-ն անդամակցեց Գիտությունների ակադեմիաների  միջազգային ընկերությանը, սկսեց համագործակցել INTAS, ISTC, NATO, CRDF  միջազգային կառույցների հետ, իր գիտական հետազոտություններում ներգրավեց  օտարերկրյա հայ գիտնականների: 
   2006 թ. ՀՀ ԳԱԱ նախագահ ընտրվեց ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ոլորտի հայտնի մասնագետ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
    Մշակվեց «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի  մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հաստատվեց 14.04.2011թ. ՀՀ ԱԺ-ի կողմից: 
    Մեծապես ակտիվացավ ակադեմիայի միջազգային համագործակցությունը:  Համագործակցության նոր պայմանագրեր ստորագրվեցին Ռուսաստանի Դաշնության,  Բելառուսի, Ուկրաինայի, Լիտվայի, Ռումինիայի, Չինաստանի, Վրաստանի,  Թուրքմենիայի,  Ղազախստանի, Ղրղզստանի ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի  Թագավորական Ընկերության, Ֆրանսիայի CNRS կենտրոնի, Ֆրանսիայի 9  գիտակրթական հաստատությունների,  Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի,  Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժայի քաղաքային համալսարանի,  Գերմանիայի Մաքս Պլանկ ընկերության հետ: ՀՀ ԳԱԱ-ն «Գիտական միջազգային  խորհրդի» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի»  (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիայի» (ALLEA) անդամ  է: Երկարատև համագործակցության արդյունքում համատեղ գիտական  լաբորատորիաներ ստեղծվեցին Ֆիզիկական հետազոտությունների, Երկրաբանական,  Հնագիտության և ազգագրության ինստիտուտների հետ: Ակադեմիան ակտիվ  մասնակցում է «Հորիզոն 2020»  ծրագրին, որտեղ նախագծերի մեծ մասն  իրականացվում է  ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների կողմից:
   ՀՀ  ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ,  ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն  ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝
- մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք, 
 
- ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք, 
 
- բնական գիտությունների բաժանմունք, 
 
- քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունք, 
 
- հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:   
 
   Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 3800-ից ավելին է, այդ  թվում մոտ 340 գիտության դոկտոր և մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի  կազմում ընդգրկված են 46 ակադեմիկոս, 56 թղթակից անդամ, 4 պատվավոր անդամ,  133 արտասահմանյան անդամ և 40 պատվավոր դոկտոր:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
   15.10.2018թ.