Նոյեմբերի 5-ին Երևանում անցկացվեցին  «Բոյաջյանական ընթերցումներ»` մարդու համալիր հիվանդությունների  գենոմիկայի, իմունոլոգիայի և կենսաինֆորմատիկայի վերաբերյալ` նվիրված ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի  տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աննա Բոյաջյանի հիշատակին: 
    Աննա Բոյաջյանը գլխավորեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը 2006թ-ին  և ղեկավարեց այն մինչև իր անսպասելի մահը` 2015թ-ը: «Նրա գալուստով  ինստիտուտը ստացավ իր գործունեության հստակ ուղղությունները, և այժմ  զարգացնում է այդ ուղղությունները ժամանակակից մակարդակով` իրացնելով լավ  գիտական պոտենցիալ»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ բնական  գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Ռուբեն Հարությունյանը:

    Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն կենսաբանական  գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը նշեց, որ Աննա Բոյաջյանը  նշանակալից ներդրում է ունեցել Հայաստանում կենսաբժշկական  հետազոտություններում կենսաինֆորմատիկայի և հաշվարկային կենսաբանության  ժամանակակից մեթոդների ներդրման գործում:

    Աննա Բոյաջյանը միջազգային ճանաչում ունեցող գիտնական է, բազմաթիվ ազգային  և միջազգային դրամաշնորհների հաղթող, ավելի քան 370 գիտական  հրապարակումների հեղինակ, ստացել է ազգային և միջազգային մի շարք պատվավոր  պարգևներ գիտության մեջ իր ունեցած ներդրման համար: Նա ակտիվ  մասնակցություն է ունեցել հետազոտողների երիտասարդ սերնդի կրթության և  կարիերայի զարգացման գործում: Հիմնել և ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Միջազգային  գիտակրթական կենտրոնի Մոլեկուլային և բջջային կենսաբանություն ամբիոնը: Իր  գիտական կարիերայի ընթացքում նա պատրաստել է 20 գիտության թեկնածու և ավելի  քան 30 ասպիրանտ:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   08.11.2017թ.