National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Yervant Zorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Our Honored Figures
Նիկողայոս Ադոնց

մեծ բյուզանդագետի, հայագետի և բանասերի 150-ամյակի կապակցությամբ

   Ոչ ոք չգիտե՝ անցքերի թավալգլոր անիվը ուր է տանում։ Պատրաստ և զգաստ լինենք, որպեսզի չկորչենք անփառունակ, կռվողների ոտքերի տակ կոխան։ Ն.Ադոնց 

   Նիկողայոս Ադոնցի կյանքի և գիտական ստեղծագործության պատկերը ճշգրտորեն գտնելուն օգնում են Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական մատենաշարով լույս տեսած նրա երկերի ութ ծավալուն հատորները։
   Նշանավոր գիտնականը ծնվել է 1871-ի հունվարի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում, որը եղել է մելիքական գյուղ։ Բարեբախտաբար 1937թ. Բրյուսելում պատմաբանը գրել է իր տոհմական արմատների մասին մի հոդված՝ «Դավիթ Բեկ և Տեր Ավետիքի սերունդը» խորագրով։ Վերջինս լույս է տեսել Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» ամսագրում 1937-ին։ Այդ հոդվածից իմանում ենք, որ նա շառավիղն է Դավիթ Բեկի զինակից Տեր-Ավետիսի, որը մեծ դեր է կատարել Հայաստանի ազատագրական կռիվներում. «Դավիթ Բեկի զինակիցների մեջ Տեր Ավետիք քահանան կարևոր դեր ունի։ Նրա քաջասրտությանն է պարտ Զևու բերդի առումը, Դավթի ամենեն նշանավոր հաղթությունը»։ 
   Նիկողայոս Ադոնցի ազգանունը սկզբում եղել է Տեր-Ավետիքյան։ Ադոնց է դարձել, երբ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում Տեր-Ավետիքով ազգանունը փոխել է տվել Ադոնցի՝ իր հայկականությունը շեշտելու համար։
   Ադոնցի մայրը՝ Դանա Ռոստոմբեկյանը, նույնպես ազնվական էր, նա ծագում էր Օրբելյան իշխանական տոհմից ու Դավիթ Բեկի ազգականն էր։ Այս ուշագրավ հոդվածից իմանում ենք, որ Տաթևի վանքի եպիսկոպոս Հովակիմի ժամանակ Բռնակոթ գյուղի մի քանի անձեր իրենց ծախսով 1787 թվականին Տաթևի վանքի մոտ թաղված հայ միջնադարի նշանավոր աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ, մանրանկարիչ, եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացու (1346-1409) գերեզմանի վրա կառուցել են տվել շքեղ դամբարան՝ երկար արձանագրությամբ։
   Ինչպես վկայում է Ադոնցը, ինքը Տեր Ավետիքի թոռ Գևորգի որդին է։ Գևորգը Բռնակոթ գյուղի քահանան էր։ Անշուշտ, Գևորգ քահանան ջանացել էր իր որդուն տալ օրինակելի կրթություն, ուղարկել է Տաթևի վանքում սովորելու, իսկ այնուհետև նրան տեղափոխել է Գևորգյան ճեմարան։ Բրյուսելի համալսարանում Ադոնցի մոտ ուսանած Մուշեղ Իշխանը գրում է, թե պրոֆեսորը մի առանձին սիրով էր հիշում Գևորգյան ճեմարանում իր ուսանած տարիները և այդ տարիների մասին պատմում էր զվարճալի դեպքեր։ Ալեքսանդր Մանթաշյանի կրթաթոշակով Ադոնցը սովորել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ու պատմաբանասիրական ֆակուլտետներում՝ դրանք ավարտելով ոսկե պարգևով։ Արդեն համալսարանում ուսանելու տարիներին եղել է Եվրոպայի հռչակավոր կենտրոններում ու պարապել տեղի նշանավոր գրադարաններում՝ Փարիզի, Լոնդոնի, Մյունխենի, Վենետիկի, Վիեննայի։ Նպատակն է եղել հատկապես խորանալ բյուզանդագիտության մեջ։ Ադոնցն ազատորեն գրել է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն լեզուներով։ Տիրապետում էր նաև հին դասական լեզուներին ու տարբեր ազգերի սեպագրերին։ Նա հավասարապես գրում էր թե արևելահայերեն և թե արևմտահայերեն։
   Ադոնցի երկերի Է հատորը պարունակում է նրա նամականին։ Հարկ է երախտագիտության տուրք մատուցել պատմաբան Պետրոս Հովհաննիսյանին, որը երկար տարիներ ուսումնասիրել է Ն.Ադոնցի գիտական ժառանգությունը և կազմել, ծանոթագրել նրա երկերի հատորները։ Ադոնցի նամակներից իմանում ենք, որ Վենետիկի միաբաններից նա առանձնացնում է հատկապես երկուսին՝ Ղևոնդ Ալիշանին և Գարեգին Զարբհանալյանին։ Նաև իմանում ենք, որ Եվրոպայի գրադարաններում գիտական հետազոտություններ կատարելու տարիներին նյութական դժվարություններ է ունեցել, որովհետև Մանթաշյանի նշանակած թոշակը չի բավարարել նրա առաջնահերթ կարիքներին։ 1901թ. մարտի 18-ին Ն.Մառին գրած ռուսերեն նամակում նա գրում է.«Չափազանց ուրախ եմ Ձեզ հայտնել, որ իմ դիպվածն ավարտվեց բոլորովին բարեհաջող։ Ես հնարավորություն ունեցա այստեղ՝ Փարիզում, խոսել Մանթաշևի հետ։ Նա ինձ ընդունեց շատ սիրալիր։ Հարցուփորձ արեց որոշ բաներից, և ի վերջո համաձայնվեց շարունակել ինձ աջակցել ևս մեկ տարի»։

   Մուշեղ Իշխանի «Երեք մեծ հայեր» բացառիկ արժեքավոր հուշագրությունից իմանում ենք, որ Ադոնցը երբեք չի հանդուրժել, որ հայերն արտասահմանում օտարներին երևան խղճալի տեսքով։ Նա միշտ հագնվել է՝ հետևելով մոդային ու հարուստ մարդու տպավորություն է թողել։ Բրյուսելում ապրել է շքեղ թաղամասում, հաճախել է թանկ սրճարան, ուր ամեն օր թերթ էր կարդում, խմում էր սուրճ և ծխում Հավանայի սիգար։ Նրա սենյակը, որը լի էր ամենատարբեր լեզուներով գրքերի լեցուն գրապահարաններով, փայլում էր մաքրությամբ ու կարգ ու կանոնով։ Նա մեծահարուստ ազնվականի տեսք ուներ, ու թեև 70 տարեկանն անց էր, սակայն տեսքով երիտասարդ էր երևում։
   Ադոնցն ամուսնանացած էր տաղանդավոր օպերային երգչուհի Հուրի Հովնաթանյանի հետ, որն իրենից շատ երիտասարդ է եղել, երկու տարի ծանր հիվանդ է եղել, ու գիտնականն անձամբ է խնամել նրան։ Հուրին բազմակողմանի զարգացած էր, նա նաև հիանալի նկարում էր, ու նկարներ էր անում ամուսնու գրքերի ու հոդվածների համար։ Ադոնցի կինը վախճանվել է 1935-ին և թաղված է Փարիզում։ Ամեն տարի Զատկի տոներին պատմաբանն այցելում էր Փարիզ ու ծաղիկներ դնում կնոջ գերեզմանին։
    Նիկողայոս Ադոնցը մեծ հայրենասեր էր։ Ճակատագրի բերումով նա 1920 թվականին հեռացավ Ռուսաստանից՝ այլևս չվերադառնալու որոշմամբ։ Նա, որ այնքան պաշտում էր Հայաստանը, այլևս չտեսավ իր հայրենիքը: Վախճանվեց 1942-ի հունվարի 27-ին  Բրյուսելում և թաղվեց այնտեղ։
   Երախտագետ սիսիանցիները Սիսիան քաղաքում կանգնեցրել են նրա հուշարձանը։ Քանդակագործը տաղանդավոր Արտաշես Հովսեփյանն է։
   Ադոնցի գիտական վաստակը բազմաճյուղ է։ Նա առաջին հերթին բյուզանդագետ է և համաշխարհային բյուզանդագիտության մեջ հայտնի անուն է։ Գիտնականը բյուզանդագիտությունը հարստացրեց նոր փաստերով՝ օգտագործելով հայ պատմիչների ընձեռած տվյալները։
   Բյուզանդագիտական ուսումնասիրությունների գագաթը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» գիրքն է, որը եղել է նրա մագիստրոսական թեզը։ Այդ գիրքը, որը սկզբնապես գրվել է ռուսերեն, հետո թարգմանվել է ֆրանսերեն և ապա հայերեն։ 
   387 թվականին Հայաստանի արևմտյան հատվածն ընկավ Բյուզանդիայի տիրապետության ներքո։ Ահա այդ ժամանակահատվածից մինչև Հուստինիանոս Առաջինի (483-565) ժամանակահատվածի դեպքերը կազմում են գրքի բովանդակությունը՝ ըստ հունահռոմեական, հայկական և XIX դարի եվրոպական բյուզանդագետների աշխատությունների։ Ադոնցը ներկայացնում է Հայաստանի ներքին և արտաքին կացությունը մինչև Հուստինիանոսը և, իհարկե, իր գրքի հիմնական նյութը կազմում են Հուստինիանոսի գահակալության թվականներին Արևմտահայաստանում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական, օրենսդրական փոփոխությունները։ Գրքում տեսանելի ձևով ներկայացվում են 536-ին Հուստինիանոսի կատարած բարեփոխումները, որի անվան տակ Բյուզանդիայի կայսրը ոչնչացրեց հայկական քաղաքական ու հասարակական կարգերը՝ նպատակ ունենալով Արևմտահայաստանի հռոմեականացումը։ Հայերը ամեն բանում պետք է ենթարկվեին հռոմեական օրենքներին և Բյուզանդական կայսրության համար հուսալի պատնեշ դառնային Արևելքից եկող թշնամական հարձակումներին։ Հուստինիանոսը Բյուզանդիայի համար եղել է հզոր կայսր, ընդարձակել է պետության սահմանները, կատարել է բազում շինարարական աշխատանքներ, որոնցից նշանավորագույնը Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումն էր Կոստանդնուպոլսում։ 535-ի ապրիլի 15-ին լույս է տեսնում Հուստինիանոսի եզակի ու նշանավոր նովելլան, որում կայսրն անկեղծորեն մերկացնում էր պետական ծառայողների այլանդակ բարքերը, արծաթասիրությունն ու կաշառակերությունը։ Գրքում Ադոնցը ներկայացնում է, թե Հուստինիանոսի օրենսդրությամբ հիմնվում են չորս Հայքերը՝ I, II, III, IV, որոնք կրում են Հայք անվանումը, որովհետև երկրի բնակիչները հայեր էին։ Հուստինիանոսի օրենսգրքում սահմանվում են ժառանգական ու կանանց իրավունքները։ Հետաքրքիր է, որ կրթական հարցերում Հուստինիանոսը խտրություն չէր դնում Բյուզանդական կայսրության մեջ ապրող ազգությունների միջև։
   1915-ին է լույս տեսել Նիկողայոս Ադոնցի «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» դարձյալ կոթողային աշխատությունը, որով նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։
   Դիոնիսիոս Թրակացու (ապրել է Ք.ա. II դարում) «Քերականական արվեստ» գիրքը անտիկ աշխարհի նշանավոր լեզվագրական հուշարձաններից է։ Այն միջնադարի հայ քերականների սիրելի գործերից էր և ենթարկվել է տարբեր մեկնությունների՝ սկսած VI դարից։
   Առաջին մեկնիչների՝ Դավթի, Մովսեսի և Ստեփանոսի բուն հեղինակային երկերը, ըստ Ադոնցի, մեզ չեն հասել։ Հետագայում, սակայն ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը Մաշտոցի ավան Մատենադարանում գտավ V-VI դդ. քերական Դավթի մեկնությունն ու այն հրատարակեց։ Միաժամանակ հաստատվեց Նիկողայոս Ադոնցի այն ճշգրիտ կռահումը, թե Դավիթ Քերականը չի եղել փիլիսոփա Դավիթ Անհաղթը։
   Դավիթ Քերականի, Մովսես Քերթողի, Անանունի, Ստեփանոս Սյունեցու քերականական մեկնությունները զետեղված են գրքի սկզբում։ Ըստ որում, Դավիթ Քերականի մեկնության խորագրի տակ գրված է, որ այն քաղածո է։ Այնուհետև զետեղված են Գրիգոր Մագիստրոսի, Համամ Արևելցու մեկնությունները։
   Դիոնիսիոս Թրակացու քերականության մեկնություններում ձևաբանությունն ու շարահյուսությունը միասնական են։ Բացի լեզվաբանական գիտելիքներից, Թրակացու քերականության մեջ առկա են նաև գրականագիտական ու գրաքննադատական գիտելիքներ։
   Գրքի շատ ծավալուն տեսական բաժնում Ադոնցը տվել է իր օգտագործած ձեռագրերի նկարագրությունները՝ ներառելով դրանց հիշատակարանները։
   Դիոնիսիոս Թրակացու հայ մեկնիչների գործերում հանդիպում ենք հետաքրքիր պատմությունների, որոնք ներկայացնում են Հունաստանի պատմական դեպքերը, նշանավոր դեմքերին և ծանոթացնում հին աշխարհի գրականությանն ու արվեստին։
   Գրիգոր Մագիստրոսի մեկնության մեջ պատմվում է, թե ինչպես պատանի Հոմերոսը կուրացել է չար ախտի պատճառով և կոչվել Հոմերոս (Հոմերոսը թարգմանվում է կույր)։
   Ադոնցի երրորդ կոթողային աշխատանքը «Քննական պատմություն Հայոց» երկն է, որը ֆրանսերեն է ու լույս է տեսել հեղինակի մահվանից հետո՝ 1946-ին։ Սա Ադոնցի կարապի երգն է, որը ծրագրված էր չորս հատորով լույս աշխարհ գալու, սակայն իրականացավ միայն առաջին հատորը, որը սկսվում է հայերի ծագումնաբանումից և հասնում է մինչև Քրիստոսից առաջ VI դար։ Սակայն գիտնականի գործին կցված են նաև երկրորդ և երրորդ հատորներից որոշ նյութեր։ Ադոնցն այս աշխատության վրա, որը գրել է ֆրանսերեն, աշխատել է 1939-1941 թվականներին։ Նա համոզված է եղել, որ հետագայում իր պատմությունը կթարգմանվի հայերեն։ Անշուշտ, Ադոնցը գիտեր, որ Խորհրդային Միության համար ինքն անցանկալի գիտնական է, որովհետև չէր ընդունել խորհրդային կարգերը, ընդհանրապես չէր սիրում հեղափոխությունները, բայց նորի ու առաջադեմի խիստ կողմնակիցն էր։ Այդ բեղուն ու հարատև գիտական հետաքրքրությունների համար էլ նա Բրյուսելում համարվում էր շատ սիրված ու գնահատված պրոֆեսոր, Բրյուսելի հայության պարծանքը։
   Ադոնցը Հայաստանի պատմությունը դիտարկում էր միջազգային նշանակության առումով. «Չկարծեք,–ասում էր նա,–թե գյուտերը միայն քիմիական կամ մեքենագիտական աշխարհի մեջ են տեղի ունենում։ Մեծագույն գյուտն է, հանճարեղ մտքի գյուտը, երբ մի բանասեր հաջողեցնում է մի բառի վրա հիմնված ժողովրդի քաղաքակրթության անցյալ մեկ շրջան վերականգնել կամ ցեղաբանական կազմությունը ճշտել և կամ մի դեպք իր ժամանակաշրջանի մեջ տեղավորել»։
   Հայաստանն իր Արևելյան ու Արևմտյան հատվածներով գիտնականն անձամբ տեսել էր երիտասարդ տարիներին՝ շրջելով ոտքով կամ ձիով։ Մասնակցել էր ակադեմիկոս Մառի՝ իր ուսուցչի ղեկավարությամբ ընթացող Հայաստանի Անի մայրաքաղաքի պեղումներին։ Նա հայերենով ու օտար լեզուներով մեղվաջան քննել էր հայ և օտար պատմիչների հաղորդածը Հայաստանի մասին ու այդ հսկայական գիտելիքների պաշարով էր շարադրել Հայաստանի քննական պատմությունը։
   Ադոնցի «Քննական պատմություն Հայոց» աշխատության լույս աշխարհ գալուն մեծապես նպաստել է հայ ժողովրդի երախտավոր զավակներից մեկը՝ Արշակ Չոպանյանը։ Նրա խնդրանքով Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Ռընե Գրուսեն գրել է առաջաբան, որում ասում է. «Բյուզանդիան, որ սելջուկյան ներխուժման դեմ Մեծ Հայքի պաշտպանությունը անձամբ իր ձեռքն առնելու պատրվակով XI դարում վերջ տվեց Բագրատունյաց և Արծրունյաց ծաղկուն պետություններին, կարճ ասած, վերջ տվեց հայկական անկախությանը, որպեսզի դրանից անմիջապես հետո թուրքերին հանձնի այս երկիրը»։

   Գրուսեն փայլուն գնահատական է տվել Տիգրան Մեծին ասելով՝ «Տիգրանը իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավիտենականության համար»։ Ֆրանսիացի նշանավոր պատմաբանի այս մարգարեական բանաձևումը պետք է իմանա ու հասկանա ամեն հայ, հատկապես հայ ժողովրդին առաջնորդելու դժվարին գործը ստանձնած պետական պաշտոնյաները։
   1904 թ. Ադոնցը հրատարակել է մի ոչ ծավալուն հետազոտություն՝ «Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ»։ Հենվելով հիմնականում Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» երկրորդ մասի փաստերի վրա՝ նա փորձում է Վասակ Սյունեցու անվան վրայից հանել դավաճանի խարանը։ Պատմաբանի կարծիքով հայերն այնքան քաղաքակիրթ ու հայրենասեր են, որ նրանց շարքերում չպետք է լինեն դավաճաններ։ Նա նույնիսկ արդարացնում է Տիգրան Մեծի որդուն, որ Պոմպեոսի մոտ գնաց հորից ավելի շուտ՝ ասելով, թե գնացել էր հոր համար բարեխոսելու, և որ այդ դեպքը նկարագրող օտար պատմիչները պարզապես զրպարտում են Տիգրանի որդուն՝ մոռանալով, որ նա դոֆին էր՝ գահի ժառանգորդը։
   Ադոնցն ուսումնասիրել է ոսկեդարի ու միջնադարի հայ մատենագիրներին՝ Մովսես Խորենացուն, Կորյունին, Եզնիկ Կողբացուն, Փավստոս Բուզանդին, Ղևոնդ պատմիչին, Մովսես Կաղանկատվացուն։ Ուշագրավ աշխատություն ունի նվիրված Մաշտոցին ու նրա աշակերտներին՝ ըստ օտար աղբյուրների։
   1936 թվականին Փարիզում նշվել է Աստվածաշնչի հայերեն թարգմանվելու 1500-ամյա հոբելյանը, որին մասնակցել է նաև Ադոնցը՝ ի թիվս օտարազգի գիտնականների։ Նրա զեկուցման թեման էր «Հայացած Աստվածաշունչը և նրա պատմական տարողությունը»։ Այդ զեկուցումը ֆրանսերենով լույս է տեսել Փարիզում 1938-ին։ Զեկուցման մեջ կարդում ենք. «Ազգային եկեղեցի ունենալ նշանակում է ունենալ սեփական մշակույթ, ինքնահատուկ լեզու, գրականություն, արվեստ, մեկ խոսքով՝ այն ամենը, ինչը որ բնորոշում է ազգի հոգեկան կերտվածքը»։
   Նա ներկայացնում է, թե ինչ մեծ դեր են կատարել հայազգի կայսրերը Բյուզանդիան հզորացնելու համար։ Փաստերը քաղում է ոչ թե հայկական, այլ բյուզանդական աղբյուրներից։ Հայտնի է, որ Հերակլիոսը (610-641) Բյուզանդիայի ամենանշանավոր կայսրերից մեկն էր և հայ էր։
   Առանց հայազգի Վասիլի, ինչպես վկայում է օտար մի բյուզանդագետ, իսլամությունը կմտներ Եվրոպա ու ամեն ինչ քարուքանդ կաներ։ Առանց հայ զորավարների Բյուզանդիան կկործանվեր բարբարոսների ոտքերի տակ։ Բյուզանդական պատմագիրը գրում է. «Ծանր րոպեներին հանկարծ երևան էր գալիս մի Հերակլիոս, մի Վասիլ, մի Փոկաս, որ այդ հոգնած քաղաքակրթությանը տալիս էր նոր թարմություն, և այդժամ կայսրությունը՝ այդ ծեր կինը, դառնում էր ոսկով ու թանկագին քարերով զարդարված մանկամարդ աղջիկ»։
   Որպես հմուտ ձեռագրագետ Ադոնցը ճշգրտել է տարբեր հայկական ձեռագրերի հիշատակարանների միջոցով գրչագիր մատյանի իսկական տարիքը։ Այդպես նա ճշտել է մեր օրերը հասած հնագույն ձեռագրի՝ Մլքեի Ավետարանի գրության տարին։ Մլքեի Ավետարանը գրվել է 862 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 26-ը։
   Ադոնցը Հայաստանի, հայ գրականության, հայոց լեզվի վերաբերյալ ծավալուն հոդվածներ է գրել ռուսական Բրոքհաուզ և Էֆրոն միջազգային հեղինակություն ունեցող հանրագիտարանի համար։
   Շատ լայն են մեծ պատմաբանի հետաքրքրությունները։ Նրան հետաքրքրում էին գեղանկարչությունը, երաժշտությունը, տարբեր ազգերի գրականությունները, արվեստի ու գրականության մեջ հանդես եկած մոդեռնիստական հոսանքները։ Նա տեսել է Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ռուսաստանի շքեղաշուք թանգարանները։ Ուշագրավ է նրա «Գրական նշմարներ. դեկադանս և սիմբոլիզմ» հոդվածը՝ գրված 1903-ին, Պետերբուրգում։ Գերիրապաշտության սկզբնավորման արշալույսին Ադոնցը գրում է. «Նոր գրական շարժման ավետավորը համարվում է Շառլ Բոդլերը։ Նրա հռչակավոր  «Չարի ծաղիկները» (1857թ.) սփռեցին գրական մթնոլորտում մի ինքնօրինակ բույր, որ հետզհետե խտացավ։ Ութսունական թվականներին  «ծաղիկները» վերընձյուղվեցին և սկիզբ դրին նշանավոր և այնքա՜ն աղմկալի հոսանքի»։
   Եզակի է այն բնորոշումը, որ Ադոնցը տվել է Խաչատուր Աբովյանին.  «Աբովյան այն անձերից էր, որ աշխարհ են գալիս խորհուրդը ճակատին և երազները հոգում»։
   Ն.Ադոնցը առանձին հոդվածներ է նվիրել արևմտահայ գրողներ Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Ավետիս Ահարոնյանի և այլոցստեղծագործություններին։ Հիացած էր Սիամանթոյով, որի առողջական խնդիրները խիստ մտահոգել են նրան։ 
   Իր հասարակական գործունեությամբ, գիտական հոդվածներով Ադոնցը խիստ կարևորել է Հայ առաքելական եկեղեցու դերը հայապահպանման, ազգային պետականությունն ամրապնդելու խնդրում։  «Հայոց եկեղեցու հազար վեց հարյուր ամյակի նախօրեին» հոդվածի համար նա բնաբան է ընտրել գերմանացի հանճարեղ գրող Շիլլերի հետևյալ տողերը. 

   Ազնիվ հոգի, պոկվի՛ր մոլորությունից
   Եվ պահպանի՛ր երկնային հավատը։

   Նա հայության հարատևության 16-դարյա ընթացքը տեսնում է հայ եկեղեցու ազգապահպան ու անսասան դերի մեջ։
   Ի վերջո՝ Ն.Ադոնցի մեծագույն առաքելություններից մեկը եղել է հայ դատի պաշտպան լինելու անմնացորդ նվիրումը։ Պատմաբանին ճանաչողներն ասում են, որ նա ինքը հենց Հայաստանն էր, իր փառահեղ անցյալով, դժվար ներկայով ու սպասվելիք լուսավոր ապագայով։
   Ազդեցիկ է «Լոնդոնի «Թայմս» թերթի խմբագրին» ուղղված նամակը, որը գրվել է 1920 թվականի նոյեմբերի 7-ին։ Մեծ հայրենասերը փաստերով մերկացնում է, թե ինչպես Իտալիան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան չեն տեսնում, թե ինչ բարբարոսություններ են անում թուրքերը հայերի նկատմամբ. «Հայերը վտարված են իրենց բնակավայրերից, թափառում են և մի հանգիստ անկյուն չեն գտնում այս ստոր  աշխարհում»։ Կարծես թե հենց այսօրվա համար է գրված. չէ որ բոլշևիկները հայկական հողերը հանձնեցին Թուրքիային ու Ադրբեջանին, և այսօր թուրքերը հայտարարում են, թե Հայաստան չկա, ամեն ինչ իրենցն է։ Սրա պատճառը բացատրել է Ադոնցը.  «Այժմ, երբ կատարվել է գրեթե անհնարինը, և նրանց մեջքին է իջել ռուսական կոմունիզմը՝ այս անգամ արդեն թուրքական բարբարոսության հետ»։
   Գիտնականը համոզված է, որ հայերը մեկընդմիշտ «կշրջվեն Եվրոպայից տառապալից համոզմամբ, որ մարդկային արժանիքներից լավագույնը՝ խիղճը, այնտեղ անհույս խլացել է»։
   Բազմաթիվ են հայոց հարցին վերաբերող Ադոնցի հրապարակախոսական ելույթներն ու հոդվածները։
   Նրա նախագահությամբ 1929-ի ապրիլի 24-ին Փարիզի  «Փըթի ժուռնալ» ընդարձակ սրահում տեղի է ունեցել սգահանդես՝ նվիրված Հայոց Մեծ ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սգո հանդեսը նախագահել է Ադոնցը, որի խիստ ներգործուն և ազդու խոսքում ասվում է.  «Մեր զոհերը ջարդվեցին նրա համար, որ գերադասեցին ապրել իբրև Հայ և ոչ թե՝ իբրև ստրուկ։ Հերոսը նա է, որ արհամարհում է մահը հանուն որևիցե բարձր գաղափարի։ Մեր ապրիլյան նահատակները կգնան միանալու Հայոց պատմության մյուս անհամար զոհերին, որոնք իրենց արյունը տվին պահպանելու համար հայությունը և նրա քաղաքակրթությունը։...Չկա հաղթանակ առանց պարտության։ Երբ ծառի ճյուղերը կտրում են, նա թարմ ընձյուղներ է արձակում։ Ձեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր պարտականությունը՝ հանուն ազատության»։
   Այս խոսքերը՝ ուղղված հայերին, ասվել են բոլոր ժամանակների համար։ Ու թեև մեծ հայը հիմա հանգչում է Բրյուսելում, իր տեղը չի գտել հայ մեծերի պանթեոնում, փոխարենը թող նրա անմահ գիտական ժառանգությունն ու կերպարը հավերժորեն ապրեն ամեն մի եկող սերնդի սրտի պանթեոնում։


Notices








On the 21st of February, 2024, The Institute of Language named after H. Acharyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia invites you to participate in the international conference "Current Problems of Studying and Teaching the Armenian Language". The conference will take place at the Institute of Language

Ս.թ. փետրվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտական ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
21/02/2024

Դա հետաքրքիր մեխանիզմ է. Օրինակ՝ կարող է սահմանագծման գործընթացում գիտական թեմա ի հայտ գալ. Փաշինյան
news.am
21/02/2024

Փաշինյանն առաջարկել է բուհերի ազատված շենքերը վարձակալության տալ և եկամուտն ուղղել «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը
news.am
21/02/2024

Գիտական կոչումների շնորհման գործընթացում ստաբիլ ցածր դինամիկա կա. պատճառը գրագողության դեմ պայքարն է. Սարգիս Հայոցյան
news.am
20/02/2024

Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
primeminister.am
This site has been visited
6 853 015

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:41, 23/02/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am