National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Yervant Zorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Our Honored Figures
Միքայել Տեր-Միքայելյան

Այս կամ այն բնագավառում անուրանալի ներդրում ունեցած հայտնի ու տաղանդավոր մարդկանց մասին մենք սովոր ենք խոսել միայն գերադրական մակդիրներով՝ վեհացնելով, փառաբանելով, բայց և, միևնույն ժամանակ, դիմազրկելով նրանց... Այնինչ նրանք կենդանի մարդիկ են՝ իրենց թռիչքներով և անկումներով, իրենց տարօրինակություններով և «պահարանի կմախքներով», իրենց մոլորություններով և սխալներով՝ ներելի կամ ոչ․․․

Մեր նպատակը հարգանքի տուրք մատուցելն է մարդո՛ւն, և ոչ թե պատվանդանի հուշարձանին:

Ցրտից թմրած մատներով մի կերպ ծխախոտ վառելով ու կծկված շրջելով իր իսկ ստեղծած գիտական առաջատար ինստիտուտներից մեկի չջեռուցվող լաբորատորիաներում, փորձում էր ելք գտնել՝ թույլ չտալու, որ գիտական միտքը հեռանա այս հաստատության պատերից այնպես, ինչպես, որպես մետաղի ջարդոն, հեռացան ինստիտուտի գիտական շատ սարքավորումներ՝ «նիվաներով տղերքի» ձեռքերով։ Իսկ դրան կարող էր հաջորդել պատերի վերջնական փլվելը։

Այդ ժամանակ նիվաները՝ «խորհրդային ջիպերը», վկայում էին տերերի «բարձր կարգավիճակի» մասին․․․ Ահա այդպես «բարձր կարգավիճակով» էլ դուրս էին բերում այն ամենը, ինչը հնարավոր էր վաճառել․ խորհրդային ճարտարագիտական մտքի վերջին նվաճումները՝ որպես ջարդոն ․․․

Հրաժարվելով Մոսկվայում ունեցած տաք ու կուշտ պաշտոնից, նաև՝ տնօրենի բազկաթոռից այստեղ, նա ուրվականի պես թափառում էր ինստիտուտի վիթխարի տարածքում՝ միայն մեկ ցանկությամբ՝ թույլ չտալ գիտավանին ուրվականի վերածվել, և դա նրան մասամբ հաջողվեց։ Այսօր էլ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն (Աշտարակ) իր գիտական ցուցանիշներով Հայաստանում զբաղեցնում է վարկանիշային բարձր տեղեր։

Ցանկալի կլիներ, իհարկե, բարձրագոչ ազդարարել, որ սա համաշխարհային անուն ունեցող ինստիտուտ է ... (ինչն իրո՛ք հնարավոր էր, բայց դրա համար մեր վերջին երեսուն տարիները պիտի այլ ընթացք ունենային)։

Այդուհանդերձ, սա մասամբ քաղաք-ուրվական է, ուր մուտք գործելիս աչքի է զարնում 1998 թվականի՝ բարձրագոչ մակագրությամբ, բայց ջարդված ցուցանակը՝ «Աշտարակի տեխնոպարկ՝ այս տարածքում հիմնադրվելու է բարձր տեխնոլոգիական տնտեսական գոտի»։

Անմիջապես ցուցանակի հետևում՝ ֆուտբոլի դաշտն է՝ այժմ ամայի խոպան, ձախից՝ արտադրական շենք-տեսիլքները, որոնք մաս-մաս հափշտակվում էին՝ քանդելով կտուրները։ Քայքայված են այլևս թենիսի կորտերը, որտեղ խորհրդային մասշտաբի մրցումներ էին անցկացվում, կիսաքանդ է մանկապարտեզի շենքը, վիթխարի մրգատու այգիներից, որ տնկվում էին հատուկ մշակված գլխավոր պլանով՝ Երևանի բուսաբանական այգու աշխատակիցների հսկողության ներքո, լոկ փոքր մասն է մնացել։

Խաղողի այգիները սեփականաշնորհվել և վերացվել են։ Ինստիտուտի տարածքի 110 հեկտարից մնացել է 45-ը, մոտ 500 աշխատակիցներից՝ հարյուրից փոքր ինչ ավելի։

Ջարդված ցուցանակն այդպես էլ մնացել է միակ հիշեցումը «բարձր տեխնոլոգիաների մասին», իսկ երկրի այժմյան ղեկավարությունն անրջում է նոր վիթխարի ծրագրերի մասին։ Այնպես որ, դեռ կքանդեն, իսկ ահա՝ կառուցել․․․ Դե ի՞նչ․ սպասում ենք բարձրագոչ անվանումով նոր ցուցանակի․․․

Իսկ չէ՞ որ Միքայել Լևոնի Տեր-Միքայելյանը՝ Տեր Միշան, ինչպես բոլորը կոչում էին նրան, ամեն ինչ մանրակրկիտ մտածել էր։ Նա առանձնահատուկ միջավայր, մթնոլորտ էր ստեղծում՝ լավագույն համաշխարհային կամպուսների նմանությամբ։ Ազատ օրերին, հագնելով սպորտային համազգեստը, հավաքում էր բոլոր աշխատակիցներին շաբաթօրյակի, որպեսզի միասին ծառ տնկեին։ Ինքը թթենիներ էր տնկում և պատվաստում, իսկ հետո բոլորին հյուրասիրում։ Ընդ որում, ծրագրից շեղվել ոչ ոք չէր կարող։ Որևէ մեկն իր իսկ տան առաջ չէր կարող ծառ տնկել, եթե դա հակասում էր «գենպլանին»։

Ֆիզիկոսներն ապրում և աշխատում էին միևնույն տեղում, երեկոները շփվում էին զբոսնելիս կամ սպորտային մրցումների ընթացքում։ Լինում էին և ընտանեկան ընթրիքներ։ Նույնիսկ բանջարանոցները միասին էին մշակում՝ զրուցելով ֆիզիկայի վերջին ձեռքբերումներից։ «Չգիտենք, թե այնտեղ ինչ էին խոսում ֆիզիկայից, բայց լոլիկները լավ էին աճում»,- կատակում էին կանայք։

Տեր-Միքայելյանն անձամբ էր ընտրում կոլեկտիվի անդամներին․ նրանք պիտի լինեին Միության խոշորագույն գիտական կենտրոններում աշխատանքային փորձ ունեցող կամ կրթություն ստացած տաղանդավոր ֆիզիկոսներ։ Ընդ որում, Տեր Միշան գերադասում էր աշխատանքի ընդունել «էլիտար» ընտանիքների զավակներին։ Նա նրանց «ընտրում» էր՝ հաշվի առնելով, թե ովքեր են ծնողները, և նույնիսկ՝ կինը, օրինակ՝ երաժիշտ, արվեստաբան, որպեսզի իր կինը՝ նախկին ռազմական օդաչու, գեղեցկուհի Ալեքսանդրա Վասիլևան նրանց հետ հետաքրքիր երեկոներ անցկացնելու հնարավորություն ունենար։ Ասում են, նա համարում էր, որ վարորդների և հավաքարարների երեխաները չեն կարող օժտված լինել գիտնականին անհրաժեշտ բարոյական հատկություններով և լայն մտահորիզոնով։ Թեև, կարծում էր, որ բացառություններ երբեմն լինում են․․․

Խարիզմատիկ, փայլատակող, սրամիտ։ Նրան պաշտում էին, նրան տառացիորեն սիրահարվում էին, բայց և․․․ վախենում էին։ Նա գորշություն չէր սիրում, կարող էր հեգնել և ծանակել, բայց տաղանդների առջև խոնարհվում էր, եթե անգամ ընդհարվում էր նրանց հետ։ «Ո՞վ է նա, դուք նրան ճանաչո՞ւմ եք»,- նրա այս արտահայտությունը նշանակում էր, որ մարդը, որի մասին նա խոսում է (և ում լավ գիտի), գիտության մեջ ուժեղ չէ։ Իր նախկին գործընկերոջ՝ Գրիգոր Ղարիբյանի մասին, որի հետ նա վաղեմի գիտական վեճ ուներ, կարող էր ծաղրանքով ասել՝ «Դուք ի՞նչ է, նրան ասպիրա՞նտ եք տալիս։ Չէ՞ որ նա ոչինչ չի անում, նա ձեզ մոտ թոշակի է»։ Իսկ ահա Վիլիկ Հարությունյանի աշխատանքների մասին, ում հետ նրանց ճանապարհները բաժանվեցին ծանր վեճով, թույլ չէր տալիս որևէ մեկին վատ խոսել. «Վիլիկը լավ ֆիզիկոս է,- ասում էր,- եթե գրել է, ուրեմն ճիշտ է»:

«Իմ գլխավոր հաշվապահը քվանտային ֆիզիկա է քննարկում»,- կարող էր սրամտել նա։ Երիտասարդ աշխատկցուհու դեմքին կարող էր ասել՝ «Դուք չեք կարող տեսական ֆիզիկայով զբաղվել։ Դուք նորմալ կին եք, հետևաբար, զբաղվելու եք Ձեր երեխաներով, այլ ոչ թե գիտությամբ»։ Բայց և չէր արգելում հակառակն ապացուցել․․․

Երիտասարդ ֆիզիկոսներին թույլատրված էր նրա ներկայությամբ վիճել և պնդել իրենց գիտական տեսակետները, իսկ հետո նա կանգնում էր գրատախտակի մոտ և ասում՝ «Մաքրեք այս կեղտն այստեղից», և «մատների վրա» բացատրում ճիշտ լուծումը։

Աշխատանքների բոլոր թեմաները, ուղղությունները, բոլոր հոդվածներն ու գիտաժողովների զեկույցները պիտի պարտադիր համաձայնեցվեին իր հետ։ Ընդ որում, չկա և ոչ մի հոդված, որտեղ հեղինակների թվում նրա անունը դրված լինի ձևականորեն։ Այդ հարցերում շատ նրբանկատ էր․ «Չէ՞ որ այստեղ ես ոչինչ ինքս չեմ հաշվել»,- ասում էր նա։ Բայց սեմինարի ժամանակ կարող էր զեկույցն ընդհատել, եթե թեման իր հետ պայմանավորված չէր, և նույնիսկ կարող էր պահանջել լքել գիտաժողովը նրան, ում նա «չէր հրավիրել»։ Ինքը գիտության մեջ օժտված էր ուժեղ հոտառությամբ․ արագ էր ընկալում հեռանկարային ուղղություններն ու ամեն ինչ անում, որպեսզի դրանք ներդներ Հայաստանում։

Նա պահանջում էր, որպեսզի բոլոր աշխատակիցներն օտար լեզուներ իմանային, հրապարակեին իրենց հոդվածները լավագույն ամսագրերում և իր ներկայությամբ խոսեին միայն ռուսերեն։ Լսելով հայերեն խոսքը՝ նա կարող էր շրջվել և կողքինին հարցնել․ «Դուք խոսո՞ւմ եք հայերեն։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է նա խոսում»։ Բայց և Ակադեմիայի ֆիզիկայի բաժանմունքի տարեկան ժողովում կարող էր զեկույց ունենալ փայլուն հայերենով՝ այնպիսի գիտական եզրաբանության կիրառմամբ, որը նույնիսկ բոլոր ֆիզիկոսները չէ, որ հասկանում էին։

Նա երկու ձայն ուներ՝ մեկը ցածր, բաս, երկրորդը՝ ֆալցետ։ Ոչ ոք չէր կարող կանխատեսել՝ երբ և ինչու էր Տեր Միշան ձայնը փոխում, բայց, ասում են, դա սաստիկ հոգեբանական ազդեցություն ուներ։ Արդյո՞ք նա խաղում էր, թե՞ դա ակամա էր տեղի ունենում։ Համենայն դեպս, ցածր նոտաներով ձայնին հարկ էր ուշադիր ունկ դնել․․․

Մի անգամ ինստիտուտ մտնելիս նրա մեքենան կանգնեցրեց ոստիկանությունը, բայց նա կանգ չառավ, և ոստիկաններն ընկան նրա մեքենայի հետևից։ Երբ հարցրին, թե ինչու կանգ չառավ, Տեր Միշան պատասխանեց․ «Ես մտածեցի՝ Դուք ինձ ողջունում եք, և ինքս էլ ձեռքով ողջունեցի Ձեզ»։

Աշխատավայրում ընդհարման համար նա կարող էր երկու աշխատակցին էլ հեռացնել՝ չխորանալով, թե ով է ճիշտ, և ով՝ մեղավոր։ «Ընդհարման մեջ,- ասում էր նա,- միշտ երկու կողմն էլ մեղավոր են»։ Իսկ երբ նրան հիշեցնում էին Արտեմ Ալիխանյանի հետ իր մասին, նա պատասխանում էր․ «Դուք ի՞նչ գիտեք Ալիխանյանի հետ իմ ընդհարման մասին։ Այո՛, ընդհարման մեջ միշտ երկու կողմն էլ մեղավոր են»։

Պետական պաշտոնյաների հետ միշտ ընդգծված սիրալիր էր, բայց և հեռավորություն էր պահպանում։ Կարող էր տեղական որևէ պաշտոնյայի ստիպել սպասել, որովհետև նա եկել էր սեմինարի ժամանակ, իսկ սեմինարն ընդհատել չէր կարելի․ չէ՞ որ նրա համար գլխավորը գիտությունն էր։ Նա Կոմկուս էլ երկար ժամանակ չէր ընդունվում, որովհետև համարում էր, որ գիտնականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, ոչ մի կերպ, նույնիսկ՝ ձևականորեն։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես էր դա հնարավոր Խորհրդային Միությունում․ ղեկավար պաշտոններ զբաղեցնել և Կոմկուսի անդամ չլինել։ Իսկ նրա դեպքում ստացվում էր․․․ դե մինչև 1978 թվականը, երբ ասեկոսեներ պտտվեցին առ այն, թե նրան ուզում են հանել Ինստիտուտի տնօրենի պաշտոնից, և ակադեմիկոս էլ նրան համառորեն չէին ընտրում․․․

Բայց ինչպե՞ս թե չէին ընտրում․ չէ՞ որ «ընտրություններ» Խորհրդային Միությունում որպես այդպիսին չկային, նույնիսկ՝ Ակադեմիայում։ Տեղեր էին իջեցնում՝ ըստ կոնկրետ նեղ մասնագիտության, կոնկրետ մարդկանց համար։ Իհարկե, այնպես էլ չէր, թե կենտրոնից կոնկրետ իր համար տեղ չէին հատկացնում․ չէ՞ որ նրա եղբայր Անդրեյ Տեր-Միքայելյանը՝ հայտնի գիտնական ռադիոօպտիկայի ոլորտում, Մոսկվայում բարձր պաշտոններ էր զբաղեցնում։ Բայց Երևանում նրան հմտորեն «տապալում էին» իր գործընկերները՝ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամբ։ Ասում են՝ մի անգամ Ակադեմիայում հանդիպեցին Տեր-Միքայելյանն ու Արտեմ Ալիխանյանը, և Տեր Միշան ասաց՝ «Ո՞նց ես, Արտյուշենկա», իսկ նա էլ՝ ի պատասխան՝ «Լավ, Միշենկա, ողջ գիշեր մտածում էի, թե ինչպես քեզ տապալեմ Ակադեմիայում»։ «Գտա՞ր ձևը, Արտյուշենկա»,- հարցրեց Տեր Միշան։

Պայմանավորվում էին՝ ով ում ձայն կտա, նույնիսկ բացեիբաց էին քվեարկում։ Տեր-Միշան Ակադեմիայի թղթակից-անդամ ընտրվեց միայն այն բանից հետո, երբ իրեն աջակցեց ԵՊՀ-ի այն ժամանակվա ռեկտոր Նագուշ Հարությունյանը, և Տեր-Միշան հավասար ձայներ հավաքեց Ալիխանյանի հովանավորյալի՝ Գրիգոր Ղարիբյանի հետ։ Մի տեղ էր հատկացվել, և այդ հնարքի շնորհիվ հաջողվեց Մոսկվայից երկրորդ տեղը պոկել։

Ի՜նչ բանսարկություններ և խաղեր էին։ Եվ ինչպե՜ս էին դրանք խաղում մեր սիրելի մեծ գիտնականները՝ Վիկտոր Համբարձումյանը, Արտեմ Ալիխանյանը, Էմիլ Միրզաբեկյանը․․․ Բայց ամեն ինչ վերևից էր գալիս, համամիութենական Ակադեմիայից, որտեղ ամեն մի ոլորտ իր «տեսուչն» ուներ։ Ֆիզիկոսների մոտ, օրինակ, ամենակարող «գրաքննիչ տեսուչը» Լև Լանդաուն էր․․․ Բայց այդ մասին՝ ավելի ուշ։ Այսօրվա հայկական ակադեմիկոսները պնդում են, որ իրենք այդպես չեն վարվում։ Իրո՞ք։

Տեր-Միքայելյանին ակադեմիկոս «չընտրեցին» երեք անգամ՝ 1971, 1974, և 1977 թվականներին։ Ընդ որում, ամեն անգամ, երբ ֆիզիկայի գծով ակադեմիկոսի նոր տեղ էր հատկացվում, ամենքին պարզ էր, որ ըստ օբյեկտիվ ցուցիչների, Հայաստանում ֆիզիկոսներից ամենաարժանավորը նա էր։

Նա ակադեմիկոս դարձավ միայն 1982 թվականին՝ Ալիխանյանի և մյուս ընդդիմադիրների մահից հետո։ Իսկ ի՞նչն էր ստիպում Ալիխանյանին ամեն անգամ հանդես գալ իր նախկին գործընկերոջ դեմ, որի հետ նա զարգացնում էր ֆիզիկայի ինստիտուտը և նույնիսկ թենիս էր խաղում։ Ասում են, Տեր-Միշան, ով մի ժամանակ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալն էր (1958-1963թթ․), հետագայում Ալիխանյանի դեմ ընդվզման մասնակիցը դարձավ (իսկ գուցե կազմակերպի՞չը)։ Եթե դա ճիշտ է, ապա, ի թիվս մեծ վաստակի, Տեր-Միքայելյանի խղճի վրա է այդ մեծ մեղքը․․․ Չէ՞ որ նա միշտ կրկնում էր՝ «Ընդհարման մեջ մեղավոր են երկու կողմն էլ»։ Երբ Ալիխանյանը վախճանվեց, Տեր Միքայելյանի աչքերում արցունք տեսան․․.

Այն պահերին, երբ հարկ էր բարդ որոշումներ ընդունել, նա կարող էր վերցնել աթոռը, նստել դեմքով դեպի պատը և այդպես որոշ ժամանակ մնալ, հնարավոր է՝ պայքարելով ինչ-որ ներքին դիմադրության դեմ․․․ Բազմաթիվ դժվար պահեր են եղել․ նրանից ուժեղ գիտնականներ էին հեռանում՝ «սիրելիները», որոնց նա ինքն էր աճեցրել, եղել են կոնֆլիկտներ։ Ի՞նչ արժեր թեկուզ Վիլիկ Հարությունյանի հեռանալը։ Սկանդալով, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մեծ նախագիծն անավարտ թողնելով, իր հետ «Ֆիզիկայի խտացված միջավայրերի» նոր գիտահետազոտական ​​ինստիտուտ տանելով գործընկերների և մի շարք սարքավորումներ։

Ասում են՝ Վիլիկ Հարությունյանը միակն էր, որն իր գիտական մակարդակով կարող էր համեմատվել Տեր-Միքայելյանի հետ ու նրա դեմ պայքարել լազերային ֆիզիկայում «լավագույնը» կոչվելու իրավունքի համար։ Եվ դա կենաց ու մահու պայքար էր։ Տապալում էին ընդդիմադիր ինստիտուտի աշխատակիցների պաշտպանությունները․ չէ՞ որ երկուսն էլ Գիտխորհրդի անդամներ էին։ Բայց մի անգամ Վիլիկ Հարությունյանը փակուղի գցեց Տեր Միշային՝ ոչ թե ձախողելով, այլ պաշտպանելով գիտնականին, որն այդ ընթացքում, ճիշտ է, հեռացվել էր ՖՀԻ-ից, բայց այնտեղ էր իր կարիերան սկսել․․․

1988 թվականին Տեր-Միշայի և կոլեկտիվի մի մասի միջև տարաձայնություն սկսվեց․․․ Նրա համար գիտությունից բարձր բան չկար, ամեն ինչ հանուն գիտության էր, հանուն ինստիտուտի պաշտպանության՝ փլուզումը կանխելու համար․․․ Հնարավոր է՝ նա հասկանում էր, կանխազգում էր, թե դրան ինչ կհետևի․․․

Նա դեմ էր գործադուլներին, չէր ցանկանում, որ իր աշխատակիցները գիտությամբ զբաղվելու փոխարեն մասնակցեն ցույցերի։ Անգամ ասում են, որ ակտիվիստների ցուցակ էր պատրաստել, որոնց ուզում էր աշխատանքից ազատել... Բայց աշխատակիցների խումբ էր ուղարկում օդանավակայան դիմավորելու Ադրբեջանից եկող փախստականներին, որոնցից շատերին հանրակացարան տրամադրեց, ճարտարագետներին աշխատանքի ընդունեց․․․

Սպիտակի երկրաշարժից հետո նա ավտոբուսներով մարդկանց էր ուղարկում աղետի գոտի՝ հատուկ կազմած ժամանակացույցով, խնայելու համար նրանց առողջությունն ու ուժերը, բայց կոլեկտիվում վրդովմունք սկսեց, թե իբր Տեր Միշան չի թողնում օգնել մարդկանց․․․ Տեր Միշայի գործողություններից վրդովմունքը սաստիկ էր հատկապես ինժեներների և բանվորների շրջանում։

Ռաֆայել Ղազարյանի հետ, որն այն ժամանակ ղեկավարում էր ինստիտուտի Քվանտային էլեկտրոնիկայի բաժինը, տարաձայնություններ սկսվեցին հենց այդ ժամանակ։ Տեր Միշան Ռաֆիկին խորհուրդ էր տալիս չմտնել քաղաքականություն, իսկ Ռաֆիկն իր հերթին խորհուրդ էր տալիս նրան՝ քիթը չխոթել իր գործերի մեջ․․․

Ասում են, Ղազարյանն ու Տեր-Միքայելյանը հակապատկերներ էին․ «մեկը ոչ մի շրջազգեստ բաց չէր թողնում, մյուսը չգիտեր, ինչ բան է շրջազգեստը»։ Այնպես որ, բախումն անխուսափելի էր։

Երբ Ռաֆայել Ղազարյանը հայտնվեց բանտում՝ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, կոլեկտիվում զայրույթով լեցուն մի նամակ կազմեցին Միության ղեկավարությանը, իսկ Տեր Միշան արգելեց այն ուղարկել․․․ Միևնույն ժամանակ, հետին թվով Ղազարյանին խորհրդային մի մեծամասշտաբ, մեծ փողերով, գիտական նախագծի ղեկավար նշանակեց, իսկ Մոսկվա, Ղազարյանին ազատ արձակելու խնդրանքով, գրեց, թե թյուրիմացաբար ձերբակալվել է հայտնի գիտնական, այսինչ նախագծի ղեկավարը․․․ Չէ՞ որ նա փորձով լավ գիտեր, թե ինչպես է պետք այդպիսի հարցերը լուծել կենտրոնի հետ։ Բայց․․․ տարաձայնությունը կոլեկտիվի հետ միայն խորացավ, Ղազարյանի հետ՝ նույնպես։ Հայաստանի անկախացումից հետո Ղազարյանը հեռացավ՝ իր հետ տանելով մի շարք աշխատակիցների, և բացեց «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնը․․․

Ծանոթ պատմություն է, չէ՞։ Պատմությանը հատուկ չէ՞ կրկնվելը։

Երբ Աշտարակում սկսվեցին էլեկտրականության և ջրի խափանումները, Ռաֆայել Ղազարյանը բողոքեց Ակադեմիայի ղեկավարությանը, թե Տեր-Միքայելյանը փակում է «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի ջուրը («Մաշտոց»-ը գործում էր ինստիտուտի որոշ մասնաշենքերում, գիտավանի տարածքում)։ Երբ Տեր Միշային Ակադեմիայից հրահանգ եկավ՝ «անհապաղ ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ «Մաշտոց» կենտրոնում», նա ի պատասխան գրեց՝ «Պետք չէ այնպիսի հրամաններ տալ, որոնք ես չեմ կարող կատարել»։

Այնպես որ, ինստիտուտում հակամարտությունները ևս բնորոշվում էին մեծ թափով ու մեծ մասշտաբով։ Իսկ մի անգամ, չէ, նույնիսկ՝ երկու անգամ բանը հասավ, ինչպես այսօր պատկերավոր կերպով արտահայտվում են ականատեսները, «զինված բախման»…

Առաջին անգամ, 1991 թվականին, երբ Տեր-Միքայելյանը, չկամենալով Ղազարյանին զիջել ևս մեկ մասնաշենք, գիշերը երկու մասնաշենքերի միջև վանդակացանց դրեց և ոստիկանություն կանչեց, իսկ ի պատասխան դրա՝ Ղազարյանը մասնաշենքերի մոտ ավտոմատավոր տղաների կանգնեցրեց։

Երկրորդ անգամ՝ 1993 թվականին, երբ Տեր-Միքայելյանի տան բակում նռնականետ հայտնվեց։ Ոչ, այդ Տեր Միքայելյանը չէր պաշտպանվում, այլ աշխատակիցներից մեկն էր սպառնում ցաքուցրիվ անել նրա տունը, քանի որ Տեր Միշան նրան արդեն երրորդ անգամ հեռացրել էր աշխատանքից և ծառայողական բնակարանից դուրս հանել նրա ընտանիքը։ Ի դեպ, դա հենց այն աշխատակիցն էր, որին հետագայում աջակցեց Վիլիկ Հարությունյանը՝ ատենախոսության պաշտպանության ժամանակ․․․

Թե ինչու էր Տեր-Միքայելյանը պատերազմ հայտարարում ինչ-որ մի աշխատակցի (թե՞ իրեն էին պատերազմ հայտարարում) , ոչ ոք հաստատ ասել չի կարող, քանի որ նա երբեք չէր բացատրում իր որոշումների դրդապատճառները։ Արդյո՞ք Տեր Միշան վախենում էր մրցակիցներից՝ մտածելով, որ գուցե իր հետ կվարվեն նույն պես, ինչպես ինքը ժամանակին վարվեց Արտեմ Ալիխանյանի հետ։ Ամեն ինչ հնարավոր է․․․

Նրան չէին սիրում որոշ «բարձր պաշտոններ գրավող» ֆիզիկոսներ․ նրան չէին ներում իր տաղանդը, նրան նախանձում էին, չէին ներում նաև նրա մեծամտությունը՝ համարելով նրան «էլիտիստ» և հակաժողովրդական երևույթ․․․

Երբ 1992 թվականին ինստիտուտի 77 հետազոտողներից 7-ը դեմ քվեարկեցին իր թեկնածությանը, Տեր-Միքայելյանը հրաժարական տվեց տնօրենի պաշտոնից․ «7 հոգի դեմ են քվեարկել, ես չեմ կարող մնալ»,- ասաց նա։

Արդեն տարիքն առած, հիվանդ, նրան մի անգամ տեսել էին Ակադեմիայի մոտ՝ ցավից կծկված, ցանկապատից կառչած։ Մոտեցել ու օգնություն էին առաջարկել, Տեր Միշան տեղնուտեղը շտկվել էր և ասել՝ «Հույս չունենաք» ․․․

Եվ ի վերջո, ո՞վ էր Միքայել Տեր-Միքայելյանը։

Նա սերում էր ազնվական ընտանիքից (ծնվ․ 1923թ․)։ Որդին էր հայտնի ճարտարագետ, երկաթուղաշինարար Լևոն Տեր-Միքայելյանի և հարուստ նավթարդյունաբերողի դուստր՝ Եվգենիա Նաբաթյանի։

Լևոն Տեր-Միքայելյանն այնքան անփոխարինելի մասնագետ էր, որ «մնաց» բարձր պաշտոններում, ընդհուպ՝ մինչև նախարարական, չորս իշխանության օրոք՝ Ռուսական կայսրություն, Հայաստանի Առաջին Հանրապետություն, Անդրկովկասյան Ֆեդերացիա, այնուհետև՝ ԽՍՀՄ։

Հիշու՞մ եք Իլֆի եւ Պետրովի զից-նախագահ Փունտին․ «Ես նստել եմ Ալեքսանդր Երկրորդ Ազատարարի, Ալեքսանդր Երրորդ Խաղաղարարի, Նիկոլայ II Արյունարբուի օրոք: Կերենսկու օրոք նույնպես նստել եմ»... Ի դեպ, 1918 թվականին, երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը, Լեոն Տեր-Միքայելյանը վերահսկում էր Մոսկվա-Վլադիվոստոկ երկաթուղու՝ այդ նույն Բայկալ-Ամուրյան մագիստրալի (ԲԱՄ) շինարարությունը, որը Միությունում կառուցվեց 50 տարի անց։ Ավելի ուշ նա մեկնեց Երևան՝ որպեսզի ստանձնի Հայաստանի նոր կառավարության կապի նախարարի պաշտոնը, և ճանապարհին հանդիպեց... ոչ, ո՛չ թե Կերենսկուն, այլ Կոլչակին։

Դե, ձերբակալություն էլ եղավ՝ այն ժամանակվա բոլոր կանոններով։ Եվ Եվգենիա Նաբաթյանը երկու երեխաների հետ մեկնեց Մոսկվա՝ Օրջոնիկիձեի մոտ՝ ամուսնուն փրկելու։ Փոքրիկ Միքայելը հիշում էր կոմիսարի կաշվե մեծ բազկաթոռը, որի վրա ինքը ննջել էր՝ սպասելով հանդիպման ավարտին․․․

Տեր-Միքայելյանը գերազանց կրթություն է ստացել տանը՝ շնորհիվ մոր՝ Եվգենյա Նաբաթյանի, որը նրան և եղբորը՝ Անդրեյին սովորեցրել է երաժշտություն, արվեստ, օտար լեզուներ։

Տեր-Միքայելյանը մեծացել է Թբիլիսիում, 1948 թվականին ավարտել է Երևանի համալսարանը՝ դիպլոմային աշխատանքը կատարելով ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ։ Ասպիրանտուրան անցել է Մոսկվայում՝ Ռուսաստանի ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկական Ինստիտուտում (հայտնի ՖԻԱՆ), որտեղ նրա ղեկավարը սկզբում եղել է Իգոր Տամմը, հետո՝ Եվգենի Ֆեյնբերգը։

Տեր-Միքայելյանը գիտնական է, ով համարձակվել է «անցնել Լև Լանդաուի վրայով» և պաշտպանել իր տեսությունը, որին խորհրդային ֆիզիկայի գլխավոր «գրաքննիչ» Լանդաուն անվանել է «աբսուրդ»։ Բայց չէ՞ որ կար Անատոլի Վլասովի՝ պլազմայի վիճակի հավասարման հեղինակի օրինակը (իր արժեքով այդ հավասարումը չի զիջում մաքսվելյան հավասարումներին)։ Լև Լանդաուն և Վիտալի Գինզբուրգը պարզապես հետապնդել են նրան․ չեն հրապարակել, չեն անդրադարձել նրա աշխատանքներին... Վլասովն իր հավասարման համար Լենինյան մրցանակ ստացավ միայն 40 տարի անց՝ 1970 թվականին: Բայց ակադեմիկոս նրան այդպես էլ չընտրեցին …

Պետք է պատկերացնել իրավիճակը խորհրդային գիտության մեջ 1950-60-ական թվականներին։ Տոտալիտար ստալինյան ժամանակաշրջանում բոլոր ոլորտներն ունեին իրենց հիերարխիան և իրենց «գրաքննիչները»։ Ֆիզիկայի գրաքննիչը Լանդաուն էր։ Այնպես որ, նրա հարվածի տակ ընկնելն ու ողջ մնալը կամ բախտի բան էր, կամ խորը մտածված գիտական ​​դիվանագիտության։ Պետք է շնորհակալություն հայտնել Տեր-Միքայելյանի ղեկավար Ֆեյնբերգին, ով Տեր Միշային սովորեցրել էր Լև Դավիդովիչի հետ շփման «նրբությունները», գուցե նաեւ ... «հրեական գիտական ​​համայնքում» խաղի «նրբությունները». համայնք, որը գերիշխում էր ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև ԱՄՆ-ում և աշխարհի այլ գիտական ​​կենտրոններում:

Օ, ոչ մի դեպքում չի կարելի իջնել հրեատյացության մակարդակի, բայց չէ՞ որ ԽՍՀՄ-ում երկար ժամանակ շրջանառվում էին նման բաներին առնչվող տարատեսակ «պատմություններ», զորօրինակ, թե իբր Լանդաուն ներկայանում է Ֆեյնմանին՝ որպես «ռուսական», իսկ Ֆեյնմանն ի պատասխան՝ «ամերիկյան»։ Չէ՞ որ «սովետականներն» ու «ամերիկյանները» ատոմային զենքի վերաբերյալ տեղեկատվությամբ էին փոխանակվում՝ հավասարակշռությունը պահպանելու և աշխարհը ատոմային պատերազմի մեջ չգցելու համար․․․ Մինչև այժմ էլ գիտական միջավայրում համառ լուրեր են պտտվում առ այն, որ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում «դիմադրության» խումբ կար՝ Նիկոլայ Բոգոլյուբովի գլխավորությամբ, և այդ խմբում էր նաև Վիկտոր Համբարձումյանը․․․

Իր հարցազրույցներից մեկում Ֆեյնբերգը պատմել է, թե ինչպես է ինքը Լև Լանդաուին և Իսահակ Պոմերանչուկին ներկայացրել Տեր-Միքայելյանի աշխատանքը, որում ցույց էր տրվել, որ «բարձր էներգիաների դեպքում էլեկտրոնը զգում է բյուրեղի կառուցվածքը»։ «-Այսինքն, Դուք ուզում եք ասել, թե ցա՞ծր էներգիաների դեպքում»։ «-Ես ասում եմ՝ բանն էլ հենց այն է, որ բարձր էներգիաների դեպքում»։ Չուկը սկսեց շոյել իմ բաճկոնի դարձածալը և ասաց․ «-Ժենյա, Ժենյա, ի՞նչ ես խոսում։ Չէ՞ որ դու հասկանում ես, որ դա չի կարող լինել»։ Իսկ Դաուն կարճ կապեց․ «Դա պարզապես անհեթեթություն է․․․ »։

Ի դեպ, անունների կրճատումը շատ ընդունված էր այն ժամանակվա սովետական գիտնականների շրջանում՝ Դաու, Չուկ... Տեր Միշան, հավանաբար, հենց նույն շարքից է․․․

Առավոտյան Ֆեյնբերգը մեկնեց Մոսկվայից և Տեր-Միքայելյանին գրեց նամակ, որում խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պատասխանել Լանդաուի առարկություններին։ Նամակն ավարտվում էր մի այսպիսի նախադասությամբ՝ «Մի խոսքով, Լևը (առյուծը) կառչել է, և Ձեզ պետք է մեկ անգամ ևս ամեն բան ստուգել»։

Սա տեղի էր ունենում 1952 թվականի օգոստոսի սկզբին։ Իսկ աշնանը, սեպտեմբերին, երբ վերականգնվեցին Լանդաուի սեմինարները, Տեր-Միքայելյանը զեկուցեց իր աշխատանքի մասին՝ արդեն Լանդաուի լրիվ համաձայնությամբ։ Լրիվ, այսպես ասած, ճանաչմամբ և կարեկցանքով»,- պատմում էր Ֆեյնբերգը։

Սակայն Լանդաուն, ըստ Ֆեյնբերգի, միշտ չէր ճշտապահ հղումների մեջ, և 1954 թվականին Լանդաուն և Պոմերանչուկը հրապարակեցին մի աշխատանք, որում հիմնվում էին Տեր-Միքայելյանի եզրակացությունների վրա, բայց համապատասխան հղում չկար։

«Միշտ չէր ճշտապահ հղումների մեջ»՝ գիտա-դիվանագիտական լեզվից թարգմանելիս արդյոք չի՞ նշանակում, որ բոլոր նշանակալից գիտական ձեռքբերումները չէին կարող հայտնի շրջանակի սահմաններից դուրս լինել․․․

Բայց Տեր Միշայի դեպքում «գրաքննիչը» աղայական ժեստ արեց, երբ համապատասխան աշխատանք հրապարակեցին ամերիկյան ֆիզիկոսները՝ հղում անելով Լանդաուին և Պոմերանչուկին, Դաուն նամակ գրեց ամերիկացիներին՝ հղում անելով Տեր-Միքայելյանին։ Երբ ամերիկացիները պատասխան գրեցին՝ ընդունելով Տեր Միշայի վաստակը, Դաուն մեծահոգաբար սեմինարի ժամանակ այն կարդաց։ Այսօր ողջ աշխարհում այդ հայտնագործությունը հայտնի է որպես «Տեր-Միքայելյանի երևույթ»։

Իսկ դրանից հետո Տեր-Միքայելյանը միշտ խորհուրդ էր տալիս երիտասարդ գիտնականներին՝ «Եթե վատ տրամադրություն ունեք կամ հետապնդում է անհաջողությունների շարանը, թողե՛ք բոլոր գործերը և Լանդա՛ու կարդացեք»․․․

«Տեր-Միքայելյանի էֆեկտն» իրականում պարադոքսալ էր․ նա ցույց տվեց, որ ճառագայթման պրոցեսը ձևավորվում է մի բավականին ձգված տիրույթում, որի երկայնական երկարությունն անսահմանափակ աճում է մասնիկների էներգիայի ավելացմանը զուգընթաց, և դրանում կոհերենտորեն մասնակցում են միջավայրի բոլոր ատոմները, որոնք կարող են հայտնվել այդ գոտում՝ թեպետ մասնիկների ալիքի երկարությունը էներգիայի աճին զուգահեռ նվազում է։ Այդ երևույթն ընդհանուր հիմք հանդիսացավ բարձր էներգիաների մասնիկների և նյութի փոխազդեցության նորովի ընկալման համար։ 1969 թվականին նա կանխագուշակեց ռեզոնանսային անցումային ճառագայթումը պարբերական միջավայրերում։

Ֆիզիկայի ինստիտուտում աշխատելու տարիներին, երբ ինստիտուտի փոխտնօրենն էր, Տեր-Միշան նախաձեռնեց իր հանրահայտ սեմինարները՝ համանման Լանդաուի սեմինարներին Մոսկվայում։ Եվ ի՜նչ քննարկումներ էին․․․

Առաջին լազերն աշխարհում ստեղծվեց 1960 թվականին, իսկ արդեն 1962 թվականին Տեր-Միքայելյանի ղեկավարությամբ Ռադիոօպտիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ ստեղծվեց հայկական առաջին լազերը՝ «Արզնին»։ 1965 թվականին Տեր-Միշան հիմնեց ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ-ի (ՕՌԼԱՆԵԳՈՒ) միացյալ ճառագայթային լաբորատորիան, որում ստեղծվեցին «Արզնի-2» և «Հրազդան» արդյունաբերական լազերները, որոնք ցուցադրվեցին Լայպցիգի տոնավաճառում։ ORLANEGU-ն համալսարանի և ակադեմիայի միջև գիտական համագործակցության առաջին օրինակն է Հայաստանում:

Ըստ ժամանակակիցների, զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնը (1963-1967թթ․), նա այն «խորդարանից» վերածեց առաջադեմ ֆակուլտետի՝ լավ սարքավորված լաբորատորիաներով, որտեղ դասավանդում էին այն ժամանակի լավագույն ուղեղները։

Նա Աշտարակի մի ամայի վայրում ստեղծեց Ֆիզիկական հետազոտությունների Ինստիտուտ (բացվել է 1968 թվականին), ամայավայրն օազիսի վերածելով, իսկ Ինստիտուտը՝ Հայաստանում և Խորհրդային Միությունում մի առաջատար գիտական հաստատության։

Նրա «Պինդ մարմնային օպտիկական գեներատորներ» գիրքը (Յ․Գ․ Տուրկովի համահեղինակությամբ), դարձավ քվանտային էլեկտրոնիկայի հիմնարար դասագիրք ողջ Խորհրդային Միության համար։ Իսկ նրա «Միջավայրի ազդեցությունը էլեկտրամագնիսական պրոցեսների վրա բարձր էներգիաների դեպքում» մենագրությունը թարգմանվեց անգլերեն և հրատարակվեց Springer հրատարակչությունում 1972 թվականին։

1991 թվականին Նոբելյան կոմիտեն Տեր-Միքայելյանին առաջարկեց 1992 թվականի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի թեկնածուներ առաջադրել։ Ասում են՝ այդպիսի առաջարկով նամակ էր եկել Վիտալի Գինզբուրգից։

Ինստիտուտում լուրեր էին պտտվում, թե իբր Նոբելյան մրցանակի առաջադրել են հենց Տեր Միշային։ Տեր Միշան երկար ժամանակ պահում էր ինտրիգը, բայց կյանքի վերջին տարիներին խոստովանեց, որ Գինզբուրգը, ընդհակառակը, տարհամոզում էր նրան․․․

Այս ամենի մասին որևէ արժանահավատ փաստ չկա, իսկ նամակում միայն առաջարկվում էր Տեր-Միքայելյանին՝ տալ արժանի թեկնածուների անուններ։ Ուրեմն, ի՞նչ նկատի ուներ Տեր Միշան, երբ ասում էր, որ Գինզբուրգը տարհամոզում էր իրեն․․․ Դարձյալ հայտնի շրջանակի խաղե՞րը․․․

1994 թվականին Միքայել Տեր-Միքայելյանը հեռացավ ՀՀ ԳԱԱ ֆիզիկա-տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոններից։ Որպեսզի զբաղվեր բացառապես գիտական գործունեությամբ, և, ամենակարևորը՝ քայքայումից փրկեր իր զավակին՝ ինստիտուտը։ Եթե մինչև այժմ ՖՀԻ–ում կան փայլուն գիտնականներ, որոնց ճանաչում են միջազգային գիտական շրջանակներում, ապա դա Տեր-Միքայելյանի շնորհիվ է։ Այսօր նրա աշակերտներին կարելի է տեսնել աշխարհի բազմաթիվ խոշոր գիտական կենտրոններում։

Նրա անունը պիտի դրվի Վիկտոր Համբարձումյանի, Արտեմ Ալիխանյանի, Սերգեյ Մերգելյանի անունների կողքին, բայց հայ լայն հասարակությանն այն հայտնի չէ։ Ի՞նչն է պատճառը՝ նախա՞նձը, խա՞նդը, գուցե այն, որ նրա մեջ ուժեղ մրցակից էին տեսնում և վախենո՞ւմ էին։ Կամ այն, որ Ալիխանյանն այդպես էլ չներեց Տեր-Միշային՝ որ խզեց հարաբերություններն ու հեռացավ ԵրՖԻ-ի՞ց։

Ինչպես պնդում են ժամանակակիցները, Տեր Միշան Ալիխանյանի հետ ուներ ոչ թե անձնավորված, այլ ավելի շուտ, ռազմավարական տարաձայնություններ, օրինակ՝ նոր կադրերի պատրաստման պրոցեսի կազմակերպման հարցում․․․ Ալիխանյանը հավաքում էր աշխատակիցներ ողջ Միությունից (երբեմն, Տեր Միշայի կարծիքով՝ ում պատահեր), իսկ Տեր Միշան համարում էր, որ ֆիզիկոսներ պետք է պատրաստել տեղում՝ Հայաստանում։ Հենց այդ պատճառով, հեռանալով ֆիզիկայի ինստիտուտից, նա գնաց վերակազմավորելու ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը։

Նա էպիկական մարդ էր, նրա ձեռքբերումները դարակազմիկ էին, և նրա սխալներն էլ ունեին նույն մասշտաբը։ Իսկ նրա անձնական ողբերգությունն անսահման է․․․ եղբոր պատվին Անդրեյ անունն ստացած նրա որդեգիրը ժառանգական հարբեցող դուրս եկավ։

Անդրեյի համար սկզբում կառուցվեց Աշտարակի գիտավանի մանկապարտեզը, հետո՝ Աշտարակի այն դպրոցում, որտեղ նա գնաց սովորելու, տնօրեն ուղարկվեց ինստիտուտի արհմիութենական կոմիտեի նախագահը, իսկ ինստիտուտի որոշ աշխատակիցներ ուղարկվեցին այդտեղ՝ որպես ուսուցիչներ։ Այնուհետև եղավ ուսումը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (համոզմունքները թույլ չտվեցին Տեր Միշային՝ Անդրեյին տեղավորել ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում)։ Բայց․․․ հարբեցողություն, ծեծկռտուք, ապահարզան․․․ Երբ հարբեցողությունից բուժելու համար նրան դեղապատիճ էին կարում, նա դա մատներով քչփորելով հանում էր․․․

Երբ Տեր-Միշայի տնից գողացան Բաշինջաղյանի և Այվազովսկու նկարները, լուրեր պտտվեցին, որ Անդրեյը կարող էր հարբած վիճակում այստեղ-այնտեղ պատմած լինել հայրական տանը եղած արժեքավոր իրերի մասին։ Թեև․․․ դրանք երևացող տեղերում էին կախված․ դրանց մասին շատերը գիտեին, այնպես որ, հնարավոր է, որ այդ լուրերը լոկ բամբասանքներ էին․․․

Ի դեպ, արդեն Տեր-Միշայի մահից հետո նկարները հայտնաբերվեցին։ Հայաստանի Մշակույթի նախարարությունը քիչ ջանքեր չգործադրեց՝ Անդրեյին գտնելու և, որպես օրինական ժառանգ, գնելու նրանից այդ նկարները։ Իսկ Անդրեյը պարզապես ժառանգությունից պաշտոնապես հրաժարվեց՝ ի շահ պետության։

Նա քամուն տվեց Աշտարակի հայրական տունն ու Երևանի բնակարանը, և հիմա ապրում է ինչ-որ տեղ լեռներում՝ հովիվների մոտ։ Երբեմն-երբեմն նրան պատշաճ հագցնում և բերում են Աշտարակ՝ հոր նախկին տան մոտ․․․ Եվ կանգնում է այդ մարդ-ուրվականը քաղաք-ուրվականի մեջ, որտեղ դեռ բնակվում է հիմնադրի՝ Միքայել Լեոնի Տեր-Միքայելյանի ոգին՝ այդպես էլ ըստ արժանվույն չգնահատված։

«Ես ապրել եմ դժվար կյանք, բայց նրանում կար ամեն ինչ։ Այդ կյանքում իրոք կար ամեն ինչ. և՛ պարտությունների դառնություն, և՛ հաղթանակների բերկրանք, բայց և՛ հաստատուն ու անկասելի էր գիտելիքի ձգտումը» - մի անգամ այսպես է արտահայտվել Միքայել Տեր-Միքայելյանը։

Անահիտ Սարգսյան

 

Լրացուցիչ Ֆոտոշարք



 Տեր-Միքայելյան, Մուրադյան, Ֆրենկեն, Պրոխորով


Միքայել Տեր-Միքայելյանի ընտանեկան գերեզմանոցը Աշտարակում, որտեղից երևում է Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը


Ֆիզիկայի նոբելյան հանձնաժողովի նամակը ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանին 1992 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու մասին, 1991թ.



Notices








On the 21st of February, 2024, The Institute of Language named after H. Acharyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia invites you to participate in the international conference "Current Problems of Studying and Teaching the Armenian Language". The conference will take place at the Institute of Language

Ս.թ. փետրվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտական ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
26/02/2024

«Սևան» ազգային պարկի սոճիները պետք է հատվեն․ ինչ են հայտնաբերել հայ գիտնականները
hetq.am
25/02/2024

Ադրբեջանն ուզում է գինեգործական երկիր դառնալ. թիրախավորել են հայկական սորտերից «Արենի»-ն, «Խնդողնի»-ն
168.am
24/02/2024

Ջրի մաքրման նորարար մեթոդ՝ հայ գիտաշխատողներից
1lurer.am
23/02/2024

Նոր կարգ՝ գիտաշխատողների հավելավճարների տրամադրման համար
gov.am
This site has been visited
6 854 280

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  12:17, 27/02/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am