National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Our Honored Figures
Գուրգեն Գրիգորի Սևակ

նշանավոր լեզվաբանն ու հայագետը

Նշանավոր լեզվաբան Գուրգեն Սևակը ծնվել է 1904թ. ապրիլի 15-ին (հին տոմարով) Թիֆլիսում: 1924թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1928թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Մանուկ Աբեղյանին, Գրիգոր Ղափանցյանին։ 1931-79թթ․ դասախոսել է Երևանի պետական համալսարանում, Երևանի և Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտներում, 1941-46թթ.՝ նաև Բաքվի և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1932-40թթ. եղել է պետական տերմինաբանական կոմիտեի գիտական քարտուղար, 1932թ.-ից՝ Էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ, 1937թ.-ից՝ Երևանի պետական համալսարանի հայ-վրացական բանասիրության լսարանի ղեկավար, 1947թ.-ից՝ ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի՝ նախ ժամանակակից հայոց լեզվի, ապա՝ լեզվի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ, 1969թ.-ից՝ ՀՀ ԳԱ նախագահությանն առընթեր գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահը։  

Գուրգեն Սևակը էսպերանտո լեզուն սովորել է դեռևս 1921թ., իսկ 1922թ. այդ լեզվով թարգմանել է Թումանյան, Իսահակյան, Շիրվանզադե։ Մասնակցել է էսպերանտիստների համաշխարհային բազմաթիվ կոնգրեսների։ 1955թ. նրա նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում բացվել է էսպերանտական խմբակ։ 1929-36թթ. եղել է Հայաստանի էսպերանտիստների միության կազմակերպիչն ու նախագահը, էսպերանտո լեզվով թարգմանել է Ավ.Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» (1926թ., Լայպցիգ) պոեմը (որից կատարվել են ճապոներեն ու եբրայերեն թարգմանությունները), ինչպես նաև Հովհ.Թումանյանի, Լ.Շանթի, Ե.Չարենցի և այլոց ստեղծագործություններից։ Նրա թարգմանությամբ հայերեն հրատարակվել է Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմը (1949թ.),  որն առաջին թարգմանությունն է հայ իրականության մեջ, Մ.Դանիլևսկու «Արյունոտ կիրակին» պիեսը, Մ.Լերմոնտովի «Առագաստ», «Պաղեստինի ոստը» բանաստեղծությունները։

Գ.Սևակը մեծ ու կարևոր դեր է կատարել հայոց լեզվի պետական նորմավորման ասպարեզում։ Նրա ջանքերով է ստեղծվել պետական տերմինաբանական կոմիտեն և նրա կողմից ներկայացված նախագծերով են հաստատվել հայոց լեզվի ուղղագրության, ուղղախոսության, կետադրության, տերմինաբանության ու տառադարձության նորմաները, որոնք, անշուշտ, խոշոր ներդրում են լեզվի կանոնարկման տեսանկյունից։

Գուրգեն Սևակը և իր ուսանողը

1948թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1949թ.-ից՝ պրոֆեսորի): 1956թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971թ.՝ իսկական անդամ։ Ստացել է նաև Հայկական ԽՍՀ (1961թ.) և Վրացական ԽՍՀ (1970թ.) գիտության վաստակավոր գործչի կոչումներ։ 

1941-71թթ. եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը։ Դասախոսել է ժամանակակից հայոց լեզվի տեսություն, ոճագիտություն, աշխարհաբար գրական լեզվի պատմություն, վրացերեն և այլն։ Գիտական գործունեության սկզբնական շրջանում որոշակիորեն տուրք է տվել ժամանակի իշխող մտայնությանը՝ Նիկողայոս Մառի «լեզվի նոր ուսմունքին», սակայն մի քանի հիմնական կետերում քննադատել է այդ ուսմունքը՝ համարելով, որ դա վերջիվերջո հանգեցնում է իդեալիզմի: 

Գ.Սևակը մահացել է 1981թ. սեպտեմբերի 14-ին Երևանում: 

Ակադեմիկոս Գուրգեն Սևակի գիտական գործունեությունը հիմնականում ծավալվել է երեք ուղղություններով՝ գիտահետազոտական, գիտամանկավարժական և գիտակազմակերպչական։ Նրա աշխատությունները, որոնց մեծ մասը բարձրագույն ուսումնական հաստատությունների  բանասիրական ֆակուլտետների ուսանողների, հայոց լեզվի ուսուցիչների և ընդհանրապես հայ լեզվաբանությամբ զբաղվողների սեղանի գրքերից են, հսկայական դեր են կատարել խորհրդային լեզվաբանության զարգացման, ինչպես նաև բարձրորակ մասնագետների պատրաստման գործում։ Սևակի աշխատություններում դրսևորվում է հեղինակի գիտական ընդհանրացումներ կատարող խորաթափանց միտքը, լեզվաբանական և հայագիտական լայն պատրաստությունը։

Լեզվաբանական տեսական հարցերի մշակման բնագավառում մեծ արժեք  ունի նրա «Խոսքի մասերի ուսմունքը» (1939թ.) աշխատությունը, որում հայագիտության պատմության մեջ առաջին անգամ առանձին ուսումնասիրության առարկա է դառնում խոսքի մասերի տեսությունը։ Աշխատությունը միաժամանակ Սևակի թեկնածուական ատենախոսությունն է, որը պաշտպանել է 1939թ.։ «Յուրաքանչյուր դարաշրջան յուր գաղափարախոսության դրոշմն է դնում քերականության վրա, յուրաքանչյուր հասարակական խավ և դասակարգ յուր քաղաքական ու գաղափարական նպատակներին է ծառայեցնում քերականությունը, թեև միշտ չէ, որ այդ խոստովանում են իրենք՝ քերականները», - այսպես է սկսում նոր քերականության ստեղծման անհրաժեշտության  հիմնավորումը Գուրգեն Սևակը։  

Ըստ Սևակի՝ խոսքի մասերի տարբերակման հիմունք «չեն կարող հանդիսանալ բառերի ո՛չ ձևական, ո՛չ իմաստաբանական-հոգեբանական, ո՛չ բառափոխական- բառակազմական, ո՛չ էլ շարահյուսական հատկանիշները թե՛ առանձին- առանձին և թե՛ միասին վերցրած»։ Նա կարծում է, որ բառերի խոսքիմասային դասակարգումը կատարելիս պետք է վերանալ խոսքից, բառերի ձևավորումից ու շարահյուսական կիրառություններից և ելնել միայն  նրանց արտահայտած ընդհանուր իմաստից։ Ասել է թե՝ «Բառերի խոսքիմասային կատեգորիաները պետք է որոշել նրանց լեզվական-իմացաբանական ընդհանուր իմաստով»։ Սևակը մերժում է բառերի՝ նախադասության մեջ ունեցած մասնակցության արժեքով խոսքի մասերը երկու մեծ խմբի՝ ա)«նյութական կամ ինքնուրույն» իմաստ ունեցող կամ «հիմնական», «նշանական» խոսքի մասերի խմբի» և բ)«ձևական» կամ «ոչ ինքնուրույն» իմաստ ունեցող կամ «աննշանակ», «սպասարկու» խոսքի մասերի կամ խոսքի «մասնիկների» խմբի բաժանելու տեսակետը»։ Առանձին  օրինակներով աշխատում է ցույց տալ, որ «ձևական» կամ «սպասարկու» խոսքի մասերը կամ խոսքի «մասնիկները» իրենց «լեզվական-իմացաբանական արժեքն ու իմաստն ունեն նաև խոսքից դուրս, այն է՝ լեզվի մեջ»։ Հետևաբար այս կարգի բոլոր բառերն էլ իրենց ինքնուրույն խոսքիմասային «ընդհանուր իմաստն» ունեցող բառեր են։

Գ.Սևակն իր հեղինակած դպրոցական ու բուհական դասագրքերում և տեսական գրականության մեջ նախ ցույց է տալիս խոսքի մասերի տեսական միասնական սկզբունքի բացակայությունը։ Իբրև ֆորմալիզմ է գնահատում ոչ միայն բառերի խոսքիմասային պատկանելությունն ըստ նրանց թեքման ձևաբանական հատկանիշի որոշելը, այլև խոսքի մասերի որոշման շարահյուսական մոտեցումը։ Սևակը հայագետ Մ.Աբեղյանի և ռուս անվանի լեզվաբան Վ.Վինոգրադովի խոսքի մասերի տեսական հայացքների մեջ նկատում է որոշակի ընդհանրություններ՝ հավասարապես քննադատելով երկուսին էլ։

Աշխատության մեջ արծարծված հիմնական տեսական դրույթները Գ.Սևակը ներկայացրեց իր «Ժամանակակից հայոց լեզվի տեսություն» (գիրք 1-2, 1939-47թթ., վերամշակված հրատ.՝ «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց», 1955թ.) աշխատություններում։ 

«Ժամանակակից հայոց լեզվի տեսություն» աշխատության մեջ (այն Մ.Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն» մենագրությունից հետո մեր գրական լեզվի ամենալուրջ ուսումնասիրություններից է և խոշոր ներդրում է հայագիտության բնագավառում) լեզվի ու խոսքի փոխհարաբերության, լեզվի զարգացման, ձևի ու բովանդակության հակադրամիասնության և լեզվաբանական մի շարք այլ տեսական հարցեր քննելուց հետո Գ.Սևակը ուրվագծում է հայոց լեզվի զարգացման փուլերը, քննում արևելահայ գրական լեզվի հնչյունաբանությունը, բառագիտությունը, ձևաբանությունը։ Առաջին գրքում ընդգրկված են «Նախաշավիղ, ժամանակակից հայերենի կազմավորումը», «Հնչյունաբանություն» և «Ձևաբանություն» գլուխները։ Երկրորդ գրքի առաջին պրակը նվիրված է ժամանակակից հայերենի բառագիտությանը և բաղկացած է երկու գլխից՝ «Հայոց լեզվի բառագանձը» և «Բառակազմություն»։ 

Ըստ Հովհ.Բարսեղյանի՝ Սևակը «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց» աշխատության մեջ ոչ միայն չի հրաժարվում խոսքի մասերը հիմնական և երկրորդական կամ նյութական և քերականական խմբերի բաժանելուց, այլև տեսնում ու թվարկում է այդ խմբերից յուրաքանչյուրը միացնող և մյուսին հակադրող լեզվական առանձնահատկությունները։ Միաժամանակ խոսքի մասերը բաժանում է թեքվող և չթեքվող խմբերի: Թեքվողները տրոհելով հոլովվող և խոնարհվող ենթատեսակների՝ կատարում է հայերեն խոսքի մասերի բացարձակ ձևաբանական խմբավորում։ 

Գ.Սևակը լեզուն բնորոշում է իբրև հաղորդակցման առաջնային և կարևորագույն միջոց, այսինքն՝ մարդիկ իրար հետ խոսում և հաղորդակցվում են լեզվի միջոցով։ Լեզուն նաև մտածողության միջոց է. մարդիկ խոսում, հաղորդակցվում և մտածում են լեզվի միջոցով։ 

Անդրադառնալով լեզուների ցեղակցության հարցին՝ Գ.Սևակը ելնում է տարբեր լեզուների միջև եղած նմանությունների, համապատասխանությունների տեսակետից. «ցեղակից» լեզուների միջև իրոք գոյություն ունեն համապատասխանություններ, հատկանշական նմանություններ, սակայն, նրա կարծիքով, այդ համապատասխանություններն արդյունք են ոչ թե ընդհանուր ծագման, ոչ թե մի նախալեզվից սերած լինելու, այլ պատմական որոշ շրջանում տարբեր ցեղերի համակեցության և այդ համակեցության շնորհիվ տեղի ունեցած լեզվական փոխազդեցությունների. այդպիսով լեզուների ցեղակցությունը, ինչպես ընդունում է Սևակը, ոչ թե «ծննդաբանական» է, այլ տարբեր լեզուների միջև պատմականորեն գոյացած ընդհանրությունների արդյունք։ Օրինակ՝ գրաբարը «ֆեոդալիզմի լեզու է» և ձևավորվել է հայերենի մեկ կամ մի քանի բարբառներից. «Գրաբարը ոչ թե հայ բարբառների մայրն է, այլ բարբառներից մեկի կամ մի քանիսի դուստրը»։ Միաժամանակ կարծում է, որ «Չի կարելի պնդել նաև այն, թե գրաբարը ստեղծվել է պալատներում հայ ազնվականների կողմից և չի ունեցել իր մայր բարբառը ժողովրդի մեջ» (ըստ «Հայոց լեզվի տեսության»)։ Պետք է նշել, որ գրաբարի և բարբառների առաջացման, գրաբարի մահացման,  գրաբարի ու բարբառների փոխհարաբերության և այլ հարցեր հայագիտության բարդ, կնճռոտ և մի շարք կողմերով դեռևս վերջնականապես չեն լուծվել: Դրանք պահանջում են հայագետների համատեղ, համառ հետազոտական աշխատանքը։ Ըստ Գ.Սևակի՝ այս ուղղությամբ առաջադրած հարցերը ինքնին հետաքրքիր են, արժեքավոր,  մտածելու տեղիք են տալիս:  Անշուշտ, հեղինակի քննած լեզվական որոշ դրույթներ վիճելի են և պահանջում են լուրջ հիմնավորում: Պարզ է՝ հայագիտությունը չի կարող զարգանալ, առաջադիմել առանց կարծիքների պայքարի, առանց տեսակետների բախման, առանց քննադատության լայն ծավալման։ 

Ա. Վագներ, Գ. Սևակ (1968թ.)

Ժամանակակից հայերենի կազմավորման վերաբերյալ Գ.Սևակի կարծիքն հետևյալն է. այն ընթացել է գրաբարի և բարբառների հարատև ազդեցության ներքո։ Արդի հայերենն իբրև լեզվական նոր որակ, ընդգրկելով գրաբարի և բարբառների  տարրեր, ո՛չ գրաբարի աղավաղումն է, ո՛չ էլ բարբառի մշակումը, այլ «գրաբարի ու բարբառների պատվանդանի վրա կանգնած մի համադրական լեզու»։

«Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց» աշխատության մեջ Գ.Սևակը հանգամանորեն քննել է հայերենի բառապաշարը (բառային կազմ, բառապաշարի շերտեր, գրաբարյան, ժողովրդա-բարբառային, նորագույն փոխառություններ, նորաբանություններ, հնաբանություններ), բառապաշարի տեղաշարժերը, բառակազմության տեխնիկայի զարգացման փուլերը, բառակազմության տեսակները և նորագույն հապավումները։ Հայերենի բառապաշարը բաժանել է հետևյալ շերտերի՝ գրաբարյան բառեր, միջին հայերեն բառեր, բարբառային բառեր, նոր հայերեն բառեր։

Գ.Սևակն անդրադարձել է նաև հայ բարբառագիտության, հայերենի ուղղագրության,  տերմինաստեղծման, գրական հայերենի նորմաների մշակման և այլ հարցերի։ Նրա «Հայոց լեզվի շարահյուսություն» (1936թ.) դպրոցական դասագիրքն ունեցել է ավելի քան 30 հրատարակություն։

1948թ. հրատարակել է «Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն» արժեքավոր աշխատությունը, որի մեջ տուրք է տվել իշխող մառականությանը․ դա արտահայտվել է հատկապես լեզվի և գաղափարախոսության նույնացման («Լեզուն հասարակական գիտակցության ձևերից մեկն է՝ վերնաշենքային արտահայտություն, որը հաճախ այլ գաղափարախոսություններից շատ ավելի շուտ  և զգայուն կերպով է արտահայտում բազիսում տեղի ունեցող փոփոխություններն ու տեղաշարժերը՝ վերջին հաշվով պայմանավորված լինելով նրանով»), լեզվական շրջափուլերի  կամ, ինչպես ինքն է անվանում է դրանք՝ «ֆորմացիաների» ընդունումով («Հասարակական յուրաքանչյուր ֆորմացիայի օրինաչափորեն ուղեկցում է լեզվական համապատասխան «ֆորմացիան» կամ գոյավիճակը»)։ Սակայն դրանք, ըստ Է.Աղայանի, «առավելապես հավուր պատշաճի հայտարարություններ են, որոնք, բարեբախտաբար, չեն ազդում լեզվական նյութի ուսումնասիրության վրա, եթե ուշադրության չառնենք մի քանի շինծու օրինակներ, որոնք բերվում են այդ հայտարարությունները հիմնավորելու համար»։ Աշխատանքը  լուրջ ներդրում է մեր գրական լեզվի պատմության ուսումնասիրության մեջ. այն բաղկացած է ներածությունից և չորս բաժնից։  Ներածության մեջ անդրադարձել է արևելահայ գրական լեզվի պատմության շրջանաբաժանման խնդրին՝ առաջարկելով հետևյալ շրջանաբաժանումը.

  1. Կազմավորման կամ վաղ աշխարհաբարի շրջան (17-18-րդ դդ.)։
  2. Ձևավորման կամ լուսավորչական շրջան (19-րդ դ. սկզբից մինչև 70-ակ. թթ.)։
  3. Ժողովրդականացման կամ դասական աշխարհաբարի շրջան (70-ակ. թթ.-ից մինչև 1920թ.)։
  4. Սովետական կամ համազգային լեզվի շրջան (1920թ.-ից ի վեր)։

Ներածության մեջ անդրադարձել է նաև տվյալ հեղինակի կամ աշխարհաբարի զարգացման տվյալ փուլի լեզվի բնույթի որոշմանը՝ բարբառայնության, գրաբարաբանության կամ ժողովրդայնության տեսանկյունից։ Աշխատանքի չորս գլուխներում հանգամանորեն ներկայացրել է այդ փուլերից յուրաքանչյուրի նկարագիրը։

Է.Աղայանի գնահատմամբ՝ «Գուրգեն Սևակը խորհրդային շրջանում աճած և իր դերով առավել աչքի ընկած լեզվաբաններից մեկն է, որ մեծ վաստակ ունի ոչ միայն ժամանակակից հայոց լեզվի գիտական ուսումնասիրության մեջ, որի բնագավառում երկրորդ դեմքն է Մ.Աբեղյանից հետո, այլև մեզ մոտ տեսական- լեզվաբանական մտքի զարգացման ասպարեզում»։

Հայերեն գրերի ստեղծման ու Մեսրոպ Մաշտոցի մասին Սևակը գրել է մի քանի աշխատություն։ «Թե ինչ է արել Մաշտոցը Սամոսատում» հոդվածում քննության նյութ է դարձրել Մաշտոցի կենսագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի մի փոքրիկ հատվածը, որի վերաբերյալ հայ և օտար շատ մասնագետներ արտահայտել են տարբեր, նույնիսկ հակասական կարծիքներ։ Առանձնացնելով ու գնահատելով բանասերների ճիշտ մտքերն այդ հայտնի հատվածի վերաբերյալ՝ Սևակը հիմնավոր քննադատել է յուրաքանչյուրի սխալ ու անհամոզիչ դրույթները և գիտականորեն հիմնավորել իր նոր ըմբռնումները։

Գ.Սևակի մասին հոդված (1981թ.)

«Մեսրոպյան գրերը, նրանց կառուցվածքի սկզբունքները և աղբյուրները» հոդվածում Սևակը գիտական վերլուծությունից հետո հաստատել է, որ Մեսրոպյան գրերի ակունքը գտնվում է ոչ թե մերձավոր հունա-ասորա-պարսկական միջավայրում, այլ ժամանակով և տարածությամբ հեռավոր փյունիկ-սեմական՝ հարավ-արաբական-արամեական գրերի ոլորտում, ուր և եղել է նրանց իսկական բնօրրանը։ Մաշտոցի կյանքի ու մեծ ծառայության պատմությունը Գ. Սևակը ներկայացրել է իր «Մեսրոպ Մաշտոց. հայկական գրերի ու մատենագրության սկզբնավորումը» (1962թ.) մենագրության մեջ, որը հրատարակվել է նաև ռուսերեն։

«Հայ բարբառների ծագման հարցի շուրջը» ծավալուն հոդվածում Գուրգեն Սևակը քննադատել ու մերժել է այն տեսությունը, ըստ որի՝ հայերենի բոլոր բարբառները առաջացել են ոչ թե գրաբարից, ոչ թե գրաբարատիպ հայերենից, այլ պատմական Հայաստանում տեղադրված այլևայլ ժողովուրդների կողմից հայոց լեզուն յուրացնելու պրոցեսում՝ հեռավոր նախապատմական շրջաններում։

Վստահաբար կարելի է ասել, որ Գուրգեն Սևակն իր գիտակցական կյանքը, ստեղծագործական ողջ կարողությունները նվիրաբերել է հայոց լեզվին և հայ մշակույթին ծառայելու վսեմ գործին։ Ժամանակակից հայոց լեզվի, տերմինաբանության,  ոճաբանության, հայ բանասիրության ասպարեզում իր աչքի ընկնող աշխատություններով նա նշանակալի ավանդ է ներդրել հայագիտության և մասնավորապես հայերենագիտության զարգացման գործում և միանգամայն նոր դրույթներ նախանշել։ Բազմավաստակ գիտնականը, մանկավարժն ու հասարակական-մշակութային գործիչն իր հաստատուն տեղն է գրավում հայ լեզվաբանության պատմության մեջ՝ ականավոր հայագետների՝ Հ.Աճառյանի, Մ.Աբեղյանի, Ս.Մալխասյանցի, Գ.Ղափանցյանի, Ա.Ղարիբյանի, Գ.Ջահուկյանի, Է.Աղայանի և այլոց շարքում՝ արժանանալով համաժողովրդական ճանաչման և հարգանքի։

Ակադեմիկոս Գուրգեն Սևակին նվիրված նյութերի հղումներ 

  1. Գուրգեն Սևակ (ծննդյան 80-ամյակի առթիվ), «Պատմաբանասիրական հանդես». https://arar.sci.am/dlibra/publication/190848/edition/173336/content 
  2. ԳուրգենՍևակ. https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A
    3%D5%A5%D5%B6_%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF
      
  3. Գուրգեն Սևակ. https://www.youtube.com/watch?v=pEZ0smm-5S8 
  4. ԳուրգենՍևակ. https://avproduction.am/?ln=am&page=person&id=4646&name=%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A3%D5%
    A5%D5%B6_%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF
  5. ԵՊՀ երախտավորները. Գուրգեն Սևակ. http://ysu.am/news/hy/About-Gurgen-Sevak/

Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
This site has been visited
6 959 154

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:36, 26/04/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am