ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մայիսի 22-26-ին  անցկացնում է «Տեր-մանրէ փոխազդեցությունների մոլեկուլային և բջջային  հիմունքներ-2017» խորագրով երիտասարդ գիտնականների վեցերորդ միջազգային  դպրոցը:
    Դպրոցի հիմնական նպատակն է համախմբել մանրէների և տիրոջ  օրգանիզմի փոխազդեցություններով զբաղվող երիտասարդ գիտնականներին՝  հնարավորություն ընձեռելով քննարկել սեփական հետազոտությունների  արդյունքները հանրաճանաչ գիտնականների հետ, ստանալ նոր գիտելիքներ նշված  բնագավառում և ստեղծել համագործակցության նոր ուղիներ:
     Դասախոսություններով հանդես կգան` պրոֆեսոր Բանա Ջաբրին (Չիկագոյի  համալսարան, ԱՄՆ), պրոֆեսոր Դիանա Բարբերը (Կալիֆորնիայի համալսարան, ԱՄՆ),  պրոֆեսոր Ալեքս Հաջնալը (Ցյուրիխի համալսարան, Շվեյցարիա) և դոկտր Հայկ  Էսկանդարյանը (Դաշնային ճարտարագիտական դպրոց, Շվեյցարիա): Վեցերորդ  դպրոցում ներկայացվելու են առողջ և հիվանդ պայմաններում աղիքային մանրէների  դերի վերաբերյալ նորագույն նվաճումները և մոտեցումները:
    Դպրոցին մասնակցելու են ավելի քան 50 երիտասարդ գիտնականներ հայաստանյան և արտերկրյա գիտական կենտրոններից:
    Հնգօրյա դպրոցն անցկացվում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
    Դպրոցի բացումը տեղի կունենա մայիսի 22-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի դահլիճում (ք. Երևան, 0014,  Հասրաթյան 7, 2-րդ հարկ):
20.05.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն