Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Պերմ-Տրիասի սահմանի ընդհանրացված շերտագրության, կլիմայական, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության կտրուկ փոփոխությունները» V IGSP 630 դաշտային միջազգային սեմինարը: Այն նվիրված է Հարավային Կովկասում Պերմ-Տրիասի ժամանակաշրջանի պալեոէկոլոգիական, օվկիանոսային և կլիմայական պայմանների ուսումնասիրություններին: Հարավային Կովկասը աշխարհի այն եզակի վայրերից է, որտեղ պահպանվել է Պերմ-Տրիասի ժամանակաշրջանի ծովային կենդանական աշխարհի տեսակները:
Սեմինարին ներկայացված են 19 զեկուցում և 4 ստենդային զեկուցում: Սեմինարին մասնակցում են գիտնականներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեցարիայից, Սլովենիայից, Չինաստանից, Իսրայելից Խորվաթիայից, Գերմանիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից:
Սեմինարի մասնակիցները կայցելեն Հայաստանի հարավ, որտեղ արտահայտված են Պերմ-Տրիասի սահմանները և կուսումնասիրեն Պերմ-Տրիասի զանգվածային անհետացումից հետո էկոհամակարգերի ինքնավերականգնումը:
Սեմինարը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
09.10.2017թ.