ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի պատվիրակությունը մասնակցեց սույն թվականի օգոստոսի 6-15-ը Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում անցկացված Միջազգային աստղագիտական միության 32-րդ գլխավոր ասամբլեային։ Միջոցառմանը մասնակցեցին 107 երկրների 2050 աստղագետներ, ևս 650 աստղագետ մասնակցեց առցանց։ Անցկացվեց 6 գիտաժողով, տեղի ունեցան թեմատիկ նստաշրջաններ, հանդիպումներ։
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՄԱՄ Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Պատվիրակության կազմում էին Նորետա Անդրեասյան-Թոմասը ԱՄՆ-ից, ով նաև աստղադիտարանի արտասահմանյան գիտաշխատակից է և Տամարա Մոլյարովան Ռուսաստանի Դաշնությունից, ով նաև աշխատում է Բյուրականի աստղադիտարանի թեմատիկ դրամաշնորհային խմբում: Առցանց մասնակցեցին Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Նաիրա Ազատյանը և Հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը։
Արեգ Միքայելյանը հանդիպում ունեցավ ՄԱՄ ղեկավարության հետ։ Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ 2022 և 2023 թթ․ ՄԱՄ մրցանակների հանձնման արարողությունը։ 2022թ․ լավագույն թեզի համար մրցանակ շնորհվեց Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Նաիրա Ազատյանին։
Հաջորդ 3 տարիներին ՄԱՄ նախագահը կլինի Վիլի Բենցը (Շվեյցարիա), ՄԱՄ գլխավոր քարտուղարը՝ Դայանա Ուարոլը (ԱՄՆ)։ 2028-2030 թթ․ համար ՄԱՄ նախագահ ընտրվեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Բրայան Շմիդտը (Ավստրալիա), գլխավոր քարտուղար՝ Լաուրա Ֆերարեզեն (Կանադա)։ Արեգ Միքայելյանն ընտրվեց ՄԱՄ C բաժանմունքի գործադիր կոմիտեի անդամ։ ՄԱՄ հաջորդ՝ 2027թ․ գլխավոր ասամբլեան տեղի կունենա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, իսկ 2030թ․՝ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․08.2024թ.