Սույն թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կհյուրընկալի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում են Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի նախագահ, համալսարանի կենսաբժշկության քոլեջի պրոֆեսոր Շինչանգ Հանը, Կենսաբժշկության քոլեջի տնօրեն, առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Յաջոու Ցույը, Կենսաբժշկության քոլեջի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Յան Ժաոն, Կենսաբժշկության քոլեջի Սուջոու Բիոբեյ կենսատեխնոլոգիական տեխնոպարկի ռեզիդենտ, պրոֆեսոր Շուշան Յինը։
ՀՀ ԳԱԱ-ում պրոֆեսոր Շուշան Յինը հանդես կգա «Ախտորոշում և բուժում. աշխարհի համավարակից մինչև բջջի համավարակ» (Diagnostics and Treatment: From World Pandemic to Cell Pandemic) թեմայով դասախոսությամբ։
Պրոֆեսոր Շուշան Յինն աջակցություն է ցուցաբերել 2020 թվականին նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանի առջև ծառացած մարտահրավերի պայմաններում՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից կորոնավիրուսի ախտորոշիչ ՊՇՌ թեստերի արտադրության տեղայնացման և կազմակերպման գործում՝ տրամադրելով տեխնիկական, լոգիստիկ և մասնագիտական օժանդակություն։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի պատվիրակությունը Հայաստանում է գտնվելու սույն թվականի հուլիսի 6-10-ը՝ գիտահետազոտական և գիտակրթական համագործակցությունը կենսաբժշկության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ գենետիկական հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման և բուժման բջջային ու գենային թերապիայի մոտեցումների մշակումը հայ գիտնականների հետ քննարկելու նպատակով։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04.07.2024թ․