Սույն թվականի ապրիլի 25-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Աթենքի Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ստամատիոս Կրիմիզիսը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Պրոկոպիոս Պավլոպուլոսը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ Միխաիլ Ստաթոպուլոսը և Աթենքի Ակադեմիայի գլխավոր քարտուղար Խրիստոս Զերեֆոսը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպել գիտաժողովներ, կոնգրեսներ, աշխատաժողովներ, ամառային դպրոցներ, նաև համատեղ իրականացնել գիտնականների փոխանակման ծրագրեր և գիտական նյութերի հրապարակումներ։ Նախատեսվում է նաև համատեղ միջոցառումների իրականացում՝ ուղղված գիտության դերի մասին հասարակական կարծիքի ամրապնդմանը։
Համագործակցությունը կներառի մի շարք ոլորտներ՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա և ճարտարագիտություն, մեխանիկա, նոր նյութեր և առաջադեմ տեխնոլոգիաներ, կյանքի որակ, կենսաբժշկություն և կենսատեխնոլոգիա, կենսաբազմազանություն, կենսառեսուրսներ և էկոլոգիա, կլիմայի փոփոխություն, բնական և տեխնածին աղետներ, աստղագիտություն, տիեզերական հետազոտություն և տեխնոլոգիա, պատմամշակութային ժառանգություն և ազգային ինքնություն, մարդ և հասարակություն։
«Այս փոխգործակցությունը կամրապնդի և կզարգացնի հարաբերությունները երկու ակադեմիաների միջև՝ նպաստելով Էլլենական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամության ամրապնդմանը և բարգավաճմանը», - նշվեց միջոցառման ժամանակ։
Հունաստան այցի ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ապրիլի 24-ին մասնակցեց հայ համայնքի հետ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26․04․2024թ․