Սույն թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Դուբնա քաղաքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջև կնքվեց համաձայնագիր հիմնարար գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՄՀՄԻ-ի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը։
Համաձայնագրով նախատեսվում է հիմնել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ հետազոտական կառույց` ՀՀ գիտահետազոտական
ինստիտուտների և ՄՀՄԻ-ի գիտնականների ու մասնագետների փոխգործակցությունը պահպանելու, գիտատեխնիկական բնագավառում, ինչպես նաև կադրերի պատրաստման ու բնագիտության հանրայնացման ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով։
Հիմնական հետազոտական ուղղություններն են տեսական ու փորձարարական ֆիզիկան, աստղաֆիզիկան-տեսական հետազոտությունները, մոդելավորումն ու տվյալների մշակումը, միջուկային ֆիզիկայի մեթոդները որոնողական հետազոտություններում, առաջատար հետազոտությունները նոր նյութերի քիմիայի ոլորտում, կենսաբանական
հետազոտությունները, ներառյալ ռադիոկենսաբանական երևույթների մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունն ու տրեկային մեմբրաների մոդիֆիկացիան, երկրաֆիզիկան ու սեյսմոլոգիան, տեղեկատվական տեխնոլոգիաները։ Նախատեսվում է նաև իրականացնել համատեղ մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրեր, նախագծերի ու գիտական հետազոտությունների արդյունքների փորձաքննություն։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16․04․2024թ․