Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտական գծով տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Լեբեդևի ֆիզիկական ինստիտուտի և Ազգային հետազոտական միջուկային համալսարանի (МИФИ) գլխավոր գիտաշխատող, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Սուլթան Դաբագովը ներկայացրեց կանալացման ֆիզիկայի ոլորտում հաջողությունները և ապագա հնարավոր զարգացումները:
Պրոֆեսոր Դաբագովի «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» զեկույցը նվիրված էր կանալացման երևույթի վրա հիմնված արդիական լավագույն նախագծերին, որոնք սկիզբ են առել անցած դարի վերջից և շարունակվում են մինչ օրս:
Կանալացումն աշխարհին հայտնի ֆիզիկական երևույթներից է, որը հիմնականում վերաբերում է լիցքավորված մասնիկների փնջերի տարածմանն օրիենտացված միաբյուրեղներում։ 1970-ականների սկզբից աշխարհի տարբեր հայտնի հետազոտական կենտրոններում ազգային/միջազգային նախագծերի շրջանակներում բարձր էներգիայի
լեպտոնների (էլեկտրոններ/պոզիտրոններ մի քանի ՄէՎ-ից մինչև հարյուր ԳէՎ էներգիա) և հադրոնների (պրոտոններ/իոններ տասնյակ ԳէՎ-ից մինչև մի քանի ՏէՎ էներգիայի) կանալացման երևույթն օգտագործվել է փնջերի ձևավորման, ինչպես նաև բարձր հզորության ռենտգենյան և գամմա ճառագայթման աղբյուրների ստեղծման համար։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12.04.2024թ.