Սույն թվականի մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսալեզու տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը (17-18-րդ դարեր)» խորագրով միջոցառումը, որն անցկացվում է «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Միջոցառմանը մասնակցելու են ֆրանկոֆոն երկրների մի շարք դեսպաններ, պետական պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետության գիտական, կրթական և մշակութային կառույցների ղեկավարներ, գրողներ, թարգմանիչներ և այլք:
Միջոցառման ընթացքում առաջին անգամ հանրությանն է ներկայացվելու գրադարանի ոսկե ֆոնդում պահվող ֆրանսերեն հնատիպ տպագիր ժառանգության մի մասը, գրքեր, որոնք տպագրվել են եվրոպական տարբեր երկրներում 17-18-րդ դարերում:
Նախատեսվում է շնորհակալագրերի հանձնում հայ թարգմանիչներին, ովքեր մեծ ներդրում ունեն ֆրանսալեզու գրականության տարածման, հանրահռչակման գործում, որոնց թարգմանություններն ընդգրկված են գրադարանի կողմից համակարգվող «Թարգմանչաց արվեստ» էլեկտրոնային շտեմարանում:
Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ամիրաղյանը «Կոմիտաս վարդապետը և ֆրանսիական մշակույթը» զեկույցով կներկայացնի վարդապետի և ֆրանսիական մշակույթի կապը, որին կհաջորդի երաժշտական մասը: Հանդես կգա Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.03.2024թ․