Սույն թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում (Աճառյան 1 փող. 0063) տեղի կունենա ականավոր բուսաբան, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրու, Բուսաբանական թանգարանի և Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի բացման արարողությունը։ Միջոցառման ժամանակ կանցկացվի շրջայց Երևանի բուսաբանական այգու տարածքում, կներկայացվեն ընթացիկ ծրագրերը։
Համաշխարհային ճանաչում ունեցող բուսաբան Արմեն Թախտաջյանը հսկայական ժառանգություն է թողել սերունդներին՝ հարուստ գիտական գրականություն, բուսաբանական գիտության հիմնական ուղղությունները` կարգաբանություն, մորֆոլոգիա, անատոմիա, երկրաբուսաբանություն, հնէաբուսաբանություն, կարիոլոգիա, պալինոլոգիա, ստեղծել է գիտական դպրոցներ, պատրաստել հմուտ մասնագետներ, ովքեր ուսուցչի օրինակով իրենց կյանքը նվիրեցին բույսերի թագավորության ուսումնասիրմանը:
Արմեն Թախտաջյանը հայկական բուսաբանական դպրոցի ստեղծողն է, Բուսաբանության ինստիտուտի հիմնադիրը: Նա կազմել է Հայաստանի բուսականության քարտեզը։ Նրա նախաձեռնությամբ և խմբագրությամբ առաջին անգամ հրատարակվել է «Красная книга СССР» գիտական աշխատությունը:
Ի պատիվ Արմեն Թախտաջյանի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտը, որի կազմում է Երևանի բուսաբանական այգին, կրում է նրա անունը: Նրա անունն են կրում բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.04.2023թ.