Սույն թվականի ապրիլի 20-ին` ժամը 10:00-ին, և 21-ին` ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով:
Ապրիլի 20-ին տեղի կունենան ՀՀ ԳԱԱ բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/2), ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ), ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24 ա), ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24 դ):
Բաժանմունքների 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները կներկայացնեն բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները:
Ապրիլի 21-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտակազմակերպական գործունեությունը:
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վեհարի Սաքանյանը հանդես կգա «Կենսատեխնոլոգիան բժշկության համար. քաղցկեղի թիրախավորված թերապիա» զեկուցմամբ։
Ապրիլի 21-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու համար լրագրողները պետք է նախօրոք գրանցվեն ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում` զանգահարելով +374 10 71 00 74 և +374 93 11 07 41 հեռախոսահամարներին:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.04.2023թ․