Սույն թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/5) կմեկնարկի «OTHA-Spring-2023» միջազգային գիտաժողովը՝ «Օպերատորի տեսություն և հարմոնիկ անալիզ» թեմայով։
«OTHA-Spring» գիտաժողովը 2011 թվականից ավանդաբար անցկացվում է Դոնի Ռոստովում (ՌԴ)։ Այս տարի այն որոշվեց անցկացնել Հայաստանում՝ նպատակ ունենալով ամրապնդելու համագործակցությունը մաթեմատիկայի բնագավառում, ինչպես նաև մեծացնելու ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի դերն աշխարհում:
Գիտաժողովի կազմակերպիչներն ու բանախոսները համաձայնեցին այն նվիրել ՀՀ ԳԱԱ ստեղծման 80-ամյակին։ Գիտաժողովին կմասնակցեն հայտնի մաթեմատիկոսներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Մեքսիկայից, Իսրայելից, Պորտուգալիայից, Ղազախստանից։
Գիտաժողովի արդյունքում նախատեսվում է հատուկ թեմատիկ թողարկում «Mathematical Sciences» ամսագրում, որը «OTHA-Spring-2023» գիտաժողովի գործընկերն է:
«OTHA-Spring-2023» գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․04․2023թ․