Սույն թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը:
Տիգրան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի զարգացման ծրագիրը. «Նախատեսվում են արեգակնային էներգետիկայի և ինֆրակարմիր ճառագայթման ընդունիչների համար նյութերի ուսումնասիրում, ռադիոաստղագիտական ուսումնասիրություններ՝ արդիականացնելով առկա 7 մետրանոց ռադիոդիտակների համալիրը, ռադիոլոկացիոն սպեկտրների կառուցվածքի ուսումնասիրում, ինչը թույլ կտա կատարել թիրախների նույնականացում, ուսումնասիրություններ ռադիոալիքների տարածման բնագավառում»: Ըստ Տիգրան Զաքարյանի՝ նախատեսվում է ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ գերազանցության կենտրոնի ստեղծում կիրառական ծրագրերի իրականացման համար, թվային կառավարմամբ ֆրեզերային հաստոցի ձեռքբերում, կլիմայական և մեխանիկական փորձարկումների լաբորատորիայի կազմակերպում: Ինստիտուտը շարունակելու է երիտասարդ կադրերի պատրաստումը:
Տիգրան Զաքարյանը ծնվել է 1964 թվականին` Երևանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը: Նրա գիտական նախասիրություններն են` ֆիզիկական գիտափորձի ավտոմատացում և հեռակառավարում, ռադիոլոկացիոն համակարգեր և ազդանշանների թվային մշակում: Նա ավելի քան 30 գիտական աշխատությունների հեղինակ է:
Տիգրան Զաքարյանը ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2017 թվականին: Մինչ տնօրենի պաշտոնում ընտրվելը նա եղել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, 2008-2016 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ռադիոտեխնիկայի և կապի ամբիոնի վարիչ:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.09.2022թ.