«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման մրցույթ»: Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդ գիտնականների խմբերին՝ ձեռք բերել գիտական սարքեր և գիտափորձերի համար անհրաժեշտ նյութեր, նպաստել նոր գիտական խմբերի ձևավորմանը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ-ի սեպտեմբերի 12-ն է: Ֆինանսական աջակցության առավելագույն չափը կազմում է 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ: Հայտերի գնահատումն իրականացվելու է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» խորհրդի կողմից։ Գնահատվելու են հիմնավորումը, խմբի գիտական ձեռքբերումները, ֆինանսական նախահաշիվը։
Մրցույթը նախատեսված է գիտության բոլոր բնագավառների համար։ Նախատեսվում է գիտական սարքերի կամ նյութերի ձեռքբերման համար տրամադրել 12 ամիս տևողությամբ դրամաշնորհներ գիտահետազոտական աշխատանք կատարող երեք երիտասարդ գիտնականներից կազմված խմբերին։ Խմբի բոլոր անդամները պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ առնվազն մեկ տարի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում մշտապես բնակվող և գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնականներ, ում 36 տարին չպետք է լրացած լինի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը: Երեխաներ ունեցող կին երիտասարդ գիտնականների պարագայում մինչև 36 տարեկանի տարիքային շեմը ենթակա է վերանայման՝ յուրաքանչյուր երեխայի համար ավելացնելով լրացուցիչ մեկ տարի, իսկ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած տղամարդկանց համար՝ մինչև 38 տարեկան:
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://drive.google.com/.../1y_7XPILDviAtxQtk1.../view..., իսկ մրցույթի հայտին՝ https://forms.gle/gMvX2stPSUrMQCzX9 հղմամբ:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.07.2022թ.