Ս.թ. մարտի 17-18-ին կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված նշանավոր գիտնական ու հասարակական գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին:
Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա այցելություն Սերգեյ Համբարձումյանի շիրիմին՝ Երևանի Քաղաքային պանթեոն: Ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կանցկացվի հոբելյանական հանդիսավոր նիստ:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը կներկայացնի «Սերգեյ Համբարձումյան՝ գիտնականը, քաղաքացին» զեկույցը: Ելույթներ կունենան Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Գրիշա Ղարիբյանը, Սամվել Սարգսյանը:
Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մարտի 18-ին՝ Հայ-ռուսական համալսարանում: Ժամը 14:00-ին ՀՌՀ նորակառույց մասնաշենքում տեղի կունենա ՀՌՀ գրադարանը Սերգեյ Համբարձումյանի անվամբ կոչելու արարողությունը: ՀՌՀ գրադարանում` ժամը 14:15-ին, կանցկացվի Սերգեյ Համբարձումյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսի բացումը, ժամը 14:30-ին՝ Սերգեյ Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, ժամը 14:45-ին՝ Գագիկ Սարգսյանի «ГОРДЫЙ АРМЯНИН 21 ВЕКА» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Սերգեյ Համբարձումյանի կյանքին և գործունեությանը։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.03.2022թ.