Սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Այս եզակի աշխատությունը

հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից։ Գրքի հեղինակներն են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց

ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն պ․գ․թ․ Կարեն Փահլևանյանը, ՊՈԱԿ-ի փոխտնօրեն և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող պ․գ․թ․ Սվետլանա Պողոսյանն ու ՊՈԱԿ-ի գիտաշխատող պ․գ․թ․ Աշխունջ Պողոսյանը։

«Այս գիրքը նոր խոսք է հայագիտության, մշակութաբանության, արվեստաբանության բնագավառներում։ Այստեղ ներկայացված է 47 տարիների երկար աշխատանքը, որի ընթացքում մեր բազմաթիվ նվիրյալների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի ամենատարբեր անկյուններից հավաքվել և մեկտեղվել են շուրջ 2200

թանգարանային առարկաներ, գորգեր, և դրանցից ընտրված շուրջ 300 նմուշ ներկայացված են այս քառալեզու գրքում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն։ Գիտահեն ներկայացված են հայկական գորգերը՝ խմբերով, դասակարգված ըստ աշխարհագրության, ժամանակագրության, տեխնոլոգիաների», - ասաց Կարեն

Փահլևանյանը։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանը նշեց, որ հայկական գորգերն իրենց որակով և գեղագիտական յուրահատկությամբ վաղուց են արժանացել ճանաչման՝ սկսած արաբ

պատմիչներից մինչև ուշ միջնադարի ու նոր շրջանի եվրոպական, ռուսական և այլ աղբյուրներ։ «Գորգագործությունն ուղղակի նյութական հնարավորությունների արդյունք չէ, այլ մշակութային ինքնության, ավանդույթի, կաղապարների, պատկերային և խորհրդանշական համակարգի դրսևորում։ Եվ հենց այդ

պատճառով է կարևոր գիտակցել ոչ միայն հայկական գորգագործության ուսումնասիրության, այլև դրա հանրահռչակման առաջնահերթությունը։ Եվ նման աշխատությունները ոչ միայն ճանաչելի են դարձնում հայկականը բազմալեզու լսարանի համար, այլև թույլ են տալիս հստակ տարբերակել և, վիզուալ

արձանագրելով դրա հայկականությունը, տուրք չտալ աղավաղումների ու յուրացումների օտար փորձերին», - ասաց Գոռ Մարգարյանը։
Աշխունջ Պողոսյանը նշեց, որ գորգերի հավաքածուի ստեղծման նպատակն է Հայաստանում ունենալ գորգի

թանգարան՝ Վաղարշապատում և ենթաճյուղեր Իջևանում, Բերդում, Գորիսում, Կապանում, Սիսիանում։ «Պետք է հասնել նրան, որ ունենանք գորգագործական մշակույթի գիտահետազոտական կենտրոն։ Դա պետք է կազմակերպված լինի պետականորեն», - նշեց Աշխունջ Պողոսյանը։

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը շեշտեց աշխատության նշանակությունը հայոց գորգագործական մշակույթի արժևորման և հանրահռչակման տեսանկյունից։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
17․06․2025թ․