Հունիսի 16-ին` ժամը 15:00-ին, ՀՀ  ԳԱԱ բուսաբանական ինստիտուտում  (Աճառյան 1, Երևանի բուսաբանական այգի, ՀՀ  ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի  նիստերի դահլիճ) տեղի կունենա հանդիսավոր արարողություն` նվիրված ՀՀ ԳԱԱ  բուսաբանական ինստիտուտի` աշխարհահռչակ բուսաբան, ակադեմիկոս Արմեն  Թախտաջյանի անունով անվանակոչմանը: Ինստիտուտի անվանակոչումը հաստատված է  ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշմամբ:
Արմեն Թախտաջյանը XX դարի ականավոր բուսաբան է, ֆիլոգենետիկ և էվոլյուցիոնիստ: 
Արմեն  Թախտաջյանը, դեռևս երիտասարդ տարիքում դառնալով Բուսաբանության ինստիտուտի  տնօրեն, անմիջապես ձեռնամուխ եղավ բուսաբանական գիտության հիմնական  ուղղությունների  ստեղծմանը և զարգացմանը։
Արմեն Թախտաջյանը հիմք դրեց  «Հայաստանի ֆլորան» բազմահատորյակի ստեղծմանը, որն արդեն 11 հատոր ունի: Նա  ստեղծեց հայ  բուսաբան կարգաբանների հզոր դպրոց, որտեղ ներկայումս  աշխատում են մի քանի սերունդների ճանաչված մասնագետներ: ՀՀ ԳԱԱ  Բուսաբանության ինստիտուտի կարգաբանության բաժնում աշխատում են Թախտաջյանի  աշակերտները:

Թախտաջյանի  բուսական աշխարհի էվոլյուցիայի հետազատությունների արդյունքում ստեղծվեց  բարձրակարգ բույսերի ինքնատիպ համակարգ, որի համար նա արժանացավ ԽԱՀՄ  Կոմարովյան մրցանակի։
Մեծ է նաև Արմեն Թախտաջյանի գիտակազմակերպական  գործունեությունը: Նա «Ботанический журнал» (Սանկտ-Պետերբուրգ) հանդեսի  գլխավոր խմբագիրն էր, Հայկական աշխարհագրական ընկերության պրեզիդենտը, ԽՍՀՄ  բուսաբանական ընկերության, Լոնդոնի Լինեյի ընկերության արտասահմանյան  անդամ, Հնդկաստանի հնէաբուսաբանական ընկերության պատվավոր անդամ, ԱՄՆ-ի,  Նորվեգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի գիտությունների ակադեմիաների  արտասահմանյան անդամ, «Լեոպոլդինա» գերմանական բնագիտության ակադեմիայի  անդամ:
Բնական գիտությունների բնագավառում ունեցած բացառիկ նվաճումների,  երկարամյա և արգասաբեր գիտական գործունեության համար ակադեմիկոս  Թախտաջյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: 
2009  թվականին բնական գիտությունների բնագավառում ունեցած ակնառու նվաճումների,  երկարամյա և բեղմնավոր գիտական գործունեության համար ակադեմիկոս Թախտաջյանը  պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
15.06.2017թ.