Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 
    ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց 2018թ. գիտական և  գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Այսպիսով,  բաժանմունքի կազմում ընդգրկված են հետևյալ գիտահետազոտական  կազմակերպությունները` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը,  «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Կենդանաբանության և  հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության  ինստիտուտը, Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Գ.Դավթյանի  անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության  ինստիտուտը, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

    Բաժանմունքի կազմում ընդգրկված են` 7 ակադեմիկոս, 11 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր: 
     2018թ-ին տպագրվել է 298 հոդված (188-ն արտասահմանում), 140 թեզիս (92-ն  արտասահմանում), 12 մենագրություն, 4 ուսումնական ձեռնարկ, և հատկացվել է 2  արտոնագիր: Անցկացվել է հանրապետական և միջազգային 16 գիտաժողով, որոնց  մասնակցել է 904 մարդ (232-ն արտերկրից): Կազմակերպվել են քննարկումներ,  այդ թվում` «Հիմնարար գիտության զարգացման հեռանկարները» ԱՊՀ գիտնականների  2018թ. ֆորումի շրջանակներում, «Կենսա-բժշկության ոլորտում Ռուսաստանի  գիտությունների ակադեմիայի հետ համագործակցության քննարկումը» ՌԳԱ  փոխնախագահ ակադեմիկոս Վ.Չեխոնինի հետ համատեղ և «Սևանա լճի էկոլոգիական  հիմնահարցերը» ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական  հանձնաժողովի հետ համատեղ:
    Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
- «Չարորակ ուռուցքների համաճարակաբանության պատկերը Հայաստանում» (Զեկ.` ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Հ. Մ. Գալստյան)
-  «Հայաստանի շրջակա միջավայրի ռադիոակտիվության գնահատումը» (Զեկ.` կ.գ.թ. Օ. Ա. Բելյաևա)
- «Ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիան և մանրէների ինակտիվացումը կենսաինժեներիայի մեթոդներով» (Զեկ.` կ.գ.թ. Գ. Վ. Գյուլխանդանյան)
- «Բույսերի հիդրոպոնիկայի հեռանկարները Հայաստանում» (Զեկ.` կ.գ.թ. Ա. Հ. Թադևոսյան, կ.գ.թ. Խ. Ս. Մայրապետյան)
- «Ապաբջջային սկաֆֆոլդների ստացում» (Զեկ.` կ.գ.թ. Ա. Գ. Քերյան)
- «Հայաստանի էկոհամակարգերի պահպանման հեռանկարները» (Զեկ.` կ.գ.թ. Ա. Ս. Ալեքսանյան, կ.գ.դ. Գ. Մ. Ֆայվուշ)
- «Նոր սերնդի հակամանրէային պատրաստուկների ստացումը և կիրառումը» (Զեկ.` կ.գ.թ. Ք. Ջ. Կարապետյան)
- Մարդու մակաբույծների շրջապտույտը բնության մեջ (Զեկ.` կ.գ.թ. Ս. Ա. Աղայան)
   Կարևորագույն գիտական արդյունքներ
   «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ
   «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ն իր արտաբյուջետային միջոցների հաշվին  իրականացնում է ինովացիոն ծրագրեր: Մասնավորապես, 2018 թ-ին Կենտրոնում  գործող արտադրամասում ներդրվել են «Նարինե» ըմպելի և փոշենման կաթնաթթվային  մթերքների ու մի շարք բուսական յուղերի արտադրություններ:
   Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
   Անցկացվել են հետազոտություններ, որոնց արդյունքներով տեղական  արտադրության կաթի և հանքալեռնային շրջաններում աճեցված  պտուղ-բանջարեղենների համար հաշվարկված թունավոր տարրերի քաղցկեղածին ռիսկը  գերազանցել է թույլատրելի սահմանը:
   Հայաստանի տարածքի  ռադիոէկոլոգիական մոնիտորինգ. փուլ երկրորդ» թեմայի շրջանակներում   նմուշառվել է շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների 60 ներկայացուցչական  նմուշների հավաքածու, սկսվել են տարրալուծման աշխատանքներ: 
    Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը սննդի ոլորտում ռիսկի  գնահատման վերաբերյալ սկսել է  համագործակցել Սննդամթերքի անվտանգության  պետական ծառայության հետ:
   Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ԳԿ
   Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում ստեղծվել են երկու նոր գիտական խմբեր.
- «Էկոլոգիական ռիսկերի և ազդեցությունների գնահատման» գիտական  խումբ՝ ՀՀ ջրային պաշարների քիմիական և կենսաբանական աղտոտվածության և  մարդու առողջության համար ռիսկերի գնահատման համար;
- մոլեկուլային մակաբուծաբանության գիտական խումբ՝ մակաբուծային,  վիրուսային և բակտերիոլոգիական հիվանդությունների և հարուցիչների  ուսումնասիրության համար:
   Կատարվել է Սևանա լճի խորջրյա հատվածներ ջրաբանական, ջրաքիմիական և  օդերևութաբանական ամենամսյա տվյալների հավաքագրում և վերլուծություն:  Մշակվել է ջերմային ռեժիմի գնահատման  միաչափ մոդել, որի միջոցով գնահատվել  է լճի ջրի ջերմաստիճանի ուղղահայաց վերջին 10 տարիների դինամիկան:
   Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ
   Հայաստանի ֆլորայի կենսակարգաբանական ուսումնասիրությունների  արդյունքում հայտնաբերվել են Հայաստանի համար, ինչպես նաև Կովկասի ֆլորայի  համար նոր տեսակներ:
 Ֆրանկֆուրտ-Մայն քաղաքի Սենկենբերգի անվան  հնէաբանական ինստիտուտ-թանգարանի հետ համատեղ իրականացվել են  հնէաբուսաբանական գիտահետազոտական աշխատանքներ Գերմանիայում և Հայաստանում։  
 Մեծ Բրիտանիայի Քյու Թագավորական բուսաբանական այգիների հետ համատեղ  ծրագրի շրջանակում կատարվել է Հայաստանի ֆլորայի հազվադեպ բուսատեսակների  հավաք: 
 
   Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
 
     Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը դիմել է ՀՀ  պաշտպանության նախարարություն՝ ՀՀ     Բանակը համեմունքային բույսերի և  թեյաբույսերի բուսահումքով ապահովելու նպատակով: Ինստիտուտը ստացել է  պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետից, որի համաձայն նմուշները  շուտով կենթարկվեն համապատասխան փորձաքննության, այնուհետև կփոխանցվեն  անձնակազմին: 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ձեռք է բերվել  պայմանավորվածություն՝ մի շարք բույսերի բացօթյա հիդրոպոնիկ եղանակով  արտադրության և ջերմատան կառուցման ծրագրեր ներկայացնելու մասին:
   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մշակել և ՀՀ կառավարություն է  ներկայացրել «Հայկական գենոմ» նախագիծը: Ինստիտուտի կենսաինֆորմատիկայի  խումբն իրականացնում է գիտատեխնիկական ծառայությունների մատուցում, որից  ստացված հասույթն այս տարի կկրկնապատկվի:
   Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ
   Հաստավել է գալարմինի հակաքաղցկեղային ազդեցությունը in vitro  պայմաններում Էռլիխի ասցիտային կարցինոմայով վարակված մկների քաղցկեղային  բջիջների կախութային կուլտուրայի վրա: Կատարվել են ուսումնասիրություններ  գալարմինի տարբեր չափաբաժինների ազդեցության ներքո գտնվող մկների  քաղցկեղային բջիջների վրա:
   Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
   Թունաբանական հետազոտությունների արդյունքում  պատրաստ է գյուրզայի հակաթույնի պրոտոտիպը:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.03.2019թ.