Սույն թվականի մայիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  (ԳԱԱ) և Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտեի համալսարանի (ԲՖԿՀ) միջև  ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ  նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ԲՖԿՀ-ի պրեզիդենտ պրոֆեսոր  Նիկոլյա Շայեն:
   Նախատեսվում է ընդլայնել ու խորացնել  համագործակցությունը քվանտային օպտիկայի, ատոմային ֆիզիկայի, ֆոտանիկայի,  օպտոէլեկտրոնիկայի, նանոկառուցվածքավորված նյութերի, զուգահեռ և բարձր  արտադրողականության հաշվարկային համակարգերի, ավտոմատացման և այլ  ուղղություններով:

    «Ֆրանսիայի հետ մեր գիտական կապերը շատ հին են: Հիմնական  համագործակցությունն իրականացվում է անկախության տարիներից:  Ֆրանսիական  գիտակրթական կառույցների հետ մենք համագործակցում ենք ֆիզիկայի,  ինֆորմատիկայի, հնագիտության, երկրաբանության ոլորտներում: Մենք  համագործակցություն ունեցել ենք և գիտական, և կադրերի պատրաստման  առումով»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ  Մարտիրոսյանը: 
   ԲՖԿՀ-ի պրեզիդենտ պրոֆեսոր Նիկոլյա Շայեն ներկաներին  ծանոթացրեց ԲՖԿՀ-ի գործունեությանը, գիտահետազոտական ուղղություններին, այն  հնարավորություններին, որոնք կօժանդակեն հետագա համագործակցության  խորացման և նոր ուղղություններով համատեղ կիրառական հետազոտությունների  անցկացման համար:

    Համատեղ աշխատանքների հնարավորությունները ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական  հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ  Պապոյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  Գիտական հաշվարկների կենտրոնի ղեկավար Հրաչ Ասցատրյանը:
   ԲՖԿՀ-ն  ստեղծվել է Բուրգունդիայի և Ֆրանշ-Կոմտեի ռեգիոնների 7 համալսարանների ու  գիտակրթական կենտրոնների միավորումով: Այսօր այն Ֆրանսիայի խոշորագույն  համալսարաններից է՝ շուրջ 60 000 ուսանողով, 54 գիտական լաբորատորիայով և 9  000 աշխատակցով։ ՀՀ ԳԱԱ-ն ԲՖԿՀ-ի հետ համագործակցում է շուրջ 10 տարի: 
Ամբողջական լուսանկարների շարքը կարող եք տեսնել այստեղ:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   08.05.2018թ.