Diaspora Department presents
Garegin Markarian

Dr., professor

    Ռադիոկապի ոլորտում գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գարեգին Մարկարյանը ծնվել է 1954թ. հունիսի 5-ին Վրաստանի Բաթումի քաղաքում: Տատիկը և պապիկը Թուրքիայից գաղթած հայեր էին, որոնք ծանոթացել էին մանկատանը և 14-15 տարեկանում ամուսնացել:    Գարեգին Մարկարյանն առաջինն էր ընտանիքում, որ ստացել է բարձրագույն կրթություն: Թեև ո՛չ տատիկն ու պապիկը, ոչ էլ ծնողները բարձրագույն կթրություն չէին ստացել, բայց նրանք բոլորը մի բանում համոզված էին՝ Գարեգինը պետք է ստանար բարձրագույն կրթություն, ինչի համար էլ ստեղծում էին բարենպաստ պայմաններ:  Նրան անգամ ստիպում էին պատանի Գարեգինին հաճախել երաժշտական դպրոց, որպեսզի վերջինս դառնար բազմակողմանի զարգացած երիտասարդ: 

    Գերազանցությամբ ավարտելով Բաթումիի թիվ 5-րդ միջնակարգ մաթեմատիկական ուղության դպրոցը, Գարեգինը ցանկություն է հայտնում շարունակել կրթությունը Մոսկվայում՝ Ֆիզիկատեխնիկական համալսարանում, մասնագիտանալով տիեզերքի ուսումնասիրության մեջ, սակայն նա մրցույթից դուրս մնաց:

    1971թ. Գարեգինն ընդունվեց Օդեսայի համալսարանի Ռադիոկապ և հեռուստատեսություն բաժինը, որն էլ ավարտեց 1976թ. գերազանցությամբ: Համալսարանում Գարեգինը ունեցավ դասախոսներ, որոնք ամբողջովին փոխեցին նրա աշխարհայացքը: Առաջիններից մեկը Լև Ալեքսանդր Յուլևիչն էր, ով հետագայում դառնում է իր գիտական ղեկավարը:  

    Բուհ-ն ավարտելուց հետո Գարեգինին՝ իբրև խոստումնալից գիտնականի, առաջարկեցին մնալ և շարունակել կրթությունն ասպիրանտուրայում, թեև Գարեգինն այլ ծրագրեր ուներ: Նա հստակ գիտեր, որ ցանկանում է աշխատել, այն էլ՝ Հայաստանում: Նա ծնվել էր Վրաստանում, կրթություն ստացել Ուկրաինայում, սակայն ցանկանում էր աշխատել Հայաստանոմ:

    1976 թ. Գարեգինը ժամանեց Երևան և աշխատանքի անցավ հեռուստատեսային կայանում, որտեղ աշխատեց մեկ տարի՝ հսկելով Հայաստանի բոլոր հեռուստատեսային աշտարակների աշխատանքները: 1977թ. նա կրկին հանդիպեց իր դասախոսին՝ Լև Ալեքսանդր Յուլևիչին, ով նորից առաջարկեց կրթությունը շարունակել ասպիրանտուրայում: Այս անգամ Գարեգինը համաձայնվեց և 1979թ. մեկնեց Օդեսա՝ շարունակելու գիտական ուղին և մի քանի տարի անց պաշտպանեց գիտական ատենախոսությունը, որը վերաբերում էր կապի թվայնացման համակարգին:

    Գիտական աստիճանը ստանալուն պես նա առաջարկ ստացավ աշխատելու համալսարանում: Հենց այս ժամանակ էր, որ Գարեգինը հանդիպեց  իր երկրորդ կեսին՝ Կարինե Ադբաշյանին, որը Կիևում ուսանողուհի էր, և կես տարի անց նրանք որոշեցին ամուսնանալ: Այս ընթացքում Գարեգինի կյանքում տեղի ունեցավ կարևոր իրադարձություններ, որոնք կանխորոշեցին նրա ողջ գիտական հետագա ուղին: Երիտասարդ ամուսինները որոշեցին այցելության գալ Կարինեի ծնողներին և այդ այցելության ժամանակ հանդիպեցին և ծանոթացան ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ, որն առաջարկեց Գարեգինին գալ Հայաստան, քանզի այստեղ է նրա իրական տեղը: Գարեգինը երկար չմտածեց և համաձայնվեց թողնել Օդեսայում հեռանկարային աշխատանքը և ժամանեց Հայաստան՝ աշխատանքի անցնելով ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում: Քանի որ ինստիտուտում ռադիոկապի ուղղությունն այնքան էլ զարգացած չէր, Ռ. Մարտիրոսյանը երիտասարդ, սակայն գիտության մեջ արդեն իր ուրույն խոսքն ասած Գարեգինին,  կարելի է ասել, տվեց քարտ բլանշ, որպեսզի վերջինս ոտքի հանի այդ ուղղությունը: Ռ. Մարտիրոսյանը Գարեգինի առաջ մի պահանջ էլ էր դրել՝ ներգրավել այդ աշխատանքներում առաջին հերթին երիտասարդ կադրերի: Գարեգինը դիմեց Պոլիտեխնիկ ինստիտուտ, որպեսզի իրեն դասաժամեր տան, անգամ պատրաստ էր անվճար աշխատել. նպատակը մեկն էր՝ հավաքել լավագույն ուսանողներին: Կարճ ժամանակահատվածում նա հավաքեց մասնագետների մի լուրջ խումբ, որը բաղկացած էր լավագույն ուսանողներից և կայացած գիտնականներից: Այնուհետև, սկսեց համագործակցել Գիտությունների ակադեմիայի Հաշվողական կենտրոնի աշխատակիցներ Գ. Վարշամովի, Յու. Շուքուրյանի հետ: 

    Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում ամբողջ թափով ընթանում էր «Վերակառուցման/ պերեստրոյկա» Գորբաչովյան ծրագիրը, և երկաթյա վարագույրը աստիճանաբար զիջում էր իր տեղը: Շուտով Գարեգին Մարկարյանին տեղեկացնում են, որ Մեծ Բրիտանիայից ժամանել են մասնագետներ և ցանկություն ունեն իրականացնել փորձի փոխանակում հենց այդ ոլորտում: Այդ հանդիպումները, քննարկումները 1988-89թթ. պարբերական բնույթ կրեցին, որի արդյուքնում սկզբից Դիլիջանում իրականացրեցին գիտական սիմպոզիում, որին մասնակցեցին ավելի քան 30  գիտնական և այնուհետև՝ մեկ տարի անց, կազմակերպվեց առաջին միջազգային հայ-անգլիական գիտական սիմպոզիումը Շոտլանդիայում, որին մասնակցեցին 15 գիտնական Հայաստանից:

    1980-ականների վերջերին, երբ Հայաստանում սկսվեցին ծանր ժամանակներ, Գարեգին Մարկարյանն աշխատանքային հրավեր ստացավ անգլիացի իր գործընկերներից, մեկնելու և շարունակելու համագործակցությունը հենց այնտեղ: Կես տարի անց Գարեգինը տվեց իր համաձայնությունը և կնոջ ու երկու փոքրիկ աղջիկների հետ միասին մեկ տարով մեկնեցին Մեծ Բրիտանիա: Սակայն մեկ տարի անց Խորհրդային Միությունը քայքայվեց, իսկ Գարեգին Մարկարյանն էլ աշխատանքային պայմանագրի երկարաձգման առաջարկ ստացավ Լանկաստերի համալսարանից, ինչպես նաև նրան տրամադրվեց բնակարան: Մարգարյանների ընտանիքը որոշեց ևս մի քանի տարի մնալ Մեծ Բրիտանիայում, ետ վերադառնալու հույսով: Նրա ջանքերով Լանկաստերի համալսարանում հիմնվեց կապի համակարգերի բաժինը, որը և մինչև 2013 թ. գլխավորում էր Գարեգին Մարկարյանը: 

    1997 թ. Գարեգին Մարկարյանը տպագրեց իր մենագրությունը, որի համար արժանացավ Մեծ Բրիտանիայում պրոֆեսորի կոչման: Ընդհանուր առմամբ, Գարեգին Մարկարյանի հրատարակած գիտական աշխատությունների թիվն այսօր անցնում է 500-ը, որտեղ մեծ թիվ են կազմում հատկապես ցիտվող ամսագրերում տպագրված հոդվածները:Գարեգին Մարկարյանը նաև զբաղվում է գիտական կադրերի պատրաստման ծանր և պատասխանատու գործով, նա Երևանում ղեկավարել է 4 գիտական աշխատություն, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 30-ից ավելին: Այս պահին Գարեգին Մարկարյանը Մեծ Բրիտանիայի Լանկաստերի համալսարանում հետազոտական խմբի ղեկավար է, համալսարանի պրոֆեսոր և անլար լայնաշերտ տեխնոլոգիաներում արդյունաբերական համագործակցության կենտրոնի տնօրեն:

    Այդ տարիներին նա ստեղծեց Ռենկոմ ընկերությունը, (որի անվանումը Գարեգինի աղջիկների անունների հապավումն է) և այդ ընկերությունում աշխատում են շուրջ 40 աշխատակիցներ, այն իր մասնաճյուղերն ունի Մոսկվայում և Սինգապուրում և նպատակ ունի դրա մասնաճյուղը բացել Հայաստանում: Նրա աղջիկները՝ Ռիփսիմեն և Նինան նախընտրեցին գնալ իրենց ուղով և երկուսն էլ այսօր Մեծ Բրիտանիայում առաջնակարգ բժիշկներ են: 
Հատկանշական է, որ Գարեգինը աշխատանքներ է իրականացրել նաև Մեծ Բրիտանիայի կառավարության հետ՝ հիմնականում անվտանգության պահպանման ուղղությամբ, և 2013 թ. Ռենկոմ ընկերությունն արժանացավ Մեծ Բրիտանիայի թերևս ամենաբարձր պարգևին՝ Թագուհու պարգևին, որով ընդունվում էր ընկերության մատուցած ծառայությունների խիստ կարևորությունը: 

    Հաշվի առնելով  Գարեգին Մարկարյանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը և Հայաստանի գիտական կառույցների հետ սերտ համագործակցության բարձր ակտիվությունը՝ 2011թ. ՀՀ ԳԱԱ-ն նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ: 

    Գարեգին Մարկարյանը 2012թ. ՀՀ ԳԱԱ-ում երիտասարդ գիտնականների համար սահմանեց խրախուսական մրցանակ, որը տրամադրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում իրականացված լավագույն հետազոտության համար: Մինչև այսօր էլ Գարեգին Մարկարյանն իր նպատակն է համարում զարգացնել ՀՀ-ում  հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը և, առաջին հերթին, ներգրավվել գիտության այդ ճյուղում երիտասարդ և բանիմաց գիտնականներին:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար