News
05/10/2017
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունները ստորագրեցին համաձայնագրեր

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունները ստորագրեցին համաձայնագրեր թվային միջավայրում համագործակցության մասին  Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման  պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը համագործակցության  համաձայնագրեր ստորագրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:

20171005_3.jpg
    Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը,  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիմոն Պապյանը, ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման  պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Սահակյանը, ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ոլորտի մասնագետներ:Համագործակցության  համաձայնագրերը նախատեսում են համատեղ գիտատեխնիկական ներուժի միջոցով իրականացնել հետազոտական ծրագրերի արդյունքների ներդրումը, ստեղծել ընդհանուր հաշվողական միջավայր, նախագծել և ներդնել ժամանակակից հաշվողական մոդելներ, թվայնացնել բազմաթիվ դիտարկումների տվյալներ, զարգացնել ծառայությունների ավտոմատ կառավարման համակարգեր։   

20171005_1.jpg
    «Մենք հնարավորություն ունենք մեր հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնելու և մեր արդյունքները հասցնելու ժամանակակից որակի»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:«Կարևոր է համաձայնագիր ունենալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ և  համագործակցել ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ միջազգային դրամաշնորհներին ակադեմիայի ուղիղ ներգրավմամբ: Մեր նպատակն է ունենալ հզոր համակարգ, որը շրջակա միջավայրի բոլոր կոմպոնենտների մասով կիրականացնի մոնիթորինգ և կտա կանխատեսումներ»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մեզ պետք է գերհզոր համակարգիչներ տեղակայել Հայաստանում, որպեսզի մենք հետ չընկնենք աշխարհի ժամանակակից գործընթացներից հատկապես կանխատեսումների և վաղ ազդարարման համակարգերի տեսանկյունից»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:Համագործակցության շրջանակներում նախատեսվող գործունեությունը ներկայացրեց  ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման  պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Սահակյանը: 

20171005_4.jpg

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիմոն Պապյանը նշեցին մի շարք  խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել գերհզոր հաշվողական համակարգերի միջոցով: Համաձայնագրով ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը կտրամադրի իր բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրսները, տվյալների պահոցներ, անհրաժեշտ ծրագրային ապահովումը եղանակի  կանխատեսման համար` առավել արդյունավետ դարձնելու բնապահպանական կառավարումը: Հիդրոօդերևութաբանության, կլիմայագիտության բնագավառներում կիրականացվեն հետազոտական և կիրառական աշխատանքներ աղետների ռիսկերի մեղղման ուղղությամբ։


ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
05.10.2017թ.