Նորություններ
20/09/2017
ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը նշում է հիմնադրման 70-ամյա հոբելյանը

Սեպտեմբերի 22-ին` ժամը 10:00-ին, Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան, Նորագյուղ 108), կմեկնարկի «Բույսերի անհող /հիդրոպոնիկ/ և հյուսվածքային in vitro մշակույթների ժամանակակից հիմնախնդիրները» 6-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված  Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի հոբելյանին:

Գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նոր Զելանդիայից ժամանած գիտնականները հայ գործընկերների հետ միասին հանդես կգան զեկուցումներով` նվիրված օրգանական, ջերմատնային հիդրոպոնիկային, հիդրոպոնիկայի պայմաններում բույսերի արդյունավետության բարձրացմանը, հիդրոպոնիկայում բույսերի ագրոքիմիական, ֆիզիոլոգիակենսաքիմիական և դեղաքիմիական առանձնահատկություններին, անհող միջավայր բույսերի ներմուծմանը, կենսաբազմազանությանը, հիդրոպոնիկայի ինժեներական, բնապահպանական հիմնախնդիրներին: 

ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի հիմնական ձեռբերումների թվում են` թանկարժեք և փոքրատոննաժ մշակաբույսերի անհող արտադրության կենսատեխնոլոգիաների մշակումները, որոշ դեղատու, եթերայուղատու և ներկատու մշակաբույսերի արդյունավետության բարձրացման մաթեմատիկական մոդելների ստեղծումը, Էկոլոգիապես մաքուր ու որակյալ բուսահումքի կուտակմամբ բերքատվության աճը,  ջրի և աշխատանքային ծախսերի կրճատում: 

Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, Երևանի պետական համալսարանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
20.09.2017թ.