Новости
11/07/2017
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ստորագրեց Համագործակցության համաձայնագիր

    Հունիսի 28-ին` Մոսկվայում, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախագահ ակադեմիկոս Ալեքսանդր Դինկինը ստորագրեցին Համագործակցության համաձայանգիր:  «Համաձայնագիրը նախատեսում է լայն համագործակցություն ինստիտուտների միջև ամենատարբեր բնագավառներում` գիտական կոնֆերանսների, կլոր սեղանների կազմակերպում, համատեղ հրատարակություններ, երիտասարդ գիտնականների փոխանակում և այլն: 
    Այս համաձայնագիրը հնարավորություն կտա, որ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտն   ավելի խորը ներգրավվի համաշխարհային քաղաքականության ուսումնասիրության բնագավառում: Սա շատ կարևոր է հատկապես աշխարհաքաղաքական զարգացումների առումով այս փուլում, երբ տեսնում ենք միջազգային իրադրության սրումը, մասնավորապես, Մերձավոր Արևելքում: Սա հղի է տարբեր վտանգավոր հետևանքներով մեր երկրի համար: Դրա համար շատ կարևոր է, որ մենք մեր ձեռքը պահենք գլոբալ և տարածաշրջանային զարգացումների զարկերակի վրա»,- ասաց  Ռուբեն Սաֆրաստյանը:

20170711-2.jpg
    Մոսկվա կատարած այցի շրջանակներում ակադեմիկոս Ռուբեն Սաֆրասյանը հանդես է եկել «Հայկական Սփյուռքը որպես աշխարհաքաղաքական գործոն» զեկուցմամբ ՌԳԱ  Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում: «Մենք սովորաբար Սփյուռքն ուսումնասիրում ենք որպես տնտեսական, քաղաքական գործոն, մշակութային, գաղափարական գործոն: Ես իմ զեկուցման մեջ Սփյուռքը փորձել էի դիտարկել մի այնպիսի երևույթ, որն ունենում է ազդեցություն ոչ միայն այն երկրի քաղաքականության վրա, որտեղ ինքը գործում է, ոչ միայն Հայաստանի վրա, որին օգնում է, այլ նաև տարածաշրջանային»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

20170711-1.jpg
    Ռուբեն Սաֆրաստյանը մասնակցել է նաև Պրիմակովյան երկրորդ ընթերցումներին, որտեղ արդի քաղաքական թեմաների վերաբերյալ վերլուծություններ և գնահատականներ են ներկայացրել հայտնի քաղաքական գործիչները: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ նախկին պետքարտուղար, հայտնի դիվանագետ և պետական գործիչ Հենրի Քիսինջերը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախկին ֆինանսների  նախարար և փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը, 30 երկրներից ժամանած առաջատար մասնագետներ: Հիմնականում ուշադրություն է դարձվել ռուս-ամերիկյան հարաբերություններին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
11.07.2017թ.