Նորություններ
24/05/2023
Լիլիթ Սահակյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի մայիսի  24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը: 

Լիլիթ Սահակյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնական գիտական ուղղությունները, իրականացվող գիտական և կրթական ծրագրերը և զարգացման ռազմավարությունը։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, սննդի անվտանգության, գյուղատնտեսության բնագավառներում՝ նորագույն հեռազննման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: 

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կրթական բաղադրիչն ուղղված է մագիստրական, ասպիրանտական և ոչ ֆորմալ կրթության իրականացմանը:

Կենտրոնի զարգացման պլանով նախատեսվում է․

  • Հիմնարար և կիրառական, միջդիսցիպլինար հետազոտություններ, նոր ուղղությունների զարգացում, ընդլայնում
  • Կառավարման էլեկտրոնային համակարգի անցում
  • Նյութատեխնիկական բազայի ամրապնդում՝ ներառյալ հատկապես լաբորատարիայի վերազինումը 
  • Գիտակրթական գործունեություն և կադրերի որակավորման բարձրացում, կրթական բաղադրիչի զարգացում
  • Միջազգային ինտեգրում և ինովացիոն, տնտեսական գործունեություն
  • Քիմիական լաբորատորիայի վերազինում, վերակառուցում՝ հավատարմագրման վերականգնում՝ լրացուցիչ տարածքի հարցի լուծում
  • Գիտաչափական արդյունավետության աճի տեմպերի պահպանում
  • Գիտության հասարակայնության մակարդակի բարձրացում, նոր կայքի ստեղծում
  • Սոցիալական ծրագրերի ակտիվացում
  • Կենտրոնի անվանափոխություն հիմնադիր տնօրեն՝ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի անունով։

Լիլիթ Սահակյանը ծնվել է 1979 թ․՝ Երևանում: Սովորել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում: 2008թ․ ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի աստիճան:

Լիլիթ Սահակյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունը շրջակա միջավայրի երկրաքիմիան է, որի շրջանակներում հեղինակել է 130 գիտական աշխատություն, որոնցից 5-ը՝ կոլեկտիվ մենագրություն, 3-ը՝ գիտամեթոդական ձեռնարկ և 80-ը՝ հոդված, այդ թվում՝ միջազգային բարձր հեղինակություն ունեցող հղման բարձր ինդեքսով ամսագրերում: Ունի սկոպուսյան հղման h-index 20:

1999թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։ 2019-2020թթ. եղել է Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ 2020-2023թթ․` տնօրենը: 

2010 թ-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն» առարկաները: 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ամբիոնի վարիչն է: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.05.2023թ.