Նորություններ
19/05/2023
Մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ-ում հանդիպեց քիմիայի Մենդելեևյան միջազգային 57-րդ օլիմպիադայի հաղթողներին և դպրոցականների

Սույն թվականի մայիսի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողներին և բազմաթիվ դպրոցականների Երևանից և ՀՀ մարզերից։ Պատանի սերնդի ներկայացուցիչներին հանդիպեց հայազգի մեծանուն գիտնական, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։ Նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի 10 նոր տարրեր: Յուրի Հովհաննիսյանի պատվին է կոչվել քիմիական տարրերի պարբերական համակարգի 118-րդ տարրը՝ «Օգանեսոն»։

«Այսօր պատմական օր է, որովհետև Յուրի Հովհաննիսյանը պատմություն է, ում շնորհիվ Մենդելեևի աղյուսակում հայտնվեց հայկական ծագման անվամբ տարր՝ «Օգանեսոն», և մենք՝ բոլորս, այդ պատմության մի մասն ենք կազմում», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ 

Նա նշեց, որ Յուրի Հովհաննիսյանը մշտապես կապ է պահում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, որտեղ էլ վերջերս միջազգային գիտաժողովով նշանավորվեց մեծանուն գիտնականի 90-ամյակը։

Յուրի Հովհաննիսյանը հանդես եկավ զեկուցմամբ՝ ներկայացնելով գերծանր տարրերի բնույթը, պատմեց դրանց սինթեզի մասին, ներկայացրեց գերծանր տարրերի ուսումնասիրության հեռանկարները։ Պատասխանելով դպրոցականների բազմաթիվ հարցերին՝ նա պատմեց, թե ինչպես է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ համարի տարրը ստացել «Օգանեսոն» անվանումը։ «Մինչ այդ առաջարկվող անվանումները մերժվեցին։ Վերջում ասացին՝ այս մարդն ամեն ինչ արել է, եկեք իր անունով էլ անվանենք», - վերհիշեց Յուրի Հովհաննիսյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Յուրի Հովհաննիսյանը շնորհավորեցին «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր, Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանին և բրոնզե մեդալակիր, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանին՝ հանձնելով նրանց գովասանագրեր և նվերներ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19․05․2023թ.