Նորություններ
10/04/2023
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում ստեղծվել է համագործակցության նոր հարթակ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտը համագործակցության է հրավիրում տարբեր ոլորտներում գործող ընկերությունների՝ առաջարկելով իր աջակցությունը մաթեմատիկական խնդիրների լուծման գործում։

Այս նպատակով ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում ստեղծվել է համագործակցության հարթակ, որի շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի ապրիլի 6-ին։ Հարթակը ստեղծված է ինստիտուտի պաշտոնական կայքում:

Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը, ինստիտուտի գիտաշխատողներ, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներ։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ԳԱԱ-ում ստեղծվել է գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման հարթակ, որի նպատակն է ձևավորել ստեղծագործական միջավայր կիրառական նշանակություն ունեցող ծրագրեր գեներացնելու համար։ «Մենք պետք է մասնավոր ընկերությունների հետ քննարկենք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել մեր պետությանը և տնտեսությանը։ Մենք պետք է գիտությունն աստիճանաբար տանենք դեպի կիրառություն, արտադրողներին կապենք գիտնականների հետ։ Եկեք համագործակցենք և օգնենք միմյանց իրագործել մեր նպատակներն ու գաղափարները», - ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշեց․ «Պետության զարգացման հիմնական գրավականը տնտեսության և գիտության համագործակցությունն է։ Մեր երկրի համար դա այսօր առավել քան կարևոր է, և մենք ուզում ենք օգտակար լինել մեր պետությանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունենք կայացած ձեռնարկություններ։ Բոլորն էլ ուզում են ունենալ մրցունակ տեխնոլոգիաներ, որը ենթադրում է գիտական բաղադրիչ, և շատ հաճախ այդ բաղադրիչը մաթեմատիկական խնդիրներն են, մաթեմատիկական վերլուծությունները։

Մենք պետք է ունենանք ուղիղ ճանապարհ դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Մեր մեջ պետք է սկսվի երկխոսություն, ինչն էլ ակնկալում ենք այս հարթակի միջոցով։ Մնալով հիմնարար հետազոտություններում՝ պետք է օգտակար լինենք կիրառականում։ Մեր նպատակներից է նաև ստեղծել հնարավորություններ երիտասարդներին դեպի գիտություն, ինստիտուտներ բերելու համար», - ասաց Ռաֆիկ Արամյանը։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր առաջարկություններ համագործակցության  ուղղությունների վերաբերյալ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.04.2023թ.