News
01/11/2022
Հայերենագիտական գիտաժողով՝ նվիրված նշանավոր հայերենագետներ Ռաֆայել Իշխանյանի և Աշոտ Սուքիասյանի 100-ամյա հոբելյաններին

Սույն թվականի հոկտեմբերի 13-14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հայերենագիտական գիտաժողով՝ նվիրված նշանավոր հայերենագետներ Ռաֆայել Իշխանյանի և Աշոտ Սուքիասյանի 100-ամյա հոբելյաններին: Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասաակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ընդգծեց հայագիտության երախտավորներին նվիրված միջոցառումների կարևորությունը, գիտնականների երիտասարդ սերնդին հայերենագիտության ձեռքբերումների ըստ արժանվույն ներկայացումը, որը կարող է ամուր հիմք լինել ոլորտի զարգացման և առաջընթացի համար՝ զուգորդվելով լեզվաբանական ուսումնասիրությունների նորագույն ուղղությունների և եղանակների հետ: Գիտնականների վաստակին անդրադարձան և հուշեր պատմեցին «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, Ռաֆայել Իշխանյանին և Աշոտ Սուքիասյանին աշակերտած, նաև նրանց գործընկերը դարձած գիտաշխատողներ: 

Լայն ու ընդգրկուն էր գիտաժողովի թեմատիկան. հնչեցին ժամանակակից գրական հայերենի (արևելահայերեն և արևմտահայերեն) քերականական համակարգին (հատկապես շարահյուսությանը), բառապաշարին (նորակազմ բառեր, դարձվածքներ, փոխառություններ, բառարաններ), տառադարձության հարցերին, առանձին բառերի ստուգաբանությանը, արևմտահայերենի պահպանության խնդիրներին նվիրված զեկուցումներ, անդրադարձ եղավ Աստվածաշնչի լեզվի որոշ իրողությունների՝ մեկնաբանություններում օգտագործելով հունարեն բնագրերի տվյալները:
 
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ