Նորություններ
24/10/2022
«Քիմիան Հայաստանում» հայ-ռուսական գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Քիմիան Հայաստանում» հայ-ռուսական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին: 

Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականներ, այդ թվում՝ անվանի քիմիկոս, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար Վալենտին Անանիկովը:

 

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին: «‎Այսօր առավել քան երբևէ պահանջված է համագործակցությունը մեր երկրների գիտնականների միջև: ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 15 տարի առաջ ակադեմիայի երկու խոշոր ինստիտուտների հզոր բազայի վրա՝ օրգանական քիմիայի և նուրբ օրգանական քիմիայի: Ներկայում կենտրոնն ապրում է բարդ ժամանակներ, կենտրոնի ենթակառուցվածքները գտնվում են հարևան ընկերությունների ճնշման տակ: Կենտրոնի անձնակազմը համառորեն կանգնած է, և հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի: Այդ կենտրոնը մեր ակադեմիայի կարևորագույն օղակներից մեկն է, և այն մեծ ներդրում ունի տալու մեր տնտեսությանը», - ասաց նա:

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Վալենտին Անանիկովը և ասաց. «‎Մենք շատ հպարտ ենք, որ Աշոտ Սերոբովիչն այս տարի ընտրվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: Ռուս գիտնակաների համար դա մեծ պատիվ է, որ աշխարհի բոլոր երկրների կողմից ճանաչված առաջատար գիտնականները միանում են և վերակենդանացնում այն ավանդույթը, որը մենք ունեինք: Մեր գիտնակաների միջև միշտ եղել են սերտ կապեր, և դա մեր համատեղ ձեռքբերումն է: Մենք հիմա նորովի ենք արժևորում մեր գիտական դպրոցների կապերը: Մեզ պետք են նպատակային ծրագրեր՝ գիտնականների փոխանակում, վերապատրաստում, նպատակային ասպիրանտուրա: Նման ծրագրեր անպայման կիրագործվեն, մենք մեր կողմից կներդնենք առավելագույն ջանքեր: Առաջիկա օրերին Հայաստանում եմ և ուրախ կլինեմ ստանալ համագործակցության առաջարկներ տեղի գիտնականներից»:

Գիտաժողովին պլենար զեկուցմամբ հանդես եկան ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Տերենտևը՝ «Օրգանական պերօքսիդներ. ստացման և գործնական կիրառման եղանակները» թեմայով և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գևորգ Դանագուլյանը՝ «Կենսաբանորեն ակտիվ համակարգերի ոչ պարզունակ սինթեզ՝ նուկլեոֆիլների և ազիների պարզունակ փոխազդեցությամբ» թեմայով: Ներկայացվեցին նաև գիտական զեկուցումներ՝ «Նոր տեխնոլոգիաների ֆիզիկաքիմիական հիմունքները» թեմայի վերաբերյալ:

Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 25-ին՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, որտեղ կներկայացվեն գիտական զեկուցումներ «Ժամանակակից թվային տեխնոլոգիաներ կենսաբանության, բժշկության և քիմիայի մեջ» և «Հետերոցիկլիկ քիմիա և դեղամիջոցների ձևավորում» թեմաներով:

Հոկտեմբերի 26-ին գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Այստեղ կներկայացվեն «Օրգանական սինթեզ և արդիական կիրառություններ» և «Սուպրամոլեկուլային քիմիա և բժշկական քիմիա» թեմաներին նվիրված գիտական զեկուցումներ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.10.2022թ.