Նորություններ
06/10/2022
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվում է «Շրջակա միջավայրի պահպանությանհետբուհական նորարարական կրթություն. մեթոդներ և գործիքներ» գիտաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 5-7-ին Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվում է «Շրջակա միջավայրի պահպանության հետբուհական նորարարական կրթություն. մեթոդներ և գործիքներ» գիտաժողովը: Այն ամփոփում է «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» (MENVIPRO) կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի արդյունքները: Գիտաժողովի ընթացքում ներկայացվում են Հայաստանում և Վրաստանում հետբուհական նորարարական բնապահպանական կրթության զարգացման ներկա պահանջները, Եվրոպական միության գործընկերների՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի լավագույն փորձը:

Գիտաժողովի մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ-ադրբեջանական պատերազմի զոհերի, ինչպես նաև Ծրագրի գաղափարը գեներացնողի՝ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի և կենտրոնի գիտաշխատող Գարեգին Տեփանոսյանի հիշատակը: 

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն ասաց. «Ես գիտաժողովը շատ եմ կարևորում ոչ միայն նրա համար, որ մենք ավարտում ենք ծրագիրը և ուզում ենք ներկայացնել արդյունքները, այլ այն լայն հնչողությամբ, որ ակնկալում ենք ստանալ, որպեսզի վերջապես կարողանանք շրջակա միջավայրի գիտությունները դե յուրե ֆիքսել Հայաստանի Հանրապետությունում»:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն իր ելույթում նշեց. «Պատահական չէ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համատեղ ամբիոնն այս ծրագրի կարևոր բաղադրիչի և արդյունքների կրողն են, քանի որ ծրագրի շրջանակներում Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական ներուժի կիրառմամբ իրականացվում է հետազոտահեն և գիտահեն կրթություն: Հետազոտական համալսարանի ստեղծման համար Գիտությունների ազգային ակադեմիայում՝ ի դեմս իր Գիտակրթական միջազգային կենտրոնի և գիտական կազմակերպությունների, առկա է մեծ ներուժ: Եվ հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ ներկայում աշխատանքներ են տարվում ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա հետազոտական համալսարան ստեղծելու ուղղությամբ: Այս առումով նմանատիպ ծրագրերի իրականացումը, նման գիտաժողովների անցկացումը նպաստում է այս միասնական գաղափարի իրականացմանը՝ ի սկզբանե դրանք դնելով միջազգային ընդունված մակարդակի վրա»:

Ծրագրի իրականացումը կարևորեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: Նա նշեց, որ Հայաստանում տարիներ շարունակ էկոլոգիան անտեսված է եղել, ինչն առաջացրել է բարդագույն խնդիրներ: «Էկոլոգիական կրթությունը խիստ անհրաժեշտ է բնության պահպանման, էկոլոգիական մտածելակերպի ձևավորման համար», - ընդգծեց Ռուբեն Հարությունյանը: 

MENVIPRO ծրագրի համակարգող Նիկոլո Մերենդինոն նշեց, որ Ծրագիրն օգտակար է եղել ոչ միայն գիտական առումով, այլև՝ մշակութային: «Մենք հանդիպել ենք 3 կամ 4 տարբեր մշակույթներ, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս Ծրագրի կարևոր ասպեկտներից է այն, որր մշակույթը ևս ներգրավված էր ծրագրում», - ասաց Նիկոլո Մերենդինոն:

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշեց. «Կարևորում ենք Ծրագրի շրջանակներում ստեղծված միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիան, որտեղ իրականացվում են ուսանողական համագործակցային տարբեր նախագծեր՝ ելնելով նախագծային ուսուցման սկզբունքներից»:

Հայաստանում Erasmus+ ծրագրի համակարգող Լանա Կառլովան նշեց, որ Էկոլոգիական կրթությանը պետք է շատ ուշադրություն դարձվի: «Մենք երիտասարդ սերնդի կարիք ունենք, որն ունենա հիմնարար գիտելիքներ, պրոֆեսիոնալ կերպով ներգրավվի շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Դուք՝ որպես թիմ, որպես պրոֆեսիոնալներ, պետք է երկրով մեկ տարածեք պրոֆեսիոնալ, հիմնարար կրթություն: Դուք պետք է շատ հետևորդներ ունենաք», - ասաց Լանա Կառլովան:

MENVIPRO ծրագիրը միտված է եղել նպաստելու բնապահպանական կրթության արդիականացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ԲՈՒՀ-երում` փոխանցելով եվրոպական լավագույն փորձը և կիրառելով «Quadruple Helix» սկզբունքները: Ծրագրի գործընկերներն են Տուշայի համալսարանը (Իտալիա), Երկրի էկոհամակարգերի հետազոտական ինստիտուտը, Հետազոտության ազգային խորհուրդը (Իտալիա), Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական ինստիտուտը (Պորտուգալիա), Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանը (Գերմանիա), «Giraf Pm Services Gmbh» ընկերությունը (Գերմանիա), Վրաստանի համալսարանը, Իլիա պետական համալսարանը (Վրաստան), Վրաստանի գիտակրթական ցանցային ասոցիացիան: Հայաստանում MENVIPRO ծրագրի գործընկերներն են ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, Գավառի պետական համալսարանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.10.2022թ.

Լուսանկարներ