Նորություններ
06/10/2022
«Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» կրթական ցուցահանդես՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» երկօրյա կրթական ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայաստանում «‎Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ-ն: Ցուցահանդեսին ներկայացված են ռուսական ԲՈՒՀ-երի կրթական և գիտական ծրագրերը:

Ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «‎Ուշագրավ է, որ այս ցուցահանդեսի համար ընտրվել է հենց Գիտությունների ազգային ակադեմիայի հարթակը, քանի որ հասարակության զարգացման համար անհրաժեշտ է ամրապնդել փոխգործակցությունը երկու բազային սոցիալական ինստիտուտների՝ կրթության և գիտության միջև: Իզուր չէ, որ 2022 թվականի ապրիլին մեր երկու երկրների առաջնորդները քննարկեցին միջոցառումներ՝ ուղղված կրթության, գիտության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը: Այսօրվա միջոցառումը կարևոր քայլ է այդ նպատակին հասնելու համար: Մաղթում եմ բոլորին արդյունավետ և բեղմնավոր աշխատանք», - ասաց Աշոտ Սաղյանը:

«Մեր երկրների միջև փոխգործակցության ծրագրերի լայն շրջանակը, մասնավորապես, ուսանողների փոխանակման ծրագիրը, համագործակցության ընդլայնումը կրթական և գիտատեխնիկական ոլորտներում, միջոցառումների համատեղ իրականացումն առաջնահերթություն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար: Այս ցուցահանդեսն իդեալական հարթակ է մեր սերտ համագործակցության ամրապնդման համար: Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի գործունեության շնորհիվ վերջին տարիներին ավելացել են կրթական և գիտական ծրագրերը, ստեղծվում են նախադրյալներ ԲՈՒՀ-երի և բիզնեսի համագործակցության համար, ինչը կնպաստի մեր երկրների կրթական և գիտական ոլորտների զարգացմանը», - ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

«Առաջին անգամ մեզ հաջողվեց մեկ հարթակում հավաքել 13 ռուսական ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների, ովքեր երկու օրվա ընթացքում կներկայացնեն ռուսական կրթության և գիտության ոլորտների հնարավորությունները Հայաստանի դպրոցականներին և ուսանողներին: Ավելի քան 10 տարի Ռուսաստանի Դաշնությունը «‎Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ծրագրով օտարերկրյա քաղաքացիներին ներկայացնում է անվճար կրթության քվոտաներ: 2021 թվականին 250 հայ ուսանողներ մեկնեցին սովորելու ռուսական ԲՈՒՀ-եր տարբեր ուղղություններով: Ուսանողների փոխանակումը կրթության և գիտության բնագավառում ավելի է մոտեցնում մեր ժողովուրդներին հատկապես մեր երկրների համար այս դժվարին ժամանակներում», - ասաց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:

«Մենք բարձր ենք գնահատում կրթության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական փոխգործակցության մակարդակը, ողջունում ենք ռուս-հայկական համագործակցության ընդլայնումը կրթության ոլորտում: Վստահ եմ, որ այս ցուցահանդեսը կկրի շարունակական բնույթ», - նշեց Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը: Նա ասաց, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից կրթության և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում պետական քաղաքականության իրականացմանը նպաստելու համար մեդալներ շնորհվեցին կրթության ոլորտի մի շարք գործիչների:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.10.2022թ.