Նորություններ
05/10/2022
«Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջան՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/4, 1-ին հարկ) կմեկնարկի «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը: Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:

Նստաշրջանին կմասնակցեն արվեստագետներ, թատերագետներ Հայաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից: Հոկտեմբերի 6-ին կանցկացվի «Արդի հայ թատրոն» նիստը: Նույն  օրը՝ ժամը 20:00-ին, «Արդեան» ցուցասրահում (Աբովյան 1/1) տեղի կունենա Վահան Արծրունու համերգը՝ «Վելվետ» լարային քառյակի և ֆլեյտահար Նարեկ Ավագյանի մասնակցությամբ:

Նստաշրջանը կշարունակվի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դահլիճում: Կանցկացվի «Արդի հայ դրաման» նիստը, որի շրջանակներում տեղի կունենա «Կենտրոնական և արևելյան Եվրոպայի թատերագիտություն» գիտական ամսագրի շնորհանդեսը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05.10.2022թ.