Новости
22/09/2022
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «ՍԴՀԿ 135-ամյակ - ազատագրական պայքարից՝ անկախ պետականություն» գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «ՍԴՀԿ 135-ամյակ - ազատագրական պայքարից՝ անկախ պետականություն» գիտաժողովը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: «Այսօրվա գիտաժողովը սերտորեն կապված է անկախության գաղափարի հետ: Մեզ համար շատ ուրախալի է, որ 135 տարի առաջ կյանքի կոչված հայ ազգային կուսակցություններից մեկը՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, ժամանակի ամենաընդունված, կարևոր քաղաքական գաղափարներից մեկը՝ անկախության գաղափարը, դարձրել է իր գործունեության  հիմնական ուղղությունը: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը խիստ կարևորել է իր ծրագրային փաստաթղթերում անկախության, ազատության գաղափարները, որի համար իր ամբողջ գործունեությունը հատկապես 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին՝ այդ ճակատագրական ժամանակաշրջանում, նվիրել է այդ գաղափարների կյանքի կոչմանը»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

 

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Դանիելյանը հանդես եկավ «Նարոդնկներ-հնչակյաններ գաղափարական առնչություններ» զեկուցմամբ: Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց «Հայաստանի անկախության գաղափարը «Հնչակ» թերթում» զեկուցումը: «Իդեալի և իրականության հակաթեզը ՍԴ Հնչակյան և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների 1890-ական թթ. ծրագրային փաստաթղթերում» զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Խուդինյանը: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Եղիկ Ճերեճեանը հանդես եկավ «Անկախութեան գաղափարին հոլովոյթը Հնչակեան կուսակցութեան մօտ, «Հնչակ»-ի հրատարակութենէն - Հայաստանի Հանրապետութիւն (1887-1920թթ.)» զեկուցմամբ: Հնչակյան գործիչ Ալեքսան Քէօշկերեանը ներկայացրեց «Հնչակեան ծրագիրին մէջ տեղ գտած Հայաստանի Անկախութեան գաղափարին ընկալումը  Օսմանեան Դատարաններուն կողմէ» զեկուցումը: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Հովհաննիսյանը ներկայացրեց «Ազգային պետության հիմնահարցը «Երիտասարդ Հայաստան» պարբերականում (1903-1921թթ.)» զեկուցումը:Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի և ՍԴՀԿ կենտրոնական վարչության կողմից:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.09.2022թ.

Фотогалерея